Մասնագետների կարծիքը` Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցի վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հոկտեմբերի 16-21-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցը:

Այն կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Դպրոցին մասնակցում էին 20 երիտասարդ իրավաբաններ:

Այս դպրոցի շրջանակներում դասախոսություններով հանդես են եկել հանրապետությունում հայտնի իրավաբաններ: Իրավաբան.net-ն իմի է բերել նրանց կարծիքները դպրոցի մասին: Նշենք նաև, որ Հայաստանում առաջին անգամ է այս ձևաչափով աշնանային դպրոց անցկացվում:

Մարատ Ատովմյան, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ: Շատ կարևոր եմ համարում նմանատիպ դպրոցի կազմակերպումը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ուղղություններից մեկը հակակոռուպցիոն ուսուցումն է, այս դպրոցը միտված է որոշակի կերպով փակելու այդ բացը: Այս դպրոցի շրջանակներում մի շարք բուհերի ուսանողներ կամ երիտասարդ իրավաբաններ, որոնք արդեն ավարտել և աշխատում են տարբեր մարմիններում, այդ թվում` պետական, ստանում են արժեքավոր գիտելիքներ կոռուպցիայի դեմ պայքարի և բարեխղճության վերաբերյալ:

Գաբրիել Բալայան, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Միանշանակ ողջունելի նախաձեռնություն է: շատ առողջ բանավեճեր են ծավալվել դասախոսությունների շրջանակներում: Ճիշտ էին ընտրված մասնակիցները, քննարկումները մտածելու տեղիք տվեցին, որ երիտասարդների աշխարհայացքն ու գիտելիքները բավականին զարգացել են:

Սյուզաննա Սողոմոնյան, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան: Գաղտնիք չէ, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը մեծ թափ է առել: Այս ուղղությամբ ՀԵԻԱ-ն կարևորում է հենց երիտասարդների մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում, միաժամանակ մեր կազմակերպության հիմնական նպատակներից մեկը հենց երիտասարդ իրավաբանների ուսուցումն է, ուստի ձեռնամուխ եղանք նաև նմանատիպ առաջին դպրոցը Հայաստանում հիմնադրելու աշխատանքներին և նպատակադրված ենք ապահովել դրա շարունակականությունը:

Եղիշե Կիրակոսյան, Իրավաբանական գիտությունների թեկնածում, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական: Կարծում եմ` Հակակոռուպցիոն և բարեխղճության թեման հատուկ է ընտրված, որովհետև այն այսօրվա արդիական թեմաներից է: Հայաստանը ներկայումս գտնվում է շատ կարևոր փուլում: Նույն այդ բարեփոխումների տեսանկյունից պետական կառավարման բնագավառում հանրային բարեխղճության հետ կապված հայեցակարգն է հաստատվել, այժմ մշակվում է ռազմավարություն: Կարևոր է, որպեսզի երիտասարդներն այս տարիքից սկսեն գիտակցել, թե ինչի մասին է խոսքը: Բարեխղճություն հասկացությունը նոր երևույթ է մեր հասակարության և իրավական մտածողության համար: Այն շատ կարևոր բնորոշիչ հանգամանք է պետական կառավարման դրական կողմի տեսանկյունից: Բարեխիղճ պետական կառավարում կամ պետական ծառայող, սրանք այն հիմնական արժեքներն են, որոնց ձգտում են այս ամբողջ բարեփոխումները:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել