«Կյանքում չկան հաջողություններ և անհաջողություններ. կան դրանց սուբյեկտիվ ընկալումներ»: Ահա այն կարգախոսը, որով առաջնորդվում է դատաիրավական ոլորտը լուսաբանող լրագրող Զարուհի Մեջլումյանը:
Իրավաբան.net-ը շարունակում է հարցազրույցների շարքն իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը «ԱրմՌադիո»-ի և «Հետք» ինտերնետային կայքի լրագրող Զարուհի Մեջլումյանն է:
Փոքր տարիքում սովորաբար բոլոր երեխաները երազում են բժիշկ դառնալու մասին: Ո՞րն է եղել մանկության Ձեր երազանքը: Արդյո՞ք երազել եք լրագրող դառնալու մասին:
-Փոքր տարիքում հաստատ բժիշկ չեմ ուզել դառնալ, նույնիսկ վախեցել եմ բժիշկներից: Լրագրող դառնալու մասին սկսել եմ երազել 6-րդ դասարանից: Այդ ժամանակ «Կանչ» թերթն էր լույս տեսնում, որտեղ սկսեցի տպագրվել 7-րդ դասարանից: Այնուհետև ընդունվեցի և 2 տարի սովորեցի Ժուռնալիստների միությունում Պատանի լրագրողի դպրոցում, որից հետո, միանշանակ, որոշեցի, որ ես պետք է դառնամ լրագրող:
Իմ ընտանիքում բոլորը տեխնիկական կրթություն ունեն: Բայց ես, երդվյալ իմ մասնագիտական ընտրությանը, այնումենայնիվ կարողացա 16 տարեկանում կայացնել իմ առաջին ինքնուրույն որոշումը:
Երբևէ զղջացել եք Ձեր կատարած ընտրության համար: Հիասթափության պահեր եղե՞լ են, որոշե՞լ եք թողնել լրագրությունը:
-Երբեք չեմ զղջացել, քանի որ լրագրությունն իմ տարերքն է: Լրագրության մեջ ես ինքս եմ, ինձ զգում եմ իմ ափսեի մեջ… Երբ ամեն մի հոդվածով կարող եմ մի փոքրիկ լույս բերել այն մարդկանց ճակատագրերում, որոնց մասին գրում եմ: Հիշում եմ իմ գրած առաջին նյութը, որը և դարձավ մասնագիտական առաջին լացիս պատճառը: Այդ ժամանակ ես ընդամենը 13 տարեկան էի: Դպրոց գնալիս մի մուրացիկ ինձանից խնձորներ խնդրեց: Ես տարա այդ խնձորները: Ինձ վրա այնպես ազդեց այն տեսարանը, թե ինչպես էր նա իր մրոտված ձեռքերով ուտում այդ խնձորները: Եվ ես գրեցի իմ առաջին նյութը մուրացիկների մասին ու միանգամից տարա «Կանչ» թերթի խմբագրություն:
Արդեն գրեթե 4 տարի է շարունակ լուսաբանում եք իրավական ոլորտը: Արդյո՞ք եղել է որևէ խթան ոլորտի ընտրության հարցում:
-Մարդու կյանքում կան դեպքեր, գրքեր, անձինք, ովքեր դառնում են շրջադարձային: Իմ կյանքում այդպիսի դեպք տեղի է ունեցել 2009 թվականին, երբ բանտից փախուստ էին կատարել երկու ցմահ դատապարտյալներ՝ Մհեր Ենոքյանը և Սողոմոն Քոչարյանը: Մհեր Ենոքյանի պատմվածքը տպագրվել էր մամուլում և մասնակցում էր գրական մրցույթի: Այն կոչվում էր իրական պատմություն և նկարագրում էր իր փախուստի 21 օրերը: Այն կարդալուց հետո ինձ մոտ ուղղակի ցանկություն առաջացավ տեսնել այդ տողերի հեղինակին: Դատավարության ժամանակ ես տեսա Մհերին և մասնակցեցի դատավարության ամբողջ գործընթացին: Ամեն անգամ զգում էի, որ այստեղ կա մեծագույն խնդիր՝ և՛պատժի առավելագույն չափի տեսանկյունից, և՛ դատական սխալների տեսանկյունից:
Եվ հենց այդ դեպքից հետո էլ ես սկսեցին իմ առաջին քայլերը իրավական լրագրությունում:
Տարիների ընթացքում այս ոլորտը լուսաբանելով՝ փորձել եք որևէ դրական արդյունքի հասնել, փոխել ինչ-որ բան արդարադատության համակարգում: Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Դա մի փոքր նախապատմություն ունի: Նախ ուսումնասիրության համար սկսեցի ընթերցել դատավճիռները՝ առաջին տողից մինչև վերջինը` հասկանալու համար՝ գուցե ես ինքս եմ սխալվում: Երբ կարդում էի դատավճիռները, այնտեղ գրված էր՝ ոչնչացնել իրեղեն ապացույցները: Ինձ համար դա չլսված մի բան էր, ինչպե՞ս է դա հնարավոր: Պետությունը պահպանում է մարդու կյանքը, բայց վերացնում այդ գործերի վերաբացման համար անհրաժեշտ հիմքերը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ մեր պետությունը մի մեծ հանցագործություն է կատարել և հետո շատ արագ վերացրել բոլոր ապացույցները: Բացակայում են հիմքերը՝ հետագայում այդ գործերին անդրադառնալու:
Դատաիրավական ոլորտում տեսածս խնդիրների մասին երկար ժամանակ բարձրաձայնելուց հետո ես վերջապես հասա արդյունքի: Իմ լուսաբանումների և հանդիպումների արդյունքում իրեղեն ապացույցների պահպանումը Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով մտավ որպես նորմ: Ես հենց սա էլ համարում եմ իմ լուսաբանումների արդյունքում գրանցված ամենամեծ ձեռքբերումը:
Դուք նաև «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահն եք, որը զբաղվում է դատապարտյալների խնդիրներով: Մի փոքր պատմեք ՀԿ-ի մասին: Ինչպե՞ս որոշեցիք այն ստեղծել:
-Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ միայն լրագրությամբ շատ քիչ բան կարող եմ անել և կան խնդիրներ, որոնց լուծման համար հարկավոր են մասնագետներ: Անշուշտ հետաքննություններն ազդում են մարդկանց վրա, հասարակական կարծիքի վրա, բայց պետական համակարգերն անդրդվելի են:
Որոշեցինք ձևավորել մի խումբ, ովքեր կզբաղվեն այդ խնդիրներով: Արդեն 6 ամիս է գործում այն: Ունենում ենք տարբեր հանդիպումներ համապատասխան մարմինների և մասնագետների հետ: Բայց երբ գալիս է գործելու պահը բավական խնդիրներ են առաջանում, քանի որ դժվար է մեկին խնդրել որպես բարի կամքի դրսևորում ուսումնասիրի ասենք մի քանի հատորանի քրեական գործը, որը նաև բավական ժամանակատար է:
«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ն այժմ «Հետք» ինտերնետային կայքի հետ միասին անում է «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը: Դրա միջոցով ես փորձում եմ ցույց տալ այն մարդկանց ճակատագրերը, ովքեր տարիներ շարունակ գտնվում են անազատության մեջ և դատապարտված են ցմահ ազատազրկման:
Հիմա մենք ուզում ենք փորձաքննություններ պատվիրել դրսում, քանի որ չկան իրեղեն ապացույցները զուտ քրեական գործերի նյութերի հիման վրա 3D մոդելավորմամբ ստանալ այն պատկերը, որը 90-ականներին հնարավոր չէր ստանալ:
Կարո՞ղ եք այս պահին վերհիշել մի դեպք կամ պատմություն Ձեր նյութերի հերոսների հետ կապված, որը երբեք չեք կարող մոռանալ:
-Երևի թե այս պահին կհիշեմ ցմահ դատապարտյալ Ցոլակ Պողոսյանի գործը, որն ինձ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել: Նրան մեղադրել են իր ծառայակցի սպանության համար: Մեկ անձի սպանության համար դատապարտել են ցմահ ազատազրկման՝ կատարելով միայն դիակի դատաբժշկական փորձաքննություն: Որևէ այլ փորձաքննություն չկար արված: Նա չի ունեցել պաշտպան՝ ֆինանսական խնդիրների պատճառով, երկկողմանի ծնողազուրկ է: Սա այն գործն էր, որը հոգեբանորեն շատ էր ազդել վրաս: Երկար ժամանակ ուշքի գալ չէի կարողանում, անգամ Ցոլակին երազիս էի տեսել:
Ո՞րն է ըստ Ձեզ լրագրողի համար ամենակարևոր հատկանիշը: Ի՞նչ է հարկավոր լավ լրագրող դառնալու համար:
-Ըստ իս՝ լրագրողի համար ամենակարևորն իր հերոսին չվնասելն է: Պետք է հասկանանք, որ մեր ձեռքի գրիչը մեր նշտար է՝ մի փոքր այս կողմ կամ այն կողմ, կարող է վնասել: Թերևս ամեն ինչ գալիս է նրանից, թե ի՞նչ խնդիր է իր առջև դրել լրագրողը: Եթե քո նպատակը մարդու ճակատագիրը փոխելն է, ուրեմն դու պետք է դա անես առանց նրան վնասելու: Ես ինքս փորձում այդպես էլ անել:
Հաճախ կարելի է լսել, որ լրագրությունը եսասեր է և խանգարում է անձնական կյանքին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մոտեցումը:
-Ես այն բացառիկ կանանցից եմ, որ ինձ ավելի կայացած եմ զգում աշխատանքում: Ես ունեմ 10-ը տարեկան տղա, բայց հաճախ նրա դասերը հպանցիկ ստուգում եմ, որպեսզի սկսեմ զբաղվել լրագրությամբ: Չգիտեմ այստեղ ես եմ էգոիստ, թե լրագրությունը: Իմ որդին փորձում է հասկանալ ինձ, չնայած մեկ-մեկ նաև դժգոհում է: Մի անգամ ինձ ասաց, որ ինքը գտնվում է «մամա» քրեակատարորղական հիմնարկում, քանի որ ես փակում եմ դուռը տղայիս վրա և գնում իմ գործերով: Դրանից հետո ես տվեցի բանալին իրեն և ասացի, որ կարող է ազատ դուրս գալ տանից՝ ունենալով զբոսանքի իրավունք:
Ի՞նչ է տվել Ձեզ լրագրությունը:
-Ինձ այս ոլորտը շատ լավ թրծել է, և ես սկսել եմ անհաջողություններին վերաբերել նույն կերպ, ինչպես հաջողություններին: Նաև այն օգնել է ինձ ազատվել իմ վախերից: Ունեի մարդկային վախեր, որոնք ժամանակի ընթացքում նվազել են: Երբ միկրոֆոնն իմ ձեռքին է կամ երբ ես ռադիոյի խցիկում եմ՝ ես գերերջանիկ եմ: Չեմ պատկերացնում ինչպես կարող եմ առավոտյան արթնանալ ու չունենալ որևէ հարցազրույց կամ հանդիպում: Ամեն օր նոր մարդկանց հետ շփումներ: Ես ամեն օր առաջ եմ գնում, իսկ կյանքում ամենակարևորը առաջ գնալն է…
Եթե կյանքում լրագրող չլինեիք, ուրիշ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Երևի իրավաբան, կամ հնէաբան, չգիտեմ, չեմ մտածել այդ մասին: Համենայնդեպս, շատ մարդիկ կարծում են, որ իրավաբան եմ մասնագիտությամբ, իսկ նրանք, ովքեր գիտեն, որ լրագրող եմ, խորհուրդ են տալիս երկրորդ կրթություն ստանալ ու դառնալ իրավաբան: Բայց լրագրության մեջ ես ինձ ավելի պետքական ու կանչված եմ զգում:
Իրավաբան.net-ի հետ զրույցի վերջում Զարուհի Մեջլումյանը թերևս նշեց, որ լավագույն նյութերը պատմված նյութերն են: Այսինքն՝ պետք է շարադրել փաստերը և երբեք հիմարի տեղ չդնել սեփական ընթերցողին: Չպետք է նրան ստիպես մտածել ու զգալ այն, ինչ դու:
«Ես գրում եմ այն ինչ կա, իսկ թե ես ինչ եմ զգացել տվյալ թեման ուսումնասիրելիս, քանի գիշեր չեմ քնել, դա արդեն թողնում եմ իմ մեջ»,- եզրափակելով խոսքն ասաց լրագրողը:
Լուսանկարները՝ Զարուհի Մեջլումյանի անձնական արխիվից:
Արև Ավագյան