Քաղաքացին պետք է իրավունք ունենա անձամբ վճռաբեկ բողոք տանելու` առանց փաստաբանի ներկայացուցչության: Մարտի 3-ին Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1192 որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց Վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի, վարչական գործերով վճռաբեկ բողոք քաղաքացին կարող է ներկայացնել միայն փաստաբանի միջոցով: Իրավաբան.net-ը զրուցեց այս նորմի սահմանադրականությունը վիճարկողներից մեկի` իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ:
–Պարոն Զեյնալյան, ի՞նչ փաստարակներ էիք ներկայացրել` վերոհիշյալ նորմի սահմանադրականությունը վիճարկելիս:
-Այն մասին, որ այդ իրավակարգավորումը հակասում է սահմանադրությանն ու բնական օրենքներին, մենք խոսել ենք ոչ միայն օրենքի ընդունումից հետո, այլև մինչ այդ, նախաձեռնողներին ասել ենք, որ նման բան չանեն: Արեցին, որովհետև չկար երկխոսություն, բանավեճ, և անցկացրեցին այս իրավակարգավորումը դատավարության երեք օրենսգրքերում` վարչական, քաղաքացիական և քրեական:
Փաստարկները հետևյալն էին. կոնկրետ վարչական արդարադատության դեպքում պետական մարմնի ներկայացուցիչը կարող է ոչ միայն փաստաբան, այլ նույնիսկ իրավաբան չլինել` վարչական դատարանում, նաև վճռաբեկ ատյանում կառույցի շահերը ներկայացնելու համար, իսկ քաղաքացին անպայման պիտի փաստաբանի միջոցով իր վճռաբեկ բողոքը տանի: Սա խտրական մոտեցում է:
Մյուս կողմից, ի՞նչ նպատակ ունի փաստաբանի միջոցով բողոք բերելը: Որովհետև պիտի որակո՞վ լինի բողոքը կամ շա՞տ են բողոքները, ռեսուրսներն են քիչ: Իսկ ինչո՞վ են պակաս վերաքննիչ դատարանի արժանիքները, երբ վերաքննիչ բողոք միայն փաստաբանի միջոցով տանելը պարտադիր չէ: Ռեսուրսնե՞րն են ավելի շատ: Ոչ, նույնքան են: Դատական պաշտպանության կամ դատարանի մատչելիության իրավունքը չի կարող այն աստիճանի սահմանափակվել միայն այն պատճառով, որ պետությունը ռեսուրսներ չունի: Պետք է արդյունավետ կառավարում իրականացնել: Խնդիրները պետք է լուծվեն արտադատական կարգով, վարչական մարմիներն այդ վարույթներն իրականացնելիս պետք է այնպես անեն, որ բանը չհասնի դատական վեճին, ինչը Հայաստանում չի արվում:
Որպեսզի աբսուրդն ավելի ակնառու լինի, այսպիսի օրինակ բերեմ. այդ օրենքի հեղինակները, վճռաբեկ դատարանի, սահմանադրական դատարանի դատավորները, եթե գործ ունենային, անձամբ չէին կարողանալու վճռաբեկ բողոք բերել: Իրավաբանական ֆակուլտետի դեկանը, փաստաբաններին ու դատավորներին վերապատրաստող գիտնականը, դասախոսը չէր կարողանալու, ասեմ ավելին` չէր կարող և չի կարողացել վճռաբեկ բողոք բերել փաստաբանն իր գործով, որովհետև ինքն իր գործով փաստաբան չի եղել: Վերադարձրել են բողոքը: Այսինքն, այստեղ որակի խնդիրը չէ, բողոքի որակը ուղիղ համեմատական չէ փաստաբանի արտոնագիր ունենալուն, բոլորովին:
Եվ այս իրավակարգավորումը երկար ժամանակ գործել է (ընդունվել էր 2014-ի հունվարին-հեղ.), մարդկանց դրել են այս իրավիճակում: Այս ընթացքում վճռաբեկ դատարանի աշխատանքն ավելացել է. որոշում էին կայացնում բողոքը վերադարձնելու վերաբերյալ, մարդը նորից էր դիմում, որոշում էին կայացնում` առանց քննության թողնելու վերաբերյալ: Երբ կարող էին մի որոշում կայացնել… Եվ ի վերջո ո՞վ է պատասխան տալու, որ այսքան ռեսուրս վատնվել է:
–Որոշ մասնագետներ նշում են, որ հիշյալ նորմը ինստիտուցիոնալ առումով ընդունելի է, նման իրավակարգավորումներ կան նաև զարգացած երկրներում, սակայն Հայաստանի դեպքում էր վաղ այդ քայլին գնալը:
-Եթե որևէ երկրում հանդիպեք նման իրավակարգավորման, ապա դա հակասում է բնությանը, կապ չունի, թե որ երկրում: Եթե ինչ-որ երկիր դա արել է, չի նշանակում, թե դա լավ է, բնական է: Դա անմարդկային է:
–Վարչական դատավարության այս նորմը հակասահմանադրական ճանաչվեց, սակայն ՍԴ այս որոշումը արդյո՞ք վերաբերելու է մյուս երկու օրենսգրքերի համապատասխան նորմերին:
-Այո, վերաբերելու է: Այո, հակասահմանադրական են մյուս օրենսգրքերի համանման նորմերը: Բայց արդյո՞ք իրավունքը վճռաբեկ դատարանը կիրառելու է անմիջականորեն: Ոչ: Եվ մեզ մոտ դա համակարգային, լրջագույն խնդիր է, որ վճռաբեկ դատարանը զրկված է ինքնուրույնությունից, ուղղակիորեն չի կիրառում ժողովրդի կամքը, սահմանադրությունը, այլ չգիտես ում միջնորդավորված կամքն է կիրառում, որը կարող է չհամընկնել իրավունքի էությանը: Վճռաբեկ դատարանը կարող էր այս խնդիրը լուծել` որոշում ընդունելով, որ մարդը վճռաբեկ դատարան դիմելու իրավունք ունի:
–Ենթադրենք քաղաքացին քրեական կամ քաղաքացիական գործով առանց փաստաբանի դիմում է վճռաբեկ դատարան, և բողոքը վերադարձվում է, նա նորից պետք է դիմի սահմանադրական դատարան` այս օրենսգրքերի համապատասխան նորմերի սահմանադրականությունը վիճարկելու համար, այո՞:
-Ամբողջ խնդիրն այն է, որ վճռաբեկ դատարանը այն վճռաբեկ դատարանը չէ, որը հռչակել է ժողովուրդը: Վճռաբեկ դատարանը այդպես չպիտի վարվի: Նա պետք է իրավունքն անմիջականորեն կիրառի, չէ՞ որ իրավունքի էությունը չի փոխվում` կախված այն փաստից, որ սա Վարչական դատավարության օրենսգրքում է, մյուսը` Քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Դրանք համաիրավական սկզբունքներ են: Վճռաբեկ դատարանն ուղղակի պետք է սկսի բողոքները վարույթ ընդունել կամ քննի վարույթ ընդունելու հարցը:
Մենք ոչ թե բարձրացնում ենք վճռաբեկ դատարանի կողմից պարտադիր կերպով վարույթ ընդունելու հարցը, այլ վարույթ ընդունելու հարցը քննարկման առարկա դարձնելու հարցը: ՎԴ-ն ուղղակի պետք է քննի այդ բողոքը համապատասխանու՞մ է վճռաբեկ բողոքի չափանիշներին, թե` ոչ, և ոչ թե նայի` փաստաբան չէ գրել, ասի` չենք քննում: Մենք չենք քննում այն հարցը, որ վճռաբեկ դատարանը բողոքների 20 տոկոսը պետք է վարույթ ընդունի և որոշումներ ընդունի, որովհետև նրա որոշումները շատ բարձր մակարդակի, շատ կարևոր դատական ակտեր են: Դրանք մեզ անհրաժեշտ են` իրավական համակարգը փոխվելու համար: Կարող ենք այդ որոշումների 10 տոկոսի հետ չհամաձայնել, ասել, որ հակասում են սահմանադրությանը, կոնվենցիաներին, արդարության սկզբունքներին: Իհարկե, կարող են հակասել, սակայն դրանք կարևոր են, դրանք հարց լուծող իրավունքի աղբյուր են:
–Կան տեսակետներ, որ վճռաբեկ դատարանն ուղղակի արհամարհում է ՍԴ որոշումները, չկիրառելով դրանք: Ի՞նչ կասեք այս մասին:
-Խիստ է ասված, վճռաբեկ դատարանը չի արհամարհում ՍԴ որոշումները: Մի ժամանակ ՍԴ որոշումների հիման վրա հրաժարվում էին գործերը վերաբացել, բայց դրա վերաբերյալ ՍԴ-ի մոտավորապես 10-րդ որոշումից հետո վճռաբեկը հարուցում է վերանայման վարույթ` ՍԴ-ում գործը շահածների համար: Իսկ նրանց համար, ովքեր դիմողներ չեն եղել, սակայն կարող էին դիմել և նրանց համար ևս նոր հանգամանք է ՍԴ այդ որոշումը, չգիտեմ` ինչպես կվարվի վճռաբեկ դատարանը, սակայն մտահոգություն կա, որ կարող է և չհարուցել վերանայման վարույթ:
–Վերջերս ձեռքիս տակ վճռաբեկ մի բողոք ընկավ, որում նշվում էր, որ բողոքի հեղինակը քաղաքացին է, իսկ փաստաբանն ուղղակի ստորագրել էր, որպեսզի քաղաքացին կարողանա դիմել վճռաբեկ դատարան:
-Մեր բերած բողոքներն էդպիսին են եղել, մենք գրել ենք բողոքը, մեր գործընկեր փաստաբանները ստորագրել են: Շատ են էդպիսի դեպքերը, իմ սեղանին այդպես մի արկղ բողոք կա` Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձված:
–Դուք, փաստորեն, փաստաբան չեք:
-Ոչ, ես փաստաբան չեմ: Այսինքն, ես փաստաբանի արտոնագիր չունեմ, սակայն փաստաբանական համայնքի անդամ եմ և կիսում եմ ողջ պատասխանատվությունը փաստաբանության: Ես նաև ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ եմ:
–Իսկ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հակասահմանադրական չէ ընդհանրապես նորմը, որ դատարանում անձի շահերը պետք է ներկայացնի փաստաբանը:
-Ես կարծում եմ, որ հակասահմանադրական է:
–Իսկ ինչ-որ քայլեր արվու՞մ են այդ ուղղությամբ:
-Հիմա մենք նախապատրաստում ենք այդպիսի մի գանգատ:
–Վճռաբեկ բողոքների տակ փաստաբանի կողմից ուղղակի ստորագրելը այլ փաստաբաններ համարում են էթիկապես ոչ ճիշտ: Ասում են, որ եթե փաստաբանը ծառայություն չի մատուցում, ապա չպետք է ստորագրի դրա տակ: Համաձայն չե՞ք:
-Ոչ համաձայն չեմ, փաստաբանն առաջին հերթին իրավապաշտպան է, և ոչ բիզնեսմեն: Փաստաբանը պաշտպանում է անձի վճռաբեկ բողոք տանելու իրավունքը:
–Իսկ եթե քաղաքացու այդ բողոքը անհիմն է և ծանրաբեռնում է արդեն իսկ ծանրաբեռնված վճռաբեկ դատարանը:
-Իսկ ո՞վ որոշեց, թե անհիմն է: Բոլոր բողոքներն էլ չունեն հիմքեր քանի դեռ ընդունված չեն վարույթ, նույնիսկ երբեմն վարույթ ընդունվածները չունեն հիմքեր: Ընդունվում են վարույթ, սակայն ուժի մեջ են թողնվում ստորին ատյանի ընդունած դատական ակտը, այս դեպքում բերված բողոքը հիմք ունե՞ր: Իսկ ինչու՞ քաղաքացու կողմից ձևակերպված բողոքը հիմքեր չունի, մենք ի՞նչ գիտենք` ունի, թե` չունի:
–Այսինքն, թողնում ենք վճռաբեկ դատարանի որոշմանը:
-Այո, ընդհանրապես ՄԻԵԴ նախադեպային իրավունքը գերազանցապես զարգացրել են ոչ իրավաբանները, իրենք են այդ հումքը ստեղծել: Ընդհանրապես կարևորը մարդն է, նրա իրավունքը, նրա արդարության նկատմամբ ունեցած բնազդը: Իրավաբաններս և փաստաբաններնս պետք է ծառայենք դրան:
Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի