Վարչական բռնագանձումների արտադատական կարգ է սահմանվել Սահմանադրական դատարանի մայիսի 26-ին ընդունած ՍԴՈ-1210 որոշմամբ: Այսուհետև վարչական մարմինը առանց դատարանի որոշման կարող է տուգանքը բռնագանձելու համար միանգամից դիմել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ եթե մինչ այս լինում էր վարչական ակտ` տուգանք նշանակելու վերաբերյալ, ապա որոշակի ժամկետում (հիմնականում 30 օր)չվճարելու դեպքում տուգանքի չափը մեծանում էր, կրկին չվճարելու դեպքում վարչական մարմինը դիմում էր դատարան, որն էլ քննում էր վճարման կարգադրություն արձակալու հարցը: Հայցը բավարարելուց հետո գումարը բռնագանձելու համար կարգադրությունը կատարում էր ԴԱՀԿ-ը:
«Համապատասխան փոփոխություններից հետո, վարչական մարմինն այլևս չի դիմում դատարան, քանի որ վարչական ակտը անբողոքարկելի է դառնում, որպես կանոն, այն ընդունելուց երկու ամիս հետո: Վարչական մարմինը կարող է դիմել անմիջապես ԴԱՀԿ»,- Արամ Վարդևանյանի հավելեց նաև, որ մինչ այս գործով մեխանիզմը ձևական էր, հաճախ դատարանները նույնիսկ դատական նիստ չէին հրավիրում: Եվ վարչական դատարանների գերբեռնվածության նվազեցման առումով նույնպես այս որոշումը օգտակար է:
Ա. Վարդևանյանի խոսքով, այս որոշմամբ վերահաստատվում է պատշաճ ծանուցման ինստիտուտի կարևորությունը: Եթե նախկինում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի կարգավորումը նախկինում նախատեսում էր հնարավորություն` անձին նույնիսկ փաստացի չծանուցելու դեպքում համարել, որ վերջինս ծանուցվել է, ապա ՍԴ մեկ այլ որոշումից հետո կան որոշակի փոփոխություններ: Մասնավորապես վերոհիշյալ հոդվածի խմբագրված տարբերակում նշվում է.
«… Որոշումը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրել է անձամբ հասցեատերը, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին…»:
« Այսպիսով, Սահմանադրական դատարանն ամրագրել է այն կոնցեպցիան, որ եթե անձին պատշաճ ծանուցում ես, դատական պաշտպանության հնարավորությունը նախատեսում ես, որպեսզի նա ցանկության դեպքում կարողանա դիմել դատարան, ապա այդ դեպքում արտադատական կարգով վարչական բռնագանձումը իրավաչափ է»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նա հավելեց նաև, որ այս կոնցեպցիան իր նախադեպային որոշումներում զարգացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մասնավորապես, « Գասուս Դոսիերը և Ֆոր- դերտեքնիկն ընդդեմ Նիդեռլանդների» գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ օրենքով նախատեսված իրավաչափ պարտավորությունների կատարման համար վարչական միջոցների համաչափ գործադրումը չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքի ոտնահարում կամ սեփականությունից զրկում: Էականը` վարչական միջամտության դեմ դատական բողոք բերելու արդյունավետ միջոցի երաշխավորումն է:
Նշենք նաև, որ Սահմանադրական դատարանը վերոհիշյալ այս որոշումն ընդունել է` գրավոր ընթացակարգով քննելով Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված դիմումը, որով վիճարկվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», օրենքների, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Վարչական դատավարության օրենսգրքերի մի շարք դրույթների սահմանադրականությունը:
Սահմանադրական դատարանն իր որոշմամաբ դրանք ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` ՍԴՈ -1210 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում: