Շատերի մոտ առկա է այն համոզմունքը, որ աշխատանքային պայմանագիրը ոչ մի պարագայում չի կարող լուծվել աշխատողի`արձակուրդում կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածում:
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը. Դրանք են`
1) կողմերի համաձայնությամբ.
2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.
3) աշխատողի նախաձեռնությամբ.
4) գործատուի նախաձեռնությամբ.
5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
և այլն:
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից յուրաքանչյուրի դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման կարգը:
Աշխատողի` արձակուրդում կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրի լուծումն արգելվում է միայն գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդված):
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով բացակայության դեպքի (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 oր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 oր, եթե oրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ կազմակերպության լուծարման, աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու, աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքերի
3) գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է սույն օրենսգրքով սահմանված կարգով.
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ Աշխատանային օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:
Այսինքն, անկախ որևէ հանգամանքից, գործատուն կաշկանդված չէ օրենքով սահմանված կարգով լուծելու աշխատանքային պայմանագիրը դրա ժամկետը լրանալու հիմքով: Սակայն եթե գործատուն իր նախաձեռնությամբ է ցանկանում է լուծել անորոշ ժամկետով կնքված կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, այս պարագայում գործատուն պարտավոր է հաշվի նստել աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների հետ:
Արփինե Եղիկյան
Փաստաբան, ՀԵԻԱ-ի վարչության անդամ
Իրավաբան.net