Օրեր առաջ Iravaban.net-ը հրապարակում էր կատարել Տիգրան Խաչատրյանի ընտանիքի ահազանգի հիման վրա. Խաչատրյանին մեղադրում են իր նախկին փեսայի և խանուհու սպանության պատվեր տալու համար։ Սակայն ընտանիքը վստահ է, որ անդրազգային հանցավոր խումբը փորձում է նրան կալանքի տակ պահելով՝ շորթում իրականացնել։
Ընտանիքի խոսքով՝ գաղտնի վկաներից մեկը, որը ցուցմունք է տվել Տիգրան Խաչատրյանի դեմ, նրանց ծանոթներից է։ Մարինա Խաչատրյանի այս հրապարակումից հետո մեզ են դիմել այն անձինք, ովքեր պնդում են, թե տուժել են նույն կնոջ՝ Կարինեի գործողություններից։ Ըստ նրանց՝ վերջինս գումարներ է վերցրել կամ վարկեր ձևակերպել իրենց անուններով, սակայն չի մարել դրանք, հեռացել է՝ թողնելով նրանց պարտքի մեջ։
Մեր զրուցակիցների անուններն ու ձայները փոխված են՝ նրանց անվտանգությունը պաշտպանելու համար։
«Կառայի հետ ինձ ծանոթացրել է իմ ընկերուհին, որն ուսուցիչ է էլի։ Ընկերուհուս մոտ վստահություն էր ձեռք բերել, նա հաճախ էր գումար տալիս պարտքով, Կառան էր վերադարձնում էր։ Երբ էլի պետք եղավ, ընկերուհիս ինձ դիմեց, Կառայի հետ ծանոթացրեց։ Տպավորությունը վատը չէր, թե չէ գումար չէի տա»։
Նա կորցրել է շուրջ 10 հազար դոլար՝ իր բոլոր խնայողությունները, որոնք կուտակել էր աշխատելով տարիներ շարունակ․ «Որ տվեցի՝ ասեցի, որ դա իմ վերջին գումարն է, պետք է տաս։ Իմ տարիների աշխատածն է։ Ես չէի պատկերացնում, որ սենց վիճակ կլինի»։
Ըստ մեր երեք զրուցակիցների՝ Կարինեն գումարները վերցրել է 2024-ի ընթացքում։ Նրանցից մեկն՝ 70-ամյա կինը, դիմել է իրավապահներին, սակայն ապացույցներ չունի, որ գումարը փոխանցել է նրան։
Կարինեն հայտնել է, որ իրեն պատկանող խանութների գործունեության համար գումար է անհրաժեշտ եղել։ Անժելան հաստատում է, որ նա բիզնես է ունեցել, ունեցել է ԱՁ-ներ և ՍՊԸ-ներ։ Նա բազմաթիվ մարդկանց է խնդրել՝ իրենց անունով վարկեր վերցնել։
Անժելայի խոսքով՝ բանկի կառավարիչը տեղեկացրել է, որ Կարինեն վարկերի մարումներ չի կատարում, իսկ պարտավորությունները փոխանցվել են երաշխավորներին։ Երբ Անժելան կապվել է Կարինեի հետ, նա խոստացել է՝ ամեն ինչ կվճարի։
«Մի սիրուն օր վեր կացավ ու Հայաստանից փախավ, բոլորիս փողեց այս վիճակի մեջ։ Գնացել եմ Քննչական կոմիտե, դիմել եմ, մերժեցին։ Ասեցին՝ դուք ձեր հոժար կամքով եք գնացել, կանգնել երաշխավոր։ Ասում եմ՝ բայց էդ մարդը փախել ա, փախել ա ոչ միայն մեզ համար, այլ շատ մեծ գումարներ ունի բոլորից վերցրած»։
Անժելան նաև նշում է, որ Կարինեն օգտվել է բանկում աշխատող իր ծանոթներից՝ մասնավորապես, ոմն Վահագից, որը օգնել է ձևակերպումների հարցում։ «Դատալեքս»-ի տվյալներով՝ բանկերից մեկը դիմել է դատարան՝ Կարինեին սնանկ ճանաչելու պահանջով։ Վերջինիս տրամադրվել է շուրջ 240 հազար դոլարի վարկ, որից մոտ 180 հազարը նա չի մարել։ Գրավ է հանդիսացել Սայաթ-Նովա պողոտայում գտնվող բնակարանը։
«Հարազատ մորաքույրը, 83 տարեկան, վերջերս մահացել է։ Տեղեացվել եմ, որ բանկից կնոջը հայտնել են, որ տունը պետք ա վաճառքի հանեն, որովհետև Կարինեն դա էլ էր գրավ դրել, կինը վատացել ա, տարել են հիվանդանոց, 2 օր խելքի չգալով մահացել ա։ 83-ամյա կինը տենց մահացավ, մենակ, անտեր»։
Էլիզան ևս պատմում է իր փորձի մասին։ Նա ցանկացել է օգնել Կարինեին, երբ վերջինս խնդրել է իր անունով վարկ վերցնել։ Էլիզան նշել է, որ վարկային պատմություն չունի, բայց Կարինեն ասել է՝ ծանոթներ ունի, ամեն ինչ կկազմակերպեն։
«Տարբեր բանկերով 1, 2 միլիոնի տեսքով հասել են 10 միլիոնի։ Քանի որ վաղուց չի մարվել, գումարի չափն աճել է։ Մի քանի օր առաջ էլ պարզվեց, որ Կարինեի գրավադրած ոսկին, որն իմ անունով էր, կոցրել է, քանի որ մարումներ չի կատարել։ Ես պարտք եմ բանկին, տոկոսները պետք է մարել, բայց ես բանկին հայտնել եմ, որ չեմ մարելու, քանի որ դա իմը չի»։
Էլիզան ևս դիմել է Քննչական կոմիտե, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Նա չի տեղեկացրել իր հարազատներին այդ մասին, քանի որ վստահ էր՝ նրանք դեմ կլինեին։ Ներկայումս չի կարողանում կապ հաստատել Կարինեի հետ։ Ըստ իր տեղեկությունների՝ նա գտնվում է Վրաստանում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում։
Տիգրան Խաչատրյանի դուստրը հարց է բարձրացնում՝ ինչպես կարելի է հավատալ մի կնոջ ցուցմունքին, որն այսպիսի պատմությունների մեջ է ներգրավված. «Պատկերացում անգամ չունեմ, թե նման բնութագրով անձի ցուցմունքներն ինչպես կարող են արժանահավատ համարվել»։
Մարինա Խաչատրյանը հավելում է, որ երկրորդ գաղտնի վկան ևս այդքան վստահելի չէ։ Նա անդրադառնում է նաև մամուլում հայտնված հրապարակումներին իր՝ ԱԳՆ-ում աշխատանքի վերաբերյալ. «Ավելի քան 10 տարի ծառայում եմ, աշխատել եմ տարբեր երկրներում որպես դիվանագետ, եղել եմ հյուպատոս»։
Ըստ նրա՝ ընտանիքի նկատմամբ ճնշումը շարունակվում է. «Եթե այսպես շարունակվի, ստիպված եմ լինելու հրապարակել այն բոլոր անձանց անունները, ովքեր կազմակերպել են այս ամեն ինչը։ Հրապարակելու եմ նաև այն պաշտոնատար անձանց անունները, ովքեր ուղղակի կամ անուղղակի օժանդակել են այս հանցագործներին։ Հրապարակելու եմ նաև այն անձի անունն ու տվյալները, որն այս պատվերն իջեցրել է ՌԴ իրավապահ մարմիններին ու ոչ միայն։ Ստիպված եմ լինելու այդ քայլին գնալ»։
Հայտնի է դարձել, որ անդրազգային հանցախմբի օժանդակությամբ ՌԴ-ում մի պաշտոնյա վերջերս ստացել է գեներալի կոչում։ Iravaban.net-ի խմբագրությանը նաև ձայնագրություն է փոխանցվել, որտեղ Կարինեն խոսում է պարտատերերի մասին։
Մարինան նշում է՝ եթե ճնշումները չդադարեն, ինքը ստիպված կլինի բացահայտել բոլոր ներգրավված անձանց անունները մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայկական և ռուսական մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործարար Տիգրան Խաչատրյանը ավելի քան ութ ամիս է՝ կալանավորված է Ռուսաստանում։ Նրա դուստրը վստահ է, որ հոր դեմ գործը կեղծ է և կազմակերպվել է անդրազգային հանցախմբի կողմից՝ շորթման նպատակով։ Ըստ նրա՝ գործը հիմնված է միայն երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը ընտանիքին հայտնի է։ Նրանցից մեկը՝ Կարինեն է։
Մանրամասները՝ տեսանյութում։