2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած Վահե Մկրտչյանի մայրը՝ Հասմիկ Մուրադյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց՝ որդին այնքան խելացի է եղել, որ 5 տարեկանից հաճախել է դպրոց։ Դպրոցի տնօրենը չի ցանկացել ընդունել, սակայն մարզպետարան դիմում գրելուց և Վահեի գիտելիքները ստուգելուց հետո «հանձնվել» է։
«Արդեն 7-րդ դասարանից սկել է գրել վիպակներ, արձակ ստեղծագործություններ։ Մի քանի տարի աշխատեց վիպակների վրա, բայց դեռ չենք տպել, կիսատ են, չգիտենք՝ մենք ավարտենք, թե այդպես թողնենք, որն է ճիշտ։ Բազմաթիվ ծրագրեր էր գրում ու իրականացնում աշակերտների հետ։ Շատ էր սիրում իր գյուղը, կազմակերպում էր շաբաթօրյակներ, որ գյուղում մաքրութուն անեն։ Առաջատար էր»,-պատմեց մայրը։
Նրա խոսքով՝ մեկ անգամ ներկա է գտնվել որդու բանավեճի խմբակին ու այլ կողմից ճանաչել Վահեին, նրան «Բանավեճի վարպետ» են կոչել։
«Ուսման ծարավ էր, իրեն չէր բավականացնում անգամ Հայաստանի ուսումը։ Համեմատում էր Ամերիկյան համալսարանի ուսման հետ և փոշմանում, որ չէր ընդունվել այդ համալսարան։ Ավելին էր ուզում, բայց չէր ստանում»,-ասաց տիկին Հասմիկը։
Վահեի վերջին հեռախոսազանգը եղել է սեպտեմբերի 29-ին, հոր հետ է խոսել ու էլ չի զանգել։
Մանրամասները՝ տեսանյութում։