«Կյանքն ու արվեստը կապված են իրար հետ»․ նկարիչ Անդրեյ Շուգարով

Նկարիչ Անդրեյ Շուգարովն ասում է՝ նկարչությունն իր տարերքն է, մանկուց սիրել է զբաղվել դրանով, սկզբում մարդ, կենդանիներ, բնություն էր նկարում, ու հետո երբ տեղափոխվել են Երևան, հաճախել է նկարչության դասերի, տարիների ընթացքում շփվել այս ոլորտի հայտնի մարդկանց հետ։

Նա սիրով ու հպարտությամբ է հիշում իր ուսուցիչներին, պատմում այն ամենի մասին, ինչ սովորել է նրանցից։

Արվեստագետն այլ կերպ է ընկալում ու զգում աշխարհը, քանզի իր էությունը ևս ուրիշ է՝ ինքնատիպ, տարբերվող, յուրահատուկ, ճիշտ իր արվեստի նման։ Երբեմն փորձում ես բացահայտել այդ ստեղծագործ էությունը, տեսնել, թե ինչ մտքեր ու զգացողություններ են թաքնված նրա ներքո, որոնք էլ հենց այդ արարումների արտահայտություններն են, և որոնք ժամանակ առ ժամանակ իրենց տեղն են գտնում իր ստեղծած կտավներում ու գործերում։

Հետաքրքիր է այդ աշխարհն ու առավել հետաքրքիր է դառնում երբ խորասուզվում ու միաձուլվում ես դրա հետ։ Այդ ճանապարհը անցնելու հնարավորություն ու շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի երկրորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից:

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

«Արվեստը մաքրում է քո ներքին աշխարհը, ես բավականին շատ տեղերում եմ եղել, տեսել բարձր մակարդակի թանգարաններ՝ Փարիզ, Ամերիկա, Հռոմ, Վիեննա, դա էլ է ազդում, դա մաքուր արվեստ է, որտեղ մարդը աճում է։ Կյանքն ու արվեստը և՛ նման են, և՛ տարբեր․ եթե մարդու մեջ արվեստ չկա, կյանքն այլ կերպ է անցնում»,-նշում է Շուգարովը։

Նկարիչը պատմում է, որ շատ բաներ է փորձել և փորձում մինչ օրս, աշխատում է նոր բաներ, նոր ֆորմաներ գտնել իր արվեստի մեջ․ «Եթե դա չլինի, մարդը կանգնում է մի տեղ ու անընդհատ նույնն է անում։ Երբ սովորում էի ինստիտուտում, հասկացա, որ անընդհատ պիտի ման գաս, գտնես քոնը, բայց էդ քոնը գտնելը դեռ վերջ չի, որովհետև մի բան գտնելը նշանակում է, որ դրանից հետո էլ պիտի գնաս էլի նորը, էլի նորը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել