Հնդկաստանում այսուհետ թույլատրվում է համացանցում վիրավորել

Գերմանական Deutshce Welle պարբերականի փոխանցմամբ, Հնդկաստանի գերագույն դատարանը չեղյալ է համարել համացանցում տեղադրվող, վիրավորանք պարունակող մեկնաբանությունները քրեականացնող օրենքը: Համացանցի շատ օգտատերեր տոնել են այս հաղթանակը՝ այն համարելով խոսքի ազատության ոլորտում կարևոր ձեռքբերում:

Վիճահարույց օրենքի համաձայն՝ համացանցում վիրավորական բնույթ ունեցող մեկնաբանություններ տեղադրելը դիտվում էր որպես քրեական հանցագործություն, իսկ ենթադրյալ հանցագործին սպառնում էր մինչև 3 տարվա ազատազրկում կամ էլ վերջինս ստիպված կլիներ տուգանք վճարել:

Մինչ այս, Հնդկաստանի կառավարության մի շարք ներկայացուցիչներ հայտնել էին, որ 2008 թվականին ընդունված օրենքը թույլ կտար պայքարել կիբեր հանցագործությունների դեմ: Նրանք նաև նշել էին, որ օրենքն ամենևին էլ հակասահմանադրական չէ:
Այնուամենայնիվ օրենքի շատ քննադատներ, որոշ փաստարկներ էին բերում՝ ապացուցելով, որ այն նպատակ ուներ սահմանափակելու և ճնշելու քաղաքացիների խոսքի ազատությունը և բազմակարծությունը: Օրինակ՝ երկու ծաղրանկարիչներ, ովքեր իրենց նկարներում ծաղրել էին որոշ պետական գործիչների, պատասխանատվության ենթարկվեցին:

Արդեն երեքշաբթի օրը հրապարակված վճռի համաձայն՝ Հնդկաստանի գերագույն դատարանը 2008 թվականին ընդունված օրենքը հակասահմանադրական և հետևաբար նաև անվավեր ճանաչեց:

Պատրաստեց՝ Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել