Ադրբեջանը պատրաստում է փաստաթղթեր՝ միջազգային դատական ատյաններում հայց ներկայացնելու համար՝ կապված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ադրբեջանական Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերությանը պատկանող Embraer 190 օդանավի կործանման հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, օկուպացված Շուշիում հայտարարել է Իլհամ Ալիևը։
Ինքնաթիռը կատարում էր J28243 չվերթը Բաքվից դեպի Գրոզնի։ Օդանավում եղել են հինգ անձնակազմի անդամ և 62 ուղևոր։ Օդաչուներին մերժվել է վայրէջքի թույլտվությունը Գրոզնիում և Մախաչկալայում։ Արդեն վնասված օդանավը ուղղվել է Կասպից ծովի վրայով դեպի Ղազախստանի Ակտաուի օդանավակայան։ Սպասարկվող վայրէջքի փորձի ժամանակ այն ընկել է տափաստան և բռնկվել։ Արդյունքում զոհվել է 38 մարդ։ Փրկվել են 27 ուղևոր և երեք անձնակազմի անդամ, այդ թվում՝ երկու ուղեկցորդ։
Ադրբեջանական ավիափոխադրողը կործանման պատճառ է հայտարարել արտաքին միջամտությունը։ Բաքվում կարծում են, որ ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) միջոցների կողմից։
«Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, և կարող ենք դա ապացուցել։ Մենք գիտենք, որ ռուսական պաշտոնյաներն էլ գիտեն՝ ինչ է տեղի ունեցել։ Հարցն այն է՝ ինչու չեն անում այն, ինչ նման իրավիճակում կանի ցանկացած հարևան»,-նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը միջոցառման ժամանակ վերահաստատել է, որ Բաքուն պահանջում է, որպեսզի Ռուսաստանը
-
ընդունի ինքնաթիռի կործանման հարցում իր մեղավորությունը,
-
պատժի մեղավորներին,
-
և փոխհատուցում վճարի զոհվածների և տուժածների ընտանիքներին։
Ալիևի խոսքով՝ կործանման պահից անցած յոթ ամիսների ընթացքում Ռուսաստանը դեռևս չի տվել Բաքվի հարցումներին հստակ պատասխան։
Հիշեցնելով նաև 2014 թվականին Դոնբասի վրայով մալայզիական օդանավի (MH17 չվերթի) կործանման դեպքը, որի հետաքննությունը տևեց ավելի քան 10 տարի, Ալիևն ընդգծել է, որ նաև Ադրբեջանը պատրաստ է սպասել «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։
2024 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Ալիևից ներողություն է խնդրել այն բանի համար, որ «ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում»։ Նա միևնույն ժամանակ հաստատել է, որ այն պահին, երբ օդանավը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, ռուսական ՀՕՊ համակարգերը հակահարված էին տալիս ուկրաինական հարվածային ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) հարձակումներին, որոնք ուղղված էին Գրոզնիի, Մոզդոկի և Վլադիկավկազի դեմ։