Հունվարի 29-ին Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը: Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման: Այս առնչությամբ Իրավաբան.net-ը զրուցել է դերասանի փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանի և տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով` խոսքերով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, հունվարի 29-ին դատավճռով, խնդրին տրվեց իրավիճակային լուծում: Մանրամասները` հարցազրույցում:
Ինչպե՞ս կգնահատեք դատարանի կայացրած վճիռը:
Իրավիճակային լուծում տվեցին` ոչ քեզ, ոչ մեզ: Իրավիճակն այնպես արեցին, որ եթե Վարդան Պետրոսյանը չբողոքարկի, ապա դուրս կգա, բայց մյուս կողմից դատական ակտն այնքանով մեզ չէր գոհացնում, որ մենք համոզված ենք, որ վթարը տեղի է ունեցել բանուկ հատվածում: Սա մարտավարական խնդիր է, մենք այլ դատական պրոցեսների ժամանակ դա կապացուցենք ու կհանգեցնենք այս դատավճռի բեկանմանը:
Խնդրում եմ մանրամասնել` ի՞նչ մարտավարության մասին է խոսքը:
Այլ դատական գործեր և քննություններ ենք նախաձեռնել` Եվրոպական դատարանում, Սահմանադրական դատարանում, Հատուկ քննչական ծառայությունում: Նպատակ ունենք այդ դատարաններում հասնել արդյունքների: Այսինքն` մենք վերջնափուլում ենք, պատկերավոր նկարագրեմ` թողեցինք` զորքերը մտնեն մեր դաշտ, հետո մենք օղակի մեջ կառնենք նրանց:
Որո՞նք են ակնկալիքներն ու ի՞նչ ժամկետներում եք նպատակադրված հասնել դրանց:
Մոտակա ժամկետներում: Եվրոպական դատարան մենք շուտ ենք դիմել, մենք կստանանք որոշում, որտեղ կարձանագրվի կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում, ըստ որի` Վարդան Պետրոսյանին ապօրինի են զրկել ազատությունից, ակնկալում ենք ստանալ Հատուկ քննչական ծառայությունից քննություն` անկախ նրանից նյութերով կմերժեն, քրեական գործը կկարճեն, թե` կշարունակեն դա քննել, ամեն դեպքում պետք է ստանանք փորձաքննության եզրակացություն, որտեղ կամրագրվի, որ Վարդան Պետրոսյանի վթարը եղել է բանուկ մասում, իսկ ՍԴ-ից էլ որոշում կկայացնեն, որ դատավորը խախտել է պաշտպանության իրավունքը: Մեր բողոքները մեծամասամբ վարույթ ընդունված են, գործընթացը գտնվում է վերջին փուլում:
Վարդան Պետրոսյանի գործի կարևորագույն շեշտադրումներից մեկը, որի վրա հիմնականում դատարանի ուշադրությունն էր սևեռում պաշտպանական կողմը, այն պնդումն էր, որ փոփոխվել էր վթարի վայրը: Դուք «3D» ձևաչափով գրաֆիկային լուծումներից մինչև երեք երկրների փորձագետների եզրակացություններով հավաստիացնում էիք, որ դեպքի վայրի զննության աշխատանքները կատարվել են սխալներով: Արդյունք տվեցի՞ն այս ամենը:
Նախ նշեմ, որ դա նախկինում տարածված երևույթ էր` համատարած կեղծում էին դեպքի վայրի զննությունը: Կա զինվորական խոսք` «МЫ проиграли битву, но не проиграли войну», ի՞նչ է դա նշանակում` մենք ինչ-որ դիրքերը նահանջեցինք, սակայն պատերազմը հաստատ կհաղթենք, որովհետև սա շախմատ է, այլ համակարգերում դատավարություն բացելով` մենք կխեղդենք այս դատավճիռը` հասնելով նրան, որ Վարդան Պետրոսյանը ազատ կարձակվի:
Վարդան Պետրոսյանի գործով տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանն Իրավաբան.net-ի հետ հարցազրույցում նշեց, որ դեռևս հստակ չէ` առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկելու հարցը: Մանրամասները` հարցազրույցում:
Ինչպե՞ս կգնահատեք դատավարության ընթացքն ու դատավճիռը:
Նորմալ ձևով անցավ, ես դատավարությունից չեմ բողոքում: Չհաշված, որ եղան որոշակի ավելորդություններ` կապված նաև տուժողների վարքագծի հետ: Միևնույն ժամանակ ասեմ, որ տուժողներին հրահրում էին որոշ մարդիկ, չեմ ցանկանում անձնավորել: Խնդիրն այն է, որ սոցիալական ցանցերի, որոշ ԶԼՄ-ների միջոցով չհրահրեն: Եթե այս ամենը դիտավորյալ է արվում, որպեսզի տուժող կողմին հունից հանեն, ես դա ճիշտ չեմ համարում: Այդ մեղքը փորձում են բարդել տուժած կողմի վրա: Դատավճռով ապացուցվեց Վարդան Պետրոսյանի մեղքը: Նիկոլայ Բաղադասարյանն ասում է, թե շուտով դուրս կգա Վարդան Պետրոսյանը և այլն, ես պնդում եմ հակառակը` եթե տուժողներն այս վիրավորանքներից հետո ինձ ասեն` բեր վերաքննիչ բողոք` պատժի և հայցի մասով, ապա Վարդան Պետրոսյանի վրա համաներում չի տարածվի, նա երկար ժամանակ կմնա անազատության մեջ:
Դուք դատավարության ընթացքում մի քանի դրվագների վրա էիք շեշտադրում, մասնավորապես Վարդան Պետրոսյանի հարբածության վարկածն էիք փորձում դատարանի միջոցով ապացուցել:
Ես դժգոհ եմ այդ մասով, քննություն ընդհանրապես չկատարվեց, եթե լիարժեք քննություն իրականացվեր, ուրեմն հաստատ նրան 5 տարի չէին տա, այլ շատ ավելի: Հարբած վիճակում մահվան ելքով վթար կատարելու դեպքում պատիժը նվազագույնը կլիներ 8 տարի: Դա ծանրագույն հանգամանք է:
Իսկ հաշտեցման մասին խոսք չկա՞:
Ես կարող եմ բազմաթիվ անգամ խնդրել տուժողներին, բայց դա նրանք պետք է ցանկանան: Երկու անգամ փորձել եմ, սակայն այդ ամենը իմ դեմ են մեկնաբանում տարբեր մարդիկ:
Վարդան Պետրոսյանը նաև նիստերից մեկին հայտարարեց, որ 20 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար է փոխանցել տուժողներին:
Այդ գումարը փոխանցվել է մահացած երեխաների գերեզմանի ծախսերը հոգալու համար, 15 հազար ԱՄՆ դոլարը գերեզմանի վրա է ծախսվել: Կարծում եմ` երբևէ այս գումարը չպետք է շահարկման առիթ դառնա, երկու ընտանիք կորցրել են իրենց արու զավակներին:
Հարցարզրույցները` Գևորգ Թոսունյանի
Լուսանկարը` Ալեքսանդր Սարգսյանի