Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով բաշխվեց ապացուցման բեռը

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանի և Բելլա Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը շարունակեց ներկայացնել նախորդ նիստին հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Նա նշեց, որ միջնորդության գրավոր տարբերակում ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մի շարք հիմքեր, որոնցից այս նիստին մանրամասն ներկայացրեց միայն մեկը։

Օրբելյանը կրկին ընդգծեց՝ ուսումնասիրության վերաբերյալ որոշումը կայացվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, այս քաղաքացիական գործի շրջանակներում հայցադիմումը դատարան է ներկայացվել 2023 թվականի հոկտեմբերի 11-ին։

Դրան զուգահեռ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել  2019 թվականի փետրվարի 12-ին Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելն ու վերջինիս կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործողությունների մեջ ընդգրկվելը։

Վկայակոչելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի 8-րդ հոդվածը՝ փաստաբանն ասաց՝ այդ դրույթով սահմանվում է հայցային վաղեմության կիրառման մի դեպք, այն է՝ ուսումնասիրությունը 3 տարուց երկար է տևել։ Միջնորդությամբ պատասխանող կողմը պնդեց՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է, որը սկսվում է այն պահից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանա իր իրավունքների խախտման մասին։

Արամ Օրբելյանն իր խոսքն ամփոփեց․ «Խնդրում եմ հայցային վաղեմություն կիրառել և այս գործով ներկայացված հայցադիմումն ամբողջությամբ մերժելու մասին որոշում ընդունել, հայցային վաղեմություն կիրառելու հիմքով հայցը մերժել»։

Պատասխանողներ Սեդրակ Քոչարյանի, Զարուհի Բադալյանի, Գայանե Քոչարյանի, Վիգեն Չատինյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը հարցրեց՝ արդյո՞ք կողմը գտնում է, որ հայցային վաղեմության ժամկետն այս գործով պետք է լինի 3, այլ ոչ թե 10 տարի։

Արամ Օրբելյանը պատասխանեց՝ հայցային վաղեմության 2 զուգահեռ ժամկետներ են գործում, մեկը գործում է 3 տարվա ժամկետով՝ օրենքի 8-րդ հոդվածով, մյուսը՝ 10 տարի ժամկետով, վերջինն այն դեպքում, եթե ենթադրվում է, որ կա կոռուպցիոն գործողությւոնների արդյունքում հասցված վնաս։

«Միաժամանակ կարող են գործել վաղեմության 3 ժամկետներ, և 3-ից որը, որ կլինի, դա էլ կգործի, մեկն ուսումնասիրության 3 տարին է, այսինքն՝ անկախ մնացած ժամկետներից, եթե ուսումնասիրությունը 3 տարուց ավել է, հայցային վաղեմությունը կիրառելի է, մեկը, եթե խոսքը գնում է ուղղակի  կոռուպցիոն  գործունեության վնասի հատուցման մասին, գործարքից 10 տարին է, բայց դրան զուգահեռ կարող է գործել նաև իմանալու պահից 3 տարվա ժամկետը՝ անկախ նրանից, թե դա կլինի կոռուպցիոն, ոչ կոռուպցիոն, ցանկացած հայցով»,-ասաց նա։

Հարությունյանը նաև հետաքրքրվեց՝ կոռուպցիոն գործողությունների դեպքում վաղեմության մեկնարկի համար որ օրն է ընդունելի, Օրբելյանը պատասխանեց՝ ցանկացած գույք, որը ձեռք է բերվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ից առաջ (հայց ներկայացնելուց 10 տարի առաջ), կարելի է այդ ժամանակահատվածը ընդունել, եթե հաստատվի, որ դրա շրջանակներում հայցվորը կոռուպցիոն որևէ գործողություն է նկատել։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը միջնորդության քննարկման ժամանակ կրկին պնդեց նախկինում հայտնած դիրքորոշումը՝ այս վարույթներով քննարկվող հարցերը պետք է մշտապես դիտարկել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում, մյուս նորմատիվ-իրավական ակտերը կիրառելի չեն։

«Այո՛, ուսումնասիրությունը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, որի համար եռամյա ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 9-ին, որ օրն էլ, որ հայցադիմումը պատշաճ կերպով ներկայացվել է դատարան, մասնավորապես փոստային եղանակով է հայցադիմումը ներկայացվել։ Առկա ապացույցում նշված հոկտեմբերի 11-ը ոչ թե ներկայացման, այլ ստացման ամսաթիվն է։

․․Եռամյա ժամկետը պահպանված է, խախտված չեն ուսումնասիրության համար սահմանված ժամկետները․ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով կիրառելի չեն հայցային վաղեմության բացասական հետևանքները»,-ասաց նա։

Պատասխանողի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց՝ հայտնելով, որ միջնորդությունը հիմնավոր է, պետական շահերի պաշտպանությունը կամ պետության ենթադրյալ իրավունքի խախտումը այս գույքերի մասով տեղի է ունեցել օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ՝ այն ժամանակ, երբ այս գործարքները եղել են և դրանցով համապատասխան գույքերը ձեռք են բերվել, հակառակ պարագայում գործ են ունենալու հետադարձ օրենքի ծանրացնող ուժի կիրառման հետ, ինչի դեպքում որևէ գույք, որը ձեռք է բերվել օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ, չպետք է բռնագանձվեր։

«Ինչ վերաբերում է հայց ներկայացնելու ժամկետներին, Դատախազության ներկայացուցիչն ասաց՝ կան ապացույցներ, որ հենց հոկտեմբերի 9-ին է հայցը ներկայացվել և ոչ 11-ին, մենք նայել ենք, վերաբերելի, թույլատրելի ապացույցներով։ Ապացուցման բեռը բաշխելուց հետո մի կողմը կապացուցի, որ ներկայացվել է ամսի 9-ին, մյուսն էլ՝ իր առարկությունների հիմքում ընկած փաստերի համար ձեռք կբերի համապատասխան ապացույցներ։ Մնացած ժամկետների առումով, եթե կիրառելի իրավունքը լինի նաև Քաղաքացիական օրենսգրքի դրույթները, արդեն ապացուցման բեռը բաշխելուց հետո յուրաքանչյուր գույքի մասով միջնորդություն ներկայացնող անձը համապատասխան ապացույցով կներկայացնի, որ այս գույքի մասով վաղեմությունն անցել է, այս կամ այն հոդվածով, մյուսը՝ մեկ այլ հոդվածով, և, իմ խորին համոզմամբ, վերջում ոչ մի գույք չի մնալու, դրա համար էլ հայցն  ամբողջությամբ ենթակա է լինելու մերժման»,-նշեց Հովհաննիսյանը։

Միջնորդության քննարկումից հետո դատարանն անցավ կիրառելի իրավական նորմի հարցին։ Արամ Օրբելյանն ասաց՝ այստեղ կիրառելի իրավական նորմը Քաղացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներն են, որտեղ ընդհանուր ժամկետներ են սահմանվում և 333-րդ հոդվածի է 11 , ինչպես նաև օրենքի 8-րդ հոդվածը։

«Ապացուցման բեռը պետք է բաշխվի հետևյալ կերպ՝ միջնորդություն ներկայացնող անձը պետք է ապացուցի, որ հայցի առարկայում նշված յուրաքանչյուր գույքի վերաբերյալ հայցվորն իմացել է առնվազն 2020 թվականի հոկտեմբերի 10-ից առաջ, պետք է հիմնավորվի, որ ցանկացած գույք, որը ձեռք է բերվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ից առաջ, ավտոմատ համարվում է օրինական, և երրորդը՝ 8-րդ հոդվածի հետ կապված, այստեղ նշվում է, որ ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 3 տարի, սա նշանակում է՝ այն չի կարող տևել 3 տարի 1 օր, 2 օր, և սահմանում է, որ սույն հոդվածով նախատեսված ժամկետների խախտմամբ ներկայացված հայցը համարվում է ներկայացված՝ հայցային վաղեմության ժամկետի բացթողումով»,-հայտնեց նա։

Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ միջնորդություն ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ ուսումնասիրությունը տևել է ավելի քանի 3 տարի, իսկ հայցվորը պետք է ապացուցի՝ հայցը ներկայացրել է 2023 թվականի հոկտեմբերի 9-ին։

Դատախազ Գևորգ Քոչարյանը նաև անդրադարձավ կոռուպցիոն հնարավոր գործողությունների արդյունքում այդ գույքերը ձեռք բերելու խնդրին, ասաց՝ ո՛չ պնդում, ո՛չ բացառում է ապօրինի գնահատված գույքերի՝ կոռուպցիոն գործողությունների արդյունքում գոյացած լինելը․ «Ես հստակ կարող եմ պնդել՝ հայացադիմումը ներկայացվել է ոչ այդ հիմքով, կոռուպցիոն գործողության արդյունքում գոյացած լինելու հանգամանքն այս գործով ու առհասարակ մյուս գործերով որոշիչ նշանակություն չունի, դրանով պայմանավորված՝ մենք չենք վկայակոչել նման տեսակետ կամ վարկած, և, ըստ էության, ես էլ դրանով պայմանավորված՝ որակում չեմ տա, որովհետև գտնում եմ՝ դա որևէ նշանակություն չունի։

Հայցադիմումը ներկայացված է ոչ թե վնասի հատուցում, այլ որպես օրենքով նախատեսված պետական շահերի պաշտպանության առանձին գործիք, առանձին ինստիտուտ»։

Քոչարյանի խոսքով՝ գործարքների մասին պետության տեղեկացվածության հանգամանքը նույնպես որևէ նշանակություն չունի այս և մնացյալ վարույթներով, քանի որ բոլոր դեպքերում այստեղ կիրառելի են բացառապես «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձ մասին» օրենքի 8-րդ հոդվածը։

Կրկին շեշտեց՝ ուսումնասիրությունը տևել է 3 տարուց պակաս, քանի որ այն ավարտվել է եզրակացության կազմմամբ, որը հոկտեմբերի 6-ին է եղել, ինչը նախորդել է հայցի ներկայացմանը, իսկ հայցը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում՝ հոկտեմբերի 9-ին։

Նիստ նախագահող դատավոր Նարինե Ավագյանը արձանագրեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հայցային վաղեմության ժամկետ կիրառելու համար կիրառելի իրավական նորմն օրենքի 8-րդ հոդվածն է, որը բխում է Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի առաջին մասի կարգավորումից․ դրա համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։

Նա կողմերին մեկ անգամ ևս տեղեկացրեց՝ օրենքի 8-րդ հոդվածը տալիս է ոչ միայն հայցային վաղեմության ժամկետը, այլև դրա հաշվարկման կարգը․ դրանով պայմանավորված՝ ապացուցման բեռը բաշխեց հետևյալ կերպ․

  • Միջնորդություն ներկայացնողը (պատասխանողը) պետք է ապացուցի, որ ուսումնասիրությունը սկսվելուց հետո հայցը ներկայացվել է 3 տարի ժամկետի խախտմամբ, այն է՝ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին։
  • Հայցվորը պետք է ապացուցի, որ հայցադիմումը ներկայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին որոշման կայացումից հետո՝ 3 տարվա շրջանակներում, այն է՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին։

Նախագահող դատավորի հարցին, թե կողմերին ժամանակ հարկավոր է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար, Արամ Օրբելյանն ասաց՝ իրենց ժամանակ է պետք ապացույցների ձեռք բերմանն ուղղված միջնորդություն ներկայացնելու համար։

Նիստն ավարտվեց, դատարանը մինչև փետրվարի 3-ը ժամանակ տվեց, որպեսզի ապացույցների ձեռբերման համար միջնորդություններ ներկայացվեն, իսկ հաջորդ նիստի օր նշանակվեց փետրվարի 13-ը։

Լուսանկարներն արվել են այլ նիստերի ժամանակ։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել