Աշխատանքի վայրն (աշխատավայրը) այն տեղն է, որտեղ աշխատողը կատարում է աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթները, և որն ուղղակի (անմիջականորեն) կամ անուղղակի գտնվում է գործատուի կառավարման (ղեկավարման) կամ հսկողության ներքո: Այս մասին սահմանում է Աշխատանքային օրենսգրքի 18․1 հոդվածը։
Եթե, աշխատանքի բնույթով պայմանավորված, միևնույն գործատուի մոտ աշխատանքի դեպքում աշխատողի համար աշխատավայր են հանդիսանում մեկից ավելի վայրեր (տեղեր), ապա աշխատանքային պայմանագրով որպես աշխատանքի վայր (աշխատավայր) է սահմանվում՝
1) մշտական տեղակայման վայր ունեցող և աշխատանքի միջոցներով սարքավորված այն աշխատավայրը, որտեղ աշխատողը սովորաբար անցկացնում է աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ ժամանակահատվածի կեսից ավելին.
2) գործատուի գտնվելու վայրը կամ գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի գտնվելու վայրը, որտեղ աշխատում է աշխատողը, այն դեպքերում, երբ՝
ա. աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար նախատեսված ժամանակահատվածի տևողությունը հնարավոր չէ որոշել,
բ. աշխատանքները հանդիսանում են դաշտային պայմաններում կատարվող կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող կամ ոչ մշտական տեղակայման վայր ունեցող կամ շրջիկ առևտրի կետերում աշխատանքներ.
3) կողմերի համաձայնությամբ սահմանված աշխատավայրը, այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել աշխատանքի վայրը:
Եթե գործատուն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ է, ապա աշխատանքի վայր (աշխատավայր) է հանդիսանում նրա մշտական բնակության վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ օրենքով սահմանված պետական միասնական գրանցամատյանում գրառված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն:
Գործուղման հետ կապված հարաբերությունների կիրառության իմաստով՝ աշխատանքի հիմնական վայր է դիտարկվում սահմանված պահանջներին համապատասխանող աշխատավայրի գտնվելու բնակավայրը: