«Ես հիշում եմ մանկության տարիները, ինչպես ինձ մոտ առաջացավ սերը դեպի նկարչությունը։ Դրա հիմնական ստեղծողը, խթանիչ ուժը հորս կողմից էր․ ինքը շատ էր սիրում նկարչությունը։ Լինելով քիմիա-բիոլոգիայի, անատոմիայի մասնագետ, շատ սեր ուներ դեպի նկարչությունը, և ինքն էլ արթնացրեց այդ սերը ինձ մոտ»,-պատմում է նկարիչ Վիլիկ Զաքարյանը։
Նկարչին գրավել է ինքնուրույն ստեղծելու, ստեղծագործելու հնարավորությունը և սեփական մտքի թռիչքը մակերեսի վրա տեսնելու ցանկալի պահը․ «Մեծ քեռիս, ոչ պրոֆեսիոնալ նկարիչ լինելով, պատերազմում զոհված հարազատ եղբոր դիմանկարն էր ստեղծել։ Փոքր տարիքում, երբ նայեցի ու իմացա, որ դա նկարել է մեծ քեռիս, ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց, որովհետև այդ տարիքում չէի պատկերացնում՝ մարդ ձեռքով նկարի այդպիսի դեմքի արտահայտություն և այլն»։
Վիլիկ Զաքարյանն այդ պահին մտածել է՝ տեսնես կկարողանա՞ ինքն էլ այդպիսի մի բան անել․ «Երևի դա էլ ինձ տրամադրեց և հետաքրքրություն առաջացրեց դեպի նկարչությունը»։
Նկարչի կտավը նրա հոգու արտահայտությունն է, որտեղ յուրաքանչյուր գիծ ու գույն դառնում է անձնական մի լեզու, որը բացահայտում է ստեղծագործողի ամենախորը գաղտնիքները։
Նրա արվեստը այնպիսի մի սրտամոտ լեզու է, որը խոսում է ոչ միայն տեսնելու, այլ նաև զգալու լեզվով՝ իր ստեղծած աշխարհներով շրջելով արվեստասերի հոգում։
Արձագանքեք նկարիչների ներքին աշխարհին, շոշափեք նրանց ստեղծագործական մղումները և բացահայտեք կյանքի հրաշալիքները՝ այդքան ուրույն և յուրահատուկ հայացքով։ Նկարչի գործերն այն չէ, ինչը պարզապես տեսնում ենք, այլ այն, ինչ զգում ենք, և «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի երրորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, կկարողանաք այդ բացառիկ ու մագնիսական ուժը ստանալ ու բացահայտել հետաքրքիր աշխարհը։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: