Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները, այս մասին ապրիլի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովում։
Պետության ղեկավարը բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցումն է․ «Եթե պատվիրակությունը չի մասնակցում վեհաժողովի նիստերին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրությանը, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի վճիռները կհամարվեն անվավեր: Մենք զրկված ենք ձայնի իրավունքից։ Մենք չենք քվեարկել այդ դատավորների օգտին և չգիտենք, թե ովքեր են նրանք»։
2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն հրաժարվել է վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 76, 4-ը ձեռնպահ են մնացել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկած 76 պատգամավորի մուտքը երկիր սահմանափակվել է: