Iravaban.net-ը զրուցել է Ռուսաստանի Դաշնությունում անազատության մեջ պահվող գործարար Տիգրան Խաչատրյանի փաստաբան, Մոսկվայի փաստաբանական պալատի անդամ Վլադիմիր Սարուխանովի հետ։ Նրա խոսքով՝ գործի քննության ամբողջ ընթացքը լի է եղել խախտումներով։
2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա և հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց՝ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։
«Մեծ խախտումներով է ընթանում նաև նույնականացումը։ ՌԴ օրենսդրության համաձայն՝ նույնականացումը պետք է տեղի ունենա այնպիսի պայմաններում, երբ ստատիստները, որոնց միջև պետք է նույնականացում կատարվի, պետք է Տիգրան Խաչատրյանին նման լինեն։ Դրա տեսաձայնագրությունը մենք ունենք։ Սակայն ստատիստներից մեկը սլավոնական արտաքինով մեկն է եղել, իսկ Քննչական կոմիտեում կատարվող գործողությունների ժամանակ էլ իմացա, որ մյուս ստատիստն ընդամենը անցորդ է եղել։ Այսինքն՝ գաղտնի վկաներից մեկը ՔԿ մուտք գործելիս տեսել է նրան։ Հետևաբար, նա ընտրել է սլավոնական արտաքինով տղամարդու և Խաչատրյանի միջև»։
Բացի այդ, փաստաբանի խոսքով, ՌԴ-ում նույնականացումը կիրառվում է այն դեպքերում, երբ վկան ինչ-որ բանում վստահ չէ, սակայն գաղտնի վկան պնդել է, թե ճանաչում է Տիգրան Խաչատրյանին 2014 թվականից։ Հարց է առաջանում՝ եթե այդքան երկար ժամանակ ճանաչում ես մարդուն, ապա ինչու է անհրաժեշտ նույնականացում։
«Մեզ այդ ժամանակ պարզ դարձավ, որ այս խախտումների լույսի ներքո… նույնիսկ ընթերականները, իսկ մեր գործով նույնականացման ժամանակ ընթերականներ էլ են եղել։ Ընթերականներն էլ եղել են ոստիկանության աշխատակիցներ՝ կամ ոստիկաններ, կամ էլ քննչական մարմինների այլ աշխատակիցներ։ Սա ամենամեծ խախտումն է։ Դրանից հետո նրան տեղափոխել են մեկուսարան»։
Սարուխանովը նշում է, որ ՌԴ դատավորները կաշկանդված են պատասխանատվությամբ։ Տիգրան Խաչատրյանին մեղադրում են սպանություն նախապատրաստելու մեջ, և հոդվածի լրջությունից ելնելով՝ դատավորները մանրակրկիտ չեն ուսումնասիրում գործի նյութերը։ Գործով տուժող ճանաչված Խաչատրյանի դստեր նախկին ամուսինը՝ Գարեգին Մուրադյանը, և Արամ Մուրադյանը հայտարարել են, որ ոչինչ չեն գիտակցում գործի վերաբերյալ։ Նրանց կանչել են ու հայտնել, որ իբր ցանկանում են սպանել։
«Իմ պաշտպանյալ Խաչատրյանը հենց այդպես էլ ասել է՝ ոչ մի պահանջ չունի տուժողներից։ Նրանք լավ ծանոթներ են, նախկին բարեկամներ, որոնց նա 10 տարի չի տեսել։ Տուժողներից մեկն էլ իր դստեր նախկին ամուսինն է, որի հետ բաժանումը տեղի է ունեցել ընտանեկան պատճառներով։ Ընտանեկան կյանքը չի ստացվել։ Մենք այժմ հերքում ենք սպանության նախապատրաստման մեղադրանքը»։
Սարուխանովը պնդում է՝ այս պայմաններում որևէ դատավոր չի համարձակվի իր վրա վերցնել պատասխանատվություն՝ փոխելու Խաչատրյանի խափանման միջոցը, նույնիսկ գործի այսպիսի նյութերի պարագայում։ Փաստաբանը նշում է, որ իրենց հայտնի է գաղտնի վկաների ինքնությունը. նրանցից մեկը կին է, որի դեմ խարդախության հետ կապված մեղադրանքներ են առաջադրված։
«Ինքը՝ Խաչատրյանը, ծնվել է 1968 թվականին, ինչը նշանակում է, որ նա ունի քրոնիկ հիվանդություններ։ Նրա համար դժվար է բանտում գտնվելը։ Չնայած մեկուսարանում պայմաններն ընդունելի են, նա դիմանում է, նրան ոչինչ չի սպառնում՝ առողջական վիճակի վատթարացումից բացի»։
Փաստաբանը խոսել է նաև Խաչատրյանի հոգեբանական վիճակի մասին։ Տիգրան Խաչատրյանը ընկճված է, քանի որ շուրջ 9 ամիս գտնվում է բանտում՝ մի մեղադրանքով, որի հետ, ըստ իր խոսքերի, կապ չունի։ Գաղտնի վկաներից մեկը մարդ է, ում Խաչատրյանը ճանաչել է։ Սարուխանովի մոտ նաև հարցեր են առաջացել՝ ՀՀ քաղաքացու՝ ՌԴ-ում, Մոսկվայի կոնկրետ բաժնում հաղորդում տալու մոտիվացիայի վերաբերյալ։
«Մեզ համար պարզ է, որ Մոսկվայում առանց լավ կապերի այդ գաղտնի վկան չէր հայտնվի քաղաքի հյուսիս-արևելյան շրջանի ոստիկանության բաժանմունքում։ Ընդհանրապես Մոսկվայում չէր հայտնվի։ Իրադարձությունների զարգացման հիերարխիայի համաձայն՝ մարդը հանցագործության մասին տեղեկատվություն է ստանում կամ նախապատրաստվող հանցագործության մասին և գնում է ոստիկանության այն բաժանմունքը, որը մոտ է իր բնակության վայրին»։
Վլադիմիր Սարուխանովին նույնպես հայտնի է անդրազգային հանցավոր խմբավորման գոյության մասին, որը ճնշումներ է գործադրում Խաչատրյանների ընտանիքի վրա՝ շորթման նպատակով։ Նրա խոսքով՝ ոչինչ չի թաքցվում, ուղղակի սպառնալիքներ են հնչեցվում։
«Նշված անձինք Ռուսաստանում չեն, որքանով ինձ հայտնի է, սակայն ես համարձակվում եմ ենթադրել, որ առանց ծանոթության, առանց հովանավորչության նման քրեական գործը շատ դժվար է մեռած կետից տեղաշարժել»։
Մի քանի օրից դատարանում նորից քննարկվելու է Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցի երկարաձգման հարցը։ Սարուխանովը որևէ հույս չի կապում այդ նիստի հետ, սակայն հույսեր է կապում հիմնական դատաքննության և երդվյալ ատենակալների հետ։
«Մենք կապացուցենք, որ Խաչատրյանն անմեղ է։ Երդվյալ ատենակալները, իհարկե, կարդարացնեն նրան։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այս ապացույցների ծավալի պարագայում, եթե այդպես կարելի է ասել, դատարանը չի կարող մեղադրական դատավճիռ ընդունել»։
Այս գործին զուգահեռ Տիգրան Խաչատրյանի ընտանիքի նկատմամբ ճնշումները շարունակվում են։ Նրա դուստրը՝ Մարինան, նույնպես առաջիկա նիստից, որի ընթացքում քննարկվելու է հոր կալանքի երկարաձգման հարցը, որևէ ակնկալիք չունի։
Հիշեցնենք՝ արդեն 9 ամիս է, ինչ Տիգրան Խաչատրյանը գտնվում է անազատության մեջ։ Ամբողջ գործը կառուցված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, ովքեր, ըստ Խաչատրյանների, ընտանիքին մոտ մարդիկ են եղել և գործում են անդրազգային հանցավոր խմբի ուղղորդմամբ։