Սահմանադրական դատարանը հաշվի առնելով հարցի կարևորությունը որոշել է բանավոր ընթացակարգով քննության առնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Ազգային ժողովի թվով 36 պատգամավորների դիմումի դատաքննությունը: Այս մասին ՍԴ-ում գործը քննության առնելու ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Դատարանը որոշել է այս գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի անդամներ Վոլոդյա Հովհաննիսյանին և Կիմ Բալայանին:
ՍԴ-ն որոշել է որպես պատասխանող կողմ ներգրավվել Հայաստանին Հանրապետության Ազգային ժողովին, որովհետև Ազգային ժողովն է ընդունել այս իրավական ակտը:
Նկատի ունենալով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերին և դրա իրացումը երաշխավորելու մեջ համակարգային փոխկապակցության մեջ բազմաթիվ հոդվածներով կոնկրետ իրավասություններ են վերապահվել ՀՀ կառավարությանն ու ՀՀ կենտրոնական բանկին, դատարանն անհրաժեշտ է համարել նաև դատաքննությանը հրավիրել ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի պաշտոնական ներկայացուցիչներին իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ պարզաբանումներ տալու համար:
Դիմող կողմը որպես կողմի ներկայացուցիչներ Սահմանադրական դատարանում լիազորել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին, իրավաբան Արտակ Զեյնալյանին և փաստաբան Մերի Խաչատրյանին:
Ազգային ժողովի նախագահի կողմից ներկայացված գրություններով պատասխանող կողմի ներկայացուցիչ է նշանակել Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Սոնա Թևանյանը:
Կառավարության կողմից ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովվության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաինյանը և Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանը:
Կենտրոնական բանկի կողմից՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի կարգավորման բաժնի մասնագետ Վիգեն Շահնազարյանը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնահատուկ շեշտեց, որ կողմներն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործել քաղաքական հայտարարությունների համար: