Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Գևորգ Պ.-ի, Շանթ Հ.-ի և Ռուդիկ Զ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Գևորգ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող 13.10.2014թ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` զորամասի հրամանատարի մոտ իրեն որպես դժվար դաստիարակվող զինծառայող ներկայացնելու համար վիճաբանել է Ս. Մ-ի հետ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Այնուհետև, 07.11.2014թ ընդունիչ-բաշխիչ կայանում, մաքրության աշխատանքներ կատարելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Շանթ Հ.-ի և Ռուդիկ Զ.-ի հետ, ձեռքերով հարվածել է նրանց մարմնի տարբեր մասերին վերջիններիս պատճառելով առողջությանը թեթև վնաս կարճատև քայքայումով:
Գևորգ Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ըստ որի՝ «Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Աղբյուրը հաղորդում է նաև, որ մեղադրանքներ են առաջադրվել նաև Շանթ Հ.-ին և Ռուդիկ Զ.-ին:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, և առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մաս 2-րդ կետ հատկանիշներով, ըստ որի՝ «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, և որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով»:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները և անունները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով