Ազատության հրապարակում այսօր` հունվարի 20-ին, առավոտվանից շարունակվում էր 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հիշատակին իրականացվող մոմավառությունը:
Հիշեցնենք` մանկահասակ երեխան ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած դաժան սպանությունների հետևանքով: Շուրջ 7 օր Հայաստանի և Ռուսաստանի բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար, սակայն երեխան երեկ մահացավ:
Ազատության հրապարակում առավոտվանից մարդիկ են գալիս ու մոմեր վառում, աստիճանների վրա դրված են խաղալիքներ ու ծաղիկներ: Մոմավառությանը մասնակցող շատ քաղաքացիներ չէին կարողանում զսպել արցունքները: