Ձեռնարկատիրական գործունեություն 17 տարեկանում, ուսուցչի աշխատանք սահմանամերձ գյուղում․ շարունակվում է Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվեց ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը, որ նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Գլխավոր դատախազությունը Արմեն Սաքապետոյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․

  1. Երևան, Արաբկիր, Գ․ Սունդուկյան փ 15-2 բնակարանը 0.42 տոկոսը
  2. Երևան, Դավթաշեն, Սասնա Ծռեր փողոց, 3 շենք, 11 բնակարանի, 1․75 տոկոսը,
  3. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․Ուլնեցու փողոց 58/20 շենք 88 շինության, 8 և 53 ավտոկայանատեղիների 15․44 տոկոսը,
  4. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․ Ուլնեցու փողոց 58/20 շենք 29 բնակարանի 18․58 տոկոսը,
  5. Կոտայք, Ծաղկաձոր, ք․ Օլիմպավան փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքի 16․44 տոկոսը,
  6. HONDA ENP մակնիշի մեքենայի 4․72 տոկոսը,
  7. LAND ROVER DEFENDER SE 3.0 մակնիշի մեքենայի 0․01 տոկոսը,
  8. Երևան, Կենտրոն, Թումանյան 21/2 հասցեում գտնվող անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքի 10․33 տոկոսը,
  9. Արմավիր, Վանանդ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքի 37,7 տոկոսը,
  10. Արմավիր, Արտամետ համայնքում գտնվող հողամասի ներկայիս շուկայական արժեքի 20,5 տոկոսը,
  11. «ԻՍԹԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ  ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի 0․07 տոկոսը,
  • Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կ․Ուլնեցու փողոց 58/20 շենքի 29 բնակարանը։

Արմեն Սաքապետոյից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․

  1. 59 միլիոն 608 հազար 302 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  2. 246 միլիոն 204 հազար 682 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել (․․․)։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով պատասխանող կողմը ներկայացված ապացույցների վերաբերյալ հարցեր ուղղեց հայցվորին։

Նիստի սկզբում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը հայտնեց, որ հայցադիմումի մեջ առկա «Ալմոնդ ագրո» ՓԲԸ-ի հետ կապված վերահաշվարկ է իրականացվելու, սակայն դրա վերաբերյալ միջնորդություն կներկայացվի ավելի ուշ։

Արմեն Սաքապետոյանը հայցվորին առաջին հարցն ուղղեց, որը վերաբերում էր 1998 թվականին և դրան նախորդող 1997 թվականին ZAZ 11 02 ավտոմեքենայի, ինչպես նաև այդ ընթացքում VAZ 21 00 ավտոմեքենայի առքուվաճառքին։

Նա նշեց, որ վերջին ավտոմեքենայի վերաբերյալ իրավասու մարմնին ներկայացրել է ձեռքի տակ առկա ապացույցները, որոնց մեջ ներառված են եղել վաճառքի փաստաթղթերը․ «Ստացվում է մի իրավիճակ, որ իմ կողմից ներկայացված ապացույցը մեկնաբանվել է ի վնաս ինձ, մասնավորապես, ավտոմեքենայի առքուվաճառքից գոյացող գումարը դիտվել է ապօրինի այն պատճառաբանությամբ, որ առկա չեն ավտոմեքենայի ձեռքբերման հիմք հանդիսացող ապացույցներ․ ես կխնդրեմ մեթոդական առումով սա մեկնաբանեք»։

Հայցվորի ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը պատասխանեց՝ քանի որ գույքի ձեռքբերման արժեքը չի պահպանվել, իրավասու մարմինը դրա օրինականության վերաբերյալ վերջնական դատողություն չի կարող անել․ «Հաշվի առնելով գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ գույքի օտարումից ստացված եկամուտը ապօրինի է դիտվել, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա օտարել եք 500 հազար դրամով, ենթադրաբար, դրանից ավելի շատ արժեքով պիտի, որ ձեռք բերած լինեիք, իսկ համապատասխան տարեթվին այդչափ օրինական եկամուտ չունեիք»։

Պատասխանող Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը ճշտեց՝ եթե այդ տվյալը չներկայացվեր, հաշվարկի մեջ արդյո՞ք 500 հազար դրամը պակաս էր լինելու, դատախազն ասաց՝ ենթադրաբար այո,  կան այլ ապացույցներ, որոնք հօգուտ պատասխանողի են ներկայացվել, իսկ այս ապացույցն ի վնաս է հաշվարկվել, քանի որ այդ ընթացքում բավարար օրինական եկամուտներ չեն եղել։

Արմեն Սաքապետոյանը նաև նշեց, որ այլ գործերով իրավասու մարմնի կողմից կա այնպիսի մոտեցում, երբ ուսումնասիրվող ժամանակահատվածի նախորդող ժամանակահատվածում հայտնի են դառնում ապօրինի եկամուտ կամ գույք, ապա դա չի մասնակցում հաշվարկին, հարցրեց՝ ինչով է պայմանավորված իրավասու մարմնի՝ միևնույն իրավիճակում տարբեր մոտեցումներ ցուցաբերելը։

Դատախազը պատասխանեց՝ իր վարույթում գտնվող գործերով նման գործարքների պարագայում ուսումնասիրվող և ապացույցների հավաքման ժամանակահատվածները չեն համընկնում, և իրավասու մարմինն, այնուամենայնիվ, գնահատական է տալիս ուսումնասիրվող ժամանակահատվածի նախորդող ժամանակահատվածում կատարված գործարքների մասով։

«Ուսումնասիրության ժամանակահատվածը սահմանափակում չունի, խոսքը ուսումնասիրող ժամանակահատվածի մասին է, որի ընթացքում ձեռք բերված գույքը ենթակա է բռնագանձման, այո՛, անսահմանափակ է եղել այդ ժամանակահատվածը, և մինչև ուսումնասիրվող նոր ժամանակահատվածը սահմանված գույքային ձեռքբերումներին իրավասու մարմինը հասանելիություն է ունեցել, եթե գույքն օրինական է եղել, եկամուտներն օրինական են հաշվարկվել, եթե ապօրինի է եղել, ուրեմն՝ ապօրինի։ 2007-ից առաջ համապատասխան գույքային ձեռքբերումերի ցանկին իրավասու մարմինը ծանոթացել և իրավական գնահատական է տվել»,-ասաց Նելլի Տեր-Թորոսյանը։

Արմեն Հարությունյանը նշեց՝ կա ժամանակահատված, գույքերը պետք է բացառապես դրան վերաբերեն․ «Եթե ուսումնասիրվող ժամանակահատվածից դուրս ապօրինի գույքի մասին է խոսքը, օրենքն արգելում է այդ գույքի նկատմամբ որոշակի պահանջներ ներկայացնելը»։

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը հայցվորից ճշտեց՝ երբ է արձանագրվել տրանսպորտային միջոցների օտարումից դրամական միջոցների ստացումը, հայցվորն ասաց՝ 2004 թվականին, իսկ ուսումնասիրվող ժամանակահատվածը 2007 թվականն է։

Հարցին, թե հայցի առարկայում տրանսպորտային միջոցի օտարումից ստացված դրամական միջոց որևէ ձևով ներառված է, թե ոչ, դատախազն ասաց՝ 500 հազար դրամը փոխակերպվել է, տարածվել է մյուս գույքային ձեռքբերումների մեջ, դատավորը նաև հարցրեց՝ այն փոխակերպվել է այլ գույքի, որի վերաբերյալ հայցի առարկայում բռնագանձման պահանջ կա, թե ոչ, դատախազը ասաց՝ այո, ներառվել է։

Արմեն Սաքապետոյանի մյուս հարցը վերաբերում էր 1999-2000 թվականներին Նռնաձորի դպրոցում իր՝ որպես ուսուցիչ աշխատելու (1 տարի և մի քանի ամիս) և աշխատավարձ ստանալու ժամանակահատվածին։ Հետաքրքրվեց՝ ինչպես է աշխատավարձը հաշվարկվել, ու արդյոք առկա վիճակագրությամբ նշվել են նաև հեռավոր սահմանամերձ գյուղում աշխատողներին տրվող հավելավճարները։

ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետ Կառլեն Ափինյանը հայտնեց՝ Վիճակագրական կոմիտեից միջին աշխատավարձին վերաբերելի տեղեկատվություն կա պետական և ոչ պետական սեկտորից, այդ տվյալներն են օգտագործվել։

Նելլի Տեր-Թորոսյանը հստակեցրեց․ «Մենք ներկայացրել ենք Վիճակագրական կոմիտեի կողմից նվազագույն աշխատավարձի վերաբերյալ տվյալ 2 հիմքով՝ պետական և մասնավոր սեկտորում,  ստացել ենք աշխատավարձի տվյալները․ ինչո՞ւ ենք դա հիմք ընդունել, որովհետև 2004-2012 թվականների մասով տեղեկատվությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է տալիս, 2013-ից հետո՝ ՊԵԿ-ը, մինչ այդ կատարված աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները, եթե պարզում ենք, արդեն համապատասխանաբար Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալներն ենք հիմք ընդունել, եթե անձը փաստացի տեղեկատվություն չի տրամադրում»։

Արմեն Սաքապետոյանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը հարցրեց՝ հավանական եկամուտների առկայություն կամ բացակայություն դիտարկվել է, թե ոչ, հայցվորը պատասխանեց՝ հաստատված են համարել այն փաստը, որ անձն այդ տարիներին աշխատել է, ստացված եկամուտը հաշվարկվել է Վիճակագրական կոմիտեից տրված տվյալների հիման վրա։

Նա ընդգծեց, որ 50% հավելավճար ստանալու վերաբերյալ տվյալները կվերանայվեն, եթե կլինի համապատասխան իրավական ակտ, դրան ևս գնահատական կտրվի։

Արմեն Սաքապետոյանը ասաց, որ 1995 թվականին գրանցված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, զբաղվել է 2 գործունեությամբ, ունեցել է բենզինի կրպակներ, հարցրեց՝ ինչո՞ւ այստեղ հայցվորը չի առաջնորդվում նույն սկզբունքով, կիրառում Վիճակագրական կոմիտեից տրված միջին եկումտների տվյալները։

Նելլի Տեր-Թորոսյանը նշեց, որ միայն այն հանգամանքը, որ վերջինս գրանցված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, չի ենթադրում, որ նաև եկամուտ է ստացել․ «Եկամուտի ստացման վերաբերյալ պետք է լինեն համապատասխան տվյալներ, այսինքն՝ ներկայացնեք, որ աշխատանքային գործունեություն եք ծավալել, և մենք էլ դրանով առաջնորդվելով հասկանանք՝ Վիճակագրական կոմիտե ներկայացվող տվյալները հաշվարկելու ենք, թե ոչ»։

Սաքապետոյանը չհամաձայնեց հայցվորի ներկայացուցչի հետ, քանի որ նրա պնդմամբ այստեղ իրավական հիմքը հենց իր կողմից ԱՁ ունենալն է․ «Այնտեղ էլ (Նռնաձորի դպրոցում աշխատելը) է հայտնի՝ ինչքան եմ ստացել, ստեղ էլ, այնտեղ դնում ենք միջին վիճակագրական, ստեղ չենք դնում, ԱՁ-ն այն իրավական կարգավիճակն է, որը հավասարեցվում է աշխատանքային պայմանագրին»։

Հայցվորի ներկայացուցիչն ասաց՝ միջին եկամուտների վերաբերյալ տվյալը տրվում է աշխատավարձերի մասով, ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում։

Փաստաբան Վարազդատ Ասատրյանն ի պատասխան հայցվորի՝ ասաց, որ այդ հարցը պետք է գնահատականի արժանանա,  իրավասու մարմնի կողմից դիրքորոշման վերանայման խնդիր կարող է առաջանալ։

Դատախազն արձանագրեց հետևյալը․ «Ենթադրվում է, որ անձը նաև կատարել է ծախս, այսինքն՝ մենք բենզալցակայանի մասին ենք խոսում, դա ենթադրում է որոշակի տարածքի վարձակալում, տեխնիկական սարքավորումների տեղադրում, աշխատողների առկայություն, միայն այն հանգամանքը, որ անձը ունեցել է ԱՁ և իրավասու մարմինը պարտավոր էր ինչ-որ եկամուտ հաշվել, նախ ո՞ր եկամուտի մասին է խոսքը, եթե Վիճակագրական կոմիտեն այդ ժամանակ աշխատավարձի տվյալ է տալիս՝ պետական և մասնավոր սեկտորները հաշվի առնելով, և եթե այդպես է, ապա որո՞նք են այն ծախսային ուղղությունները, որ իրավասու մարմինը պետք է պարզի և համապատասխան շահույթը, որն անձն ունեցել է, որպես եկամուտ հաշվի»։

Վարազդատ Ասատրյանը հակադարձեց․ «Հիմքերը լրացուցիչ կներկայացնենք, որ մեր կամքից անկախ, բնականաբար, չեն պահպանվել, Արմեն Սաքապետոյանը լինելով 17 տարեկան տղա, չպիտի ենթադրեր, որ 30 տարի հետո իրեն պետք է գալու, այսինքն՝ այստեղ փաստաթղթերի պահպանման օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել։ Ի վերջո, պետության մեջ բոլոր ձեռնարկատերերը եկամուտ չեն հետապնդել, այդ մեթոդաբանությունը, հավանականությունը գլոբալ խնդիր է, պիտի իրավասու մարմինն այդ մոտեցումը վերանայի»։

Այս նիստին պատասխանող կողմը այլ հարցեր ևս ուղղեց ներկայացված ապացույցների վերաբերյալ։

Գործով հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա փետրվարի 3-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել