Գերմանացի կենսաբանին, որը չորս տարի առաջ իր կայքում 100000 եվրո (106 300 ԱՄՆ դոլար) պարգևատրում էր խոստացել նրան, ով կկարողանա ապացուցել, որ կարմրուկը վիրուս է, հրավիրել են դատարան և պարտադրել որպեսզի վճարի խոստացած պարգևը:
Ստեֆան Լանկան հավատացած է, որ հիվանդությունը հոգեսոմատիկ է։ Նա իր ինտերնետային կայքում 4 տարի առաջ գումար է խոստացել նրան, ով հակառակը կապացուցի։
Գերմանացի բժիշկը` Դեվիդ Բարդենը, ուսումնասիրել է տարբեր վիրուսոլոգիական փորձեր և ապացույցներ հավաքել ու ներկայացրել: Սակայն երբ դիմել է Լանկային գումարը ստանալու համար, վերջինս մերժել է նրան։
Սակայն Ռավենսբուրգ քաղաքի դատարանը Բարդենի ապացույցները բավարար է համարել:
Չհամաձայնելով դատարանի որոշման հետ` Լանկան հայտարարել է. «Դա հոգեսոմատիկ հիվանդություն է։ Մարդիկ հիվանդանում են տրավմատիկ բաժանումների հետևանքով»։
Վերջերս Գերմանիայում սկսված կարմրուկի համաճարակը բանավեճերի առիթ է հանդիսացել այն հարցի շուրջ թե արդյո՞ք հիվանդության դեմ պատվաստումը պետք է լինի պարտադիր։ Անցած ամիսին այդ հիվանդությունից 18 ամսական երեխա է մահացել Բեռլինում ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պատվաստում անցնել ելնելով այն հանգամանքից, որ 2014 թվականից ի վեր Եվրոպայում նմանատիպ 22 000 դեպք է գրանցվել:
Կարմրուկը վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ցանով և ընդհանուր վատ զգացողությամբ։ Առավել ծանր դեպքերում կարող է մահացու լինել։