Ֆիննախի նախկին իրավաբանը` ֆիննախի դեմ

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Անի Հակոբյանին 2013 թվականի նոյեմբերի 20-ն «ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար» տրվել է նախազգուշացում: Նա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը վերացնելու համար:

Դատավոր Էդիկ Ավետիսյանը որոշում է ընդունել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին և գործով նշանակել նախնական դատական նիստ: Պատասխանող կողմը ոչ միայն չի ներկայացրել հայացիմումի պատասխան՝ երկաշաբաթյա ժամկետում, այլ նախնական նիստ նշանակելուց մի քանի օր առաջ դատարան է ներկայացրել միջնորդություն գործի վարույթը կարճելու մասին՝ նշելով, որ այդ գործը պետք է քննի ՀՀ վարչական դատարանը:

«Քանի որ դատարան հայց եմ ներկայացրել 2013 թվականի դեկտեմբերին և դեկտեմբերի 23-ին վարույթ է ընդունվել, ապա սույն գործը ըստ էության պետք է քննի առաջին ատյանի դատարանը, քանի որ դա քաղաքացիաիրավական հարաբերություններ են: Այն ժամանակ դեռ փոփոխություններ չէր կատարվեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում և ամրագրված չէր, որ նկատողության համար վարչական մարմնի դեմ ներկայացված հայցերը պետք է ներկայացնել ՀՀ վարչական դատարան: Ասեմ ավելին` նմանատիպ բոլոր գործերը քննվել են առաջին ատյանի դատարանում և կան մի շարք նախադեպեր, որ դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններ են»,- Իրավաբան.net-ին ասաց Անի Հակոբյանը:

Նախնական դատական նիստի ժամանակ (ի դեպ, պատասխանող կողմի առարկության պատճառով Իրավաբան.net-ը չկարողացավ տեսանկարահանում իրականացնել) դատավոր Էդիկ Ավետիսյանը որոշում է բավարարել պատասխանող կողմի միջնորդությունը և վճիռ է կայացնում կարճել գործի վարույթը:

«Ինձ համար շատ զարմանալի վճիռ էր, քանի որ այս պարագայում հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը պետք է սույն գործը քննվեր առաջին ատյանի դատարանում, և եթե այնուամենայնիվ դատարանը որոշեր, որ տվյալ գործը ենթակա է քննման ՀՀ վարչական դատարանում, ապա պետք է կայացներ համապատասխան որոշում, տվյալ գործն ըստ ընդդատության հանձնելու ՀՀ վարչական դատարանի քննությանը՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը: Չի բացառվում, որ ինչ-որ ճնշում է եղել դատավորի դեմ, կամ էլ վերջինս, ավելորդ գլխացավանքի մեջ չընկելու ակնկալիքով, որոշել է կարճել սույն գործի վարույթը: Ի վերջո պետական հիմնարկի դեմ է հայց»,- նշեց Ֆինանսների նախարարության նախկին իրավաբանը:

Անի Հակոբյանին նախազգուշացում են հայտարարել վերաքննիչ բողոքի պատասխանն ուշացնելու համար, ընդ որում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն այդ գործով եղել է երրորդ անձ:

ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության հայցը՝ «Ալուշիկ» ՍՊԸ-ի տնօրեն Արեգնազան Մուրադյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբան Անի Հակոբյանը սահմանված ժամկետներում դատարան է ներկայացրել դիրքորոշում պատասխանողի կողմից դատարան ներկայացված փաստաբանին վճարված գումարի փոխհատուցման պահանջի վերաբերյալ:

Պատասխանող կողմը բողոքարկել է վճիռը ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ խնդրելով մերժել Լեզվի պետական տեսչության հայցը և կայացնել նոր դատական ակտ:

«Ես Ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Տիգրան Մարկոսյանին առաջարկել եմ չներկայացնել վերաքննիչ բողոքի պատասխան, քանի որ պատասխանողը հայցվոր կողմի պահանջի դեմ է վերաքննիչ բողոք բերել և այդ բողոքի մեջ որևէ կերպ անդրադարձ չի կատարվել փաստաբանին վճարված գումարի փոխհատուցման պահանջին»,- մանրամասնում է Անի Հակոբյանը:

Հարցը Տիգրան Մարկոսյանի հետ քննարկման փուլում է եղել, և ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանը, մնալով իր կարծիքին, այդուամենայնիվ, վերաքննիչ բողոքի պատասխանի թղթային տարբերակ է ներկայացրել վերադասին ու ստացել ցուցում, որ պատասխանի մեջ պետք է ներառել ոչ միայն փաստաբանին վճարված գումարի փոխհատուցման պահանջի դեմ դիրքորոշումը, այլ նաև Լեզվի պետական տեսչության դիրքորոշումը, սակայն վերաքննիչ բողոքի պատասխանի վերջնական տարբերակը ներկայացնելու օրը Տիգրան Մարկոսյանի կողմից զեկուցագիր է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարին՝ քննարկելու Անի Հակոբյանի կողմից վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելու հետևանքով «իրավունքի» կորստի դեպքը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանի կողմից տրվել է հրաման՝ Անի Հակոբյանին նախազգուշացում հայտարարելու մասին:

Ի դեպ, նախազգուշացումից հետո նախարարությունն առաջարկել է իջեցնել Անի Հակոբյանի զբաղեցրած պաշտոնը: Անի Հակոբյանը մերժել է առաջարկությունն ու ազատվել աշխատանքից: Նա վստահեցնում է՝ ոչ մի պարագայում այլևս չի աշխատի նման մարդկանց հետ. «Նրանք որոշել են վարչությունը միայն իրենց մարդկանցով «լցնել»: Փաստաբանը որոշել է ոչ թե հայց ներկայացնել Վարչական դատարան, այլ բողոքարկել դատավոր Էդիկ Ավետիսյանի վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան, քանի որ մի շարք իրավական ակտերի խախտում է տեղի ունեցել:

 

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել