Լուրջ ճանապարհ՝ ապագա փաստաբանների համար

Խթանել ուսանողների իրավական գիտելիքները միջազգային իրավունքի ոլորտում, սովորեցնել ճիշտ և գրագետ հայցեր ներկայացնել, զարգացնել նրանց հռետորական հմտությունները: Այս և այլ նպատակներով 2000 թվականից Հայաստանում անցկացվում է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի» դատախաղ մրցույթը: 2014-2015 թվականի դատախաղ մրցույթն այսօր ներկայացվեց Ֆրանսիական համալսարանում:

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը տեղեկացրեց ուսանողներին, որ այս տարի մրցույթի ազգային փուլը կանցկացվի անգլերենով: Նրա խոսքերով` սա պայմանավորված է միջազգային մրցափուլում մասնակիցների պատրաստվածության բարձր որակի ապահովմամբ. «Դուք մրցույթի միջոցով կարող եք անցնել լուրջ ճանապարհ, որը բավականին լուրջ բազա է տալիս իրավաբանների համար, ովքեր ցանկանում են ապագայում որպես փաստաբան իրենց գործունեությունը շարունակել»,- շեշտեց Սյուզաննա Սողոմոնյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մրցույթի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գրագողության խնդրին, մասնակիցները պետք է ներկայացնեն սեփական գիտելիքները, աղբյուրներից օգտվելիս, հղումներ տեղադրեն: Քննարկմանը մասնակցում էր նաև Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը:

Ուսանողները հետաքրքրվեցին գրանցման ընթացակարգով և ժամկետներով, ինչպես նաև նրանց հետաքրքրում էր գնահատման մեթոդները, մրցույթի միջազգային փուլի անցկացման մեխանիզմները:

Տեղեկացնենք նաև, որ Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի 2014-2015 թվականի դատախաղի մրցույթի թեման վերաբերում է անջատողականության և ազգային ինքնորոշման իրավական կարգավորմանը: Թիմը պետք է օնլայն գրանցվի մինչև 2014թ. նոյեմբերի 14-ը: Մրցույթն անցկացվում է երկու մրցափուլով՝ ազգային և միջազգային: Հայաստանում մրցույթն անցկացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից՝ Հայաստանի Ջեսափի ակումբի հետ համագործակցությամբ: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրիլին կայանալիք «2015թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին: Մրցույթի հայաստանյան մրցափուլին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական բուհերի՝ 2-5 ուսանողներից կազմված թիմերը (յուրաքանչյուր բուհից մեկական թիմ): Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել թիմի անդամների և մարզիչի անձնագրերի պատճենները, թիմի անդամների ուսանողական տոմսերի պատճենները, տեղեկանք առ այն, որ թիմի անդամները հանդիսանում են տվյալ բուհի ուսանողներ՝ նշելով ուսման տարին, ինչպես նաև թիմի անդամների և մարզիչի կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե): Ազգային մրցափուլի ժամանակացույցին համապատասխան՝ մրցույթի մասնակցության համար նյութերի փաթեթը՝ Պաշտոնական կանոններ, Հատուկ Համաձայնագիր, Ժամանակացույց, կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակից, հետևյալ հասցեով՝ Նալբանդյան 7, բն 2, ինչպես նաև հայաստանյան մրցույթի պաշտոնական վեբ կայքից՝ www.jessup.am հասցեով, ինչպես նաև մրցույթի միջազգային կազմակերպիչ Իրավաբան ուսանողների միջազգայի ասոցիացիայի պաշտոնական կայքից՝www.ilsa.org հասցեով: Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակից՝ մրցույթի ազգային համակառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանից (էլ. փոստ՝ [email protected]), հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 54 01 99, 58 02 99, այնպես էլ www.jessup.am կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել