Կին զինծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական և նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին զինծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է հերթական տարեկան արձակուրդ:
Մինչև երեխայի երկու տարին լրանալը, կին զինծառայողին, իր ցանկությամբ, տրվում է արձակուրդ: Այդ ժամկետում կին զինծառայողին տրվում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով:
Կին զինծառայողի դիմումի հիման վրա, երեխայի երկու տարեկան դառնալուց հետո, նրան տրվում է լրացուցիչ անվճար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս:
Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու, միանվագ դրամական պարգևատրման, կենսաթոշակ հաշվարկելու և զինվորական կոչում շնորհելու համար:
Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին զինծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում է:
Հղիության և ծննդաբերության տարում կին զինծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար մինչև օրացուցային տարվա ավարտը՝ ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկու և կես օր հաշվարկով: