Բաքուն չեղարկել է Օվերչուկի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանությունից հետո

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հունիսի վերջին նախատեսված այցը Ադրբեջան չեղյալ է հայտարարվել։

Պատճառը Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններն էին, որտեղ անվտանգության գործողության ժամանակ դաժանորեն սպանվել էին ադրբեջանցիներ, ինչը հանրային սուր արձագանք է առաջացրել։

Ըստ աղբյուրների՝ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարում Օվերչուկի կամ այլ ռուս պաշտոնյաների այցը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստերով քրեական գործերի քննության շրջանակներում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալների, որոնք ադրբեջանական ծագումով Ռուսաստանի քաղաքացիներ են, և խուզարկություններ են անցկացրել նրանց տներում։

«Հունիսի 28-ին Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլկովիխը, որը հրավիրվել էր Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ադրբեջանական կողմին տրամադրել է անհրաժեշտ բացատրությունները և վստահություն հայտնել, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Նշված քրեական գործերով քննչական գործողությունները շարունակվում են»,-ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Զախարովան հավելել է, որ ավելի մանրամասն տեղեկություններ Քննչական կոմիտեն կհրապարակի, հենց որ դրանք հասանելի դառնան։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ գործողության ընթացքում զոհերի թիվը հասել է 6-ի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն (ՔԿ) և Սվերդլովսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Եկատերինբուրգ քաղաքում իրականացված հատուկ գործողության հետ։

«ՔԿ աշխատակիցները՝ Սվերդլովսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համագործակցությամբ և Ռոսգվարդիայի արագ արձագանքման հատուկ ջոկատի աջակցության միջոցով, իրականացրել են համալիր միջոցառումներ։ Դրանք իրականացվել են Եկատերինբուրգի տարածքում ավելի վաղ կատարված մի շարք հանցագործությունների քննության շրջանակում։ Գործողությունների արդյունքում ձերբակալվել է մի քանի անձ, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ»,-նշված է պաշտոնական հաղորդագրությունում։

Քննչական գործողությունները շարունակվում են, ստուգվում է ձերբակալվածների առնչությունը ինչպես քննվող, այնպես էլ այլ հանցագործություններին։ Նաև ընդգծվում է, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս փուլում լրացուցիչ տեղեկատվություն չի հրապարակվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել