Վալերի Պերմյակովին պետք էր հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին. Գևորգ Կոստանյան

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության վերաբերյալ ԱԺ խորհրդարանական լսումների ընթացքում  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից. «ՌԴ իրավապահները, ըստ պայամանագրի պարտավո՞ր էին տեղյակ պահել ՀՀ իրավապահ մարմիններին, եթե պարտավոր էին, ապա հայտնել են, թե ոչ, կոնկրետ Պերմյակովի հետ կապված: Անկախ նախաքննական արդյունքից` կարո՞ղ եք նշել մի պայմանագիր, որ ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել ՀՀ տարածում ձերբակալված մարդուն տեղափոխել ռուսական ռազմաբազա: Հաջորդ հարցը, մենք տեսանք, որ դեպքից հետո ՌԴ զինծառայողները զինված ինչ-որ գործողություններ էին կատարում քաղաքի տարածքում, ո՞ր պայմանագրով նրանք իրավունք ունեին դա անել, ու վերջապես, որ դատարանում է այդ գործը քննության առնվելու»:

Գևորգ Կոստանյանը, խոսելով դատաքննությունից, ասաց, որ ըստ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային առնչվող իրավական հարցերը կարգավորող համաձայնագրի` կողմերը պետք է քննարկեն քրեական գործի փոխանակման վարույթները, երբ որ հասնեն այդ փուլին. «Երբ որ ունենանք բոլոր հանգամանքները, կքննարկենք վարույթների փոխանցման հարցերը: Սա այս փուլի քննարկման հարց չի, այս փուլում դժվար է պատասխանել: Դեռևս երկու քննչական վարույթներն իրականացնում են քրեական գործողությունները, երբ որ ավարտեն, նոր կքննարկենք»:

Խոսելով դեպքի օրը ռուս զինծառայողների մասնակցությամբ Գյումրիում գործողությունների կատարման հարցից` պարոն Կոստանյանն ասաց, որ նման դեպքերում ՀՀ իրավապահ մարմինների համաձայնությամբ` անպայման ռուսական ռազմաբազային իրավապահ մարմինները մասնակցում են քրեադատավարական, օպերատիվ հետախուզական և հետաքննչական գործողություններին:

Ինչ վերաբերում են ռուս սահմանապահների գործողություններին, ապա նա պնդեց, որ ՌԴ իրավապահները Վալերի Պերմյակովի ձերբակալելիս, դե յուրե, պարտավոր էին այդ մասին հայտնել ՀՀ իրավապահներին, իսկ փոխանցման վերաբերյալ նշեց. «Ըստ մեր օրենսդրության` սահմանախախտին պետք էր հանձնել ՀՀ իրավապահներին, ով չի հանձնել կամ հանձնել է, այդ ամենը քրեական գործերի շրջանակներում պարզ կդառնա»,- շեշտեց պարոն Կոստանյանը:

Ինչ վերաբերում է վարույթների տարանջատմանը, ապա նա ասաց. «Վարույթները կարող ենք երկու մասին կիսենքլ, բայց անձին ինչ անենք` հո չենք կարող երկու մասի կիսել: Գործը պետք է լիարժեք քննվի: Եթե գործը քննենք Հայաստանի իրավոզորության տակ, ապա նշանակում է, որ անձը կարող է  պատասխանատվություն չկրել այն հանցանքի համար, որը ՌԴ իրավազորության ներքո էր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել