«Հորս պատանդի կարգավիճակում ՌԴ-ում են պահում»․ դուստրն ահազանգում է ՀՀ գլխավոր դատախազին

Ավելի քան 8 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է և պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դստեր՝ Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի և նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ։

2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա և հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց՝ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։

«Հորս մեղադրում են իմ նախկին ամուսնու ու նրա հոր սպանության նախապատրաստման մեջ։ Մենք ամուսնացած ենք եղել 10 տարի առաջ, ամուսնալուծությունից հետո ընդհանրապես չենք հանդիպել, չենք շփվել, ոչ մի ընդհանուր բան չունենք»,- նշում է Մարինան։

Փաստաբաններին և Խաչատրյանների ընտանիքին զարմացնում է նախաքննության առաջ քաշած վարկածն այն մասին, որ նախկին փեսային և խնամուն սպանելու դիտավորությունը Տիգրան Խաչատրյանի մոտ իբր առաջացել է Գարեգին Մուրադյանի կողմից դստեր առողջությանը լուրջ վնաս հասցնելու հետևանքով, ինչը հանգեցրել է հղիության ընդհատման։

Մարինա Խաչատրյանը պնդում է, որ նախկին ամուսնու հետ բաժանվել են 10 տարի առաջ՝ առանց թշնամության ու կոնֆլիկտների։ Մարինան փորձել է կապվել նախկին ամուսնու հետ, հասկանալու՝ ինչ է կատարվել և արդյոք նա հավատացել է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին․

«Ես ուզում էի լսել նրան, բայց ինքը չցանկացավ ինձ հետ խոսել»։

Տիգրան Խաչատրյանի ընտանիքը հետագայում է հասկացել, թե ինչու են այս իրադարձությունները տեղի ունենում իրենց հետ։ Նրանցից փորձել են գումար շորթել, իսկ գործարարի ձերբակալությունը կազմակերպել են՝ իրենց հանցավոր մտադրությունը իրագործելու համար։

ՌԴ-ում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյաններին։

«Որևէ փաստական տվյալ գործի մեջ չկա, չկա ապացույց, որ Տիգրան Խաչատրյանը հանցանք է կատարել։ Կա ընդամենը անանուն անձանց հայտնած տեղեկություններ, ինչպես նաև մեր ողջամիտ կասկածը, որ այդ անանուն վկաները այստեղից են գործուղվել և ցուցմունք տվել Խաչատրյանի դեմ»,- նշում է Խաչատրյանների ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սիմոնյանը։

Գաղտնի վկաներից մեկը, ըստ Մարինա Խաչատրյանի, իր մոր մանկության ընկերուհին է, ով որոշ ժամանակ անգամ իրենց տանն է բնակվել։ Երկրորդ գաղտնի վկան նույնպես ընտանիքին մոտ մարդ է եղել։ Նրա հետ կապված՝ մինչև ձերբակալությունը, առեղծվածային միջադեպ է տեղի ունեցել։ Մի օր նա Տիգրան Խաչատրյանին հրավիրել է սրճարան՝ սուրճ խմելու։ Տուն վերադառնալուց հետո սրճարանի աշխատակիցները կապվել են Խաչատրյանի հետ և հայտնել, որ նրան գաղտնի տեսաձայնագրել են։

Մարինա Խաչատրյանը կարծում է, որ հնարավոր է այդ ձայնագրությունն էլ օգտագործվում է իր հոր դեմ՝ ՌԴ-ում հարուցված քրեական գործի շրջանակում։

Ըստ քրեական գործի՝ քննությամբ չպարզված ժամանակահատվածում, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, Երևանում Տիգրան Խաչատրյանն իբր հանցավոր դիտավորության իրականացմանը ներգրավել է մեկ այլ անձի, որը հետագայում ստացել է վկայի կարգավիճակ՝ «Ավետիսյան Ա.Ա.» կեղծանունով։ Վերջինս համաձայնել է մասնակցել սպանությանը 20.000 ԱՄՆ դոլար պարգևատրման դիմաց՝ պարտավորվելով 80.000 ԱՄՆ դոլարի դիմաց գտնել մեկին, ով անմիջականորեն կիրականացնի սպանությունը։ Գաղտնի վկան, համաձայնելով մասնակցել սպանությանը, փաստացի տեղեկացրել է իրավապահ մարմիններին Տիգրան Խաչատրյանի առաջարկի մասին։ Այսինքն, Երևանում սպանության պատվեր ստանալուց հետո նա ոչ թե դիմել է տեղի ոստիկանությանը, այլ մեկնել է ՌԴ ու այնտեղ, կոնկրետ ոստիկանական բաժնում, հաղորդում տվել հանցագործության մասին։

Մարինան պնդում է, որ հանցավոր խումբը, որը ցանկանում է իրենց ընտանիքից գումար շորթել, շարունակում է գործել, իսկ խմբի անդամներից մեկը ներկայումս գտնվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Այս ամենի մասին Խաչատրյանների ընտանիքը հայտնել է Հայաստանի իրավապահ մարմիններին, օգնություն խնդրել, սակայն պատշաճ արձագանք չի ստացել։

«Հայրս երբեք հանցավոր անցյալ չի ունեցել, հանցավոր պատմությունների մեջ ներգրավված չի եղել։ Միայն մեկ քրեական գործով է անցել որպես վկա, դա շատ հայտնի քրեական գործ է եղել։ Այս անդրազգային հանցավոր խումբը կապ ունի այդ գործի մեղավորներից մեկի հետ, ում վերաբերյալ հայրս վկայություն է տվել։ Մեզ նույնիսկ հայտնի է այն անձը, ով հորս դեմ այդ պատվերն իջեցրել է ՌԴ իրավապահ մարմիններին։ Այս տեղեկությունները մենք փոխանցել ենք ՀՀ իրավապահ մարմիններին։ Օգոստոս ամսից մինչ օրս հայտնվել ենք շատ դժվար իրավիճակում, քանի որ պատշաճ քայլեր ու պատասխան չենք ստացել մեր իրավապահ մարմիններից»,- նշում է Մարինան։

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը պնդում է, որ քրեական գործում ապացույցները բացակայում են, և եթե դրանք լինեին, ապա զննության կամ գոնե փորձաքննության կենթարկվեին։ Ըստ ՌԴ նախաքննական մարմնի՝ 2024 թվականի հուլիսի 16-ին Գարեգին և Արամ Մուրադյանները կամավոր համագործակցությամբ ներգրավվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների մեջ, որոնց շրջանակում իրականացվել է նրանց սպանության իմիտացիա։ Այնուհետև, ըստ գործի նյութերի, գաղտնի վկան հայտնել է, թե Տիգրան Խաչատրյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս տեղեկացրել է, որ պատվերն իրականացված է, և համացանցի միջոցով ուղարկել է սպանության լուսանկարները։

Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը։ Նրա ընտանիքն ու փաստաբանները խորապես համոզված են, որ նրա դեմ Հայաստանում «պատվեր» է իրականացվում՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ կապ ունեցող անձանց կողմից։ Խաչատրյանների ընտանիքը դիմել է ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը և Քննչական կոմիտեին։ Չնայած ՔԿ-ում շորթման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, քննությունն ամիսներ շարունակ տեղից չի շարժվում։

«Այդ մարդը փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Ես խնդրում եմ մեր իրավապահ մարմիններին, քննչական մարմիններին, Գլխավոր դատախազին, որ քննիչներ գործուղեն այնտեղ, սերտ համագործակցեն ՌԴ իրավապահ մարմինների հետ, որպեսզի այս գործը կարողանան լուծել»,- նշում է Մարինան։

Տիգրան Խաչատրյանի ընտանիքը դիմել է Iravaban.net-ի խմբագրություն, ծանոթացրել այս արտառոց գործին, և մեր լուսաբանումները շարունակվելու են։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել