Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերը շատ կարևոր են մեր պետության, հասարակության զարգացման համար․ Iravaban.net-ի հետ զրույցում նշում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ ընդգծելով, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը նաև նախատեսել է մի շարք ընթացակարգեր՝ կապված այս ինստիտուտի կատարելագործման հետ։
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան այժմ իրականացնում են 2023-2024 թվականների գործողությունների մշտադիտարկում․ «Մեր դիտակետում է հայտնվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման և արդիականացման գործողությունը, որով նախատեսվում է՝ միջազգային փորձի հաշվառմամբ պետք է վերանայվեր օրենքը, բարելավվեր, ավելի արդյունավետ դարձվեր, քանի որ 2020 թվականին, երբ այն ընդունվեց, մի շարք փորձագիտական շրջանակներ, այդ թվում՝ մեր կազմակերպությունը, կոալիցիան, հանդես եկան դիտարկումներով, առաջարկություններով»։
Չնայած այս հանգամանքին՝ 2024 թվականին օրենսդրական փոփոխությունները տեղի չեն ունեցել։ ԻՀԱ նախագահը դեռևս 2016 թվականին է առաջարկել, որպեսզի ՀՀ-ում նման վարույթներ կիրառվեն, սակայն այն ձևաչափով, որ վարույթ է հարուցվում ոչ թե անձի, այլ գույքի դեմ։
Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել այս մոտեցումը, հայտնել՝ պետությունը նմանատիպ հայցերով կարող է դիմել դատարան։
Առաջարկելով 2 չափորոշիչ՝ Վենետիկ հանձնաժողովը նշել է, որ դրանցից մեկը վերաբերում է անհասանելի գույքին, մյուսը՝ բարեխիղճ տիրապետմանը․ «Ըստ իրենց պնդման՝ գույքը, նաև դրա օրինականությունը հավաստող ապացույցները կարող են անհասանելի լինել, և կոնկրետ անձի տիրապետման տակ չգտնվել, այս դեպքում պետք է հաշվի առնել ու այդ ապացույցները չպահանջել»։
Մյուս հարցը վերաբերում էր օրենքի հետադարձ ուժի կիրառմանը, եթե 2020 թ․ մայիսի 23-ին այն ընդունվել է, արդյոք կարող է այն ավելի վաղ շրջանի հարաբերությունների համար էլ կիրառելի լինել, քանի որ այն կարող է խստացնող ուժ ունենալ։
Հարկ է ընդգծել, որ այժմ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ չկա ՍԴ որոշումը, ինչը ուղենշային կարող է լինել ինստիտուտի զարգացման համար հատկապես այն դեպքում, երբ հակակոռուպցիոն դատարանն արդեն կայացնում է վճիռներ, իսկ որոշումից հետո կարող է բերվել նոր հանգամանք՝ գործերը նոր քննության տանելու հիմքերի ներկայացմամբ։
«ՍԴ-ն այս հարցով չի ցուցաբերում պատշաճ թափանցիկություն և հաշվետվողականություն, մասնագիտական հանրությանն ու առհասարակ հանրությանը չի ներկայացնում այն ողջամիտ ժամկետները, թե երբ կհրապարակվի այդ որոշումը»,-ասաց ԻՀԱ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։