«Խոշտանգումն իր մեջ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական բռնության տարեր է պարունակում»․ Մարատ Ատովմյան

Ոստիկանությունը պետության առաջին մարմինն է, որը շփվում է օրենք խախտած անձանց հետ։ Հաճախ հենց այս օղակի հետ աշխատանքի ժամանակ է, որ խոշտանգումներն վերաբերյալ ահազանգեր են հնչում։ Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունում և 2024-2026 թվականների գործողությունների ծրագրում անդրադարձ է կատարվում նաև այս խնդրին։

Ի՞նչ է խոշտանգումը

Խոշտանգումը դիտավորյալ գործողություն է, որի նպատակն է որևէ անձի մարմնական կամ հոգեբանական ուժեղ ցավ կամ տառապանք պատճառել՝

  1. տեղեկատվություն կամ խոստովանություն ստանալու համար,
  2. այդ անձին կամ երրորդ անձին պատժելու համար,
  3. անձին վախեցնելու կամ նրա կամքը կոտրելու նպատակով,
  4. կամ էլ որևէ այլ պատճառաբանությամբ, երբ այդ գործողությունը կատարվում է պետական պաշտոնատար անձի կամ նրա հանձնարարությամբ կամ լռելյայն համաձայնությամբ։

Խոշտանգումը համարվում է մարդու իրավունքների կոպիտ խախտում և արգելված է միջազգային և ազգային օրենսդրությամբ։ Այն օգտագործվում է՝ իբրև ճնշման և նվաստացման գործիք, սակայն իրավունքի տեսանկյունից այդպիսի մեթոդների կիրառումն անընդունելի է՝ անկախ հանգամանքներից։

Միջազգային փաստաթղթերից կարևորագույնը այս թեմայով է՝ ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան։

Ռազմավարության նպատակները

Iravaban.net-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Մարատ Ատովմյանը նշում է՝ ոստիկանությունը լուրջ դերակատարում ունի խոշտանգումները բացառելու գործում։

«Շատ կարևոր է, որպեսզի ոստիկանության աշխատակիցներն ունենան  անհրաժեշտ հմտությունները, գիտելիքներն ու կարողությունները, որպեսզի ճիշտ ձևով հարաբերվեն խոշտանգումների զոհ դարձած անձանց հետ, կարողանան ճիշտ ձևով հարցագործության մասին հարղորդում վերցնեն, ինչպես նաև իրավական ներգործության ճիշտ միջոցներ ձեռնարկեն նրանց իրավունքները պաշտպանելու համար»,-նշում է Ատովմյանը։

Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը նպատակ ունեն ձևավորել իրավունքը հարգող, արդար և մասնագիտացված ոստիկանական համակարգ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև խոշտանգումների կանխարգելմանը, բռնության դեպքերի արձանագրմանը, անձնական տվյալների պաշտպանությանն ու միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստումներին։

Ազատությունից զրկված անձանց պաշտպանության համար միջազգային չափանիշներ են սահմանված։ Դրանցից կարևորագույնը Ստամբուլի արձանագրությունն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1999 թ․-ին։ Այն տալիս է հստակ ուղեցույցներ՝ ինչպես պետք է քննել խոշտանգումների վերաբերյալ բողոքները և ինչպես պետք է փաստագրել բժշկական հետքերն ու տեղեկությունները փոխանցել իրավասու մարմիններին։

Այս գործընթացում շատ կարևոր է, որ ոստիկանները և բժիշկները լավ պատրաստված լինեն։ Եթե կանոնները հստակ չեն կամ չկան անհրաժեշտ մասնագետներ, կարող են լինել իրավունքի խախտումներ՝ դիտավորյալ կամ անզգուշորեն։ Բացի այդ, տարբեր հաստատություններում (օրինակ՝ ոստիկանությունում և շտապօգնությունում) նման դեպքերի գրանցման տարբեր ձևերը կարող են ստեղծել բացթողումներ։ Նման խնդիրները կարող են ազդել թե՛ քաղաքացիների իրավունքների վրա, թե՛ նվիրված ոստիկանների մոտիվացիայի։

Բացի այդ, խնդիր է նաև այն, որ մարդիկ երբեմն չեն հայտնում բռնության դեպքերի մասին՝ վախից կամ վստահության բացակայությունից։ Բայց կան նաև դեպքեր, երբ հաղորդումները չափազանց մակերեսային են կամ նույնիսկ կեղծ։

Բժիշկների և ոստիկանների պատշաճ ուսուցումը, ինչպես նաև բավարար մարդկային և տեխնիկական ռեսուրսների առկայությունը կարևոր են, որպեսզի համակարգը խուսափի ուշացումներից և սխալներից։

Ռազմավարության գործողությունների պլանը

Գործողությունների ծրագրով նախատեսվում է մշակել և ներդրել ՄԱԿ Խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիայի և Ստամբուլի արձանագրության վերաբերյալ իրականացվող վերապատրաստումների և դասընթացների որակը գնահատելու հատուկ մեթոդաբանություն, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ վերապատրաստման նյութերը։

Բացի այդ, պետք է ապահովվի ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի գործունեության վերայանված կարգի ամբողջական կիրառումը։

Միջազգային հաջողված փորձ

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն (CPT) 2023 թվականին այցելել է Հայաստան։ Նրանք նշել են, որ իրավիճակը ոստիկանությունում, ընդհանուր առմամբ, բարելավվել է։ 

Շատ քաղաքացիներ հայտնել են, որ իրենց հետ պատշաճ են վարվել։ Նշվել է նաև, որ հարցաքննությունները տեսաձայնագրվում են, իսկ ոստիկանները կրում են տեսաձայնագրող սարքեր։ Սակայն եղել են նաև որոշ դեպքեր, որտեղ ոստիկանները կիրառել են անհամաչափ ուժ։

Iravaban.net-ը նաև միջազգային փորձից մի քանի օրինակներ է ներկայացնում։ Նշված երկրներին հաջողվում է արդյունավետ պայքարել այս խնդիրների դեմ։

Գերմանիայում ոստիկանության ծառայողները պարտադիր անցնում են խոշտանգումների և մարդու իրավունքների պաշտպանության թեմայով վերապատրաստումներ՝ կապված միջազգային կոնվենցիաների, մասնավորապես ԵՄ չափանիշների հետ։

Գործարկված են անկախ մարմիններ՝ ոստիկանության գործողությունների դիտարկման համար (օրինակ՝ անկախ վերահսկիչ խորհուրդ), որոնց քաղաքացիները կարող են դիմել, եթե խոշտանգման դեպքի մասին են ուզում հայտնել։

Ոստիկանության գործողությունները հաճախ ձայնագրվում և տեսագրվում են՝ խուսափելու համար չարաշահումներից։

Ֆինլանդիայում Ստամբուլի արձանագրության կանոնակարգերի համարժեք կիրառություն կա՝ ներառյալ բժշկական զննությունները և խոշտանգումների վերաբերյալ ահազանգերի պատշաճ փաստաթղթավորում։

Կառուցված է թվայնացված համակարգ, որը թույլ է տալիս արագ արձագանքել խոշտանգումների վերաբերյալ ահազանգերին և ապահովում է մասնագիտական օժանդակություն։

Ոստիկանության ծառայողները վերապատրաստվում են ոչ միայն իրավական, այլ նաև հոգեբանական և էթիկական կողմերից։

Մեծ Բրիտանիայում գործում է անկախ քննչական մարմին՝ Independent Office for Police Conduct (IOPC), որը քննում է ոստիկանության խախտումները՝ ներառյալ խոշտանգման դեպքերը։

Ոստիկաններն անցնում են անմիջական վերապատրաստումներ՝ բերման ենթարկվածների իրավունքների և արժանապատվության վերաբերյալ։

Գործադրվում են ստանդարտացված հարցաքննության ընթացակարգեր, որոնք տեսաձայնագրվում են։

Այս հաջողված փորձերը ցույց են տալիս, որ խոշտանգումների կանխարգելման գործում կարևոր են՝

  1. անկախ վերահսկողության մարմինների առկայությունը,
  2. իրավապահների մշտական վերապատրաստումը,
  3. տեխնիկական միջոցների (տեսաձայնագրում) կիրառումը,
  4. և հասարակության ակտիվ ներգրավվածությունը։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել