Բարեփոխումներ` հաշտարարության ինստիտուտում․ Գայանե Դեմիրչյանը՝ Հաշտարարների պալատի ստեղծման, առկա խնդիրների մասին

Չնայած նրան, որ դեռևս 2015 թվականից գործում է «Հաշտարարության մասին» օրենքը, որի շրջանակներում ստեղծվել է Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը՝ որպես հաշտարարներին համակարգող մարմին, սակայն այն ակտիվ չի գործել։

Iravaban.net-ի հետ զրույցում Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Գայանե Դեմիրչյանը հայտնեց, որ այն համակարգելու է հաշտարարների վարքագծի հետ կապված հարցեր, փորձելու է ինստիտուտի զարգացմանն ուղղված խնդիրներ լուծել։

2022 թվականից արտոնագրվել են շուրջ 80 հաշտարարներ, իսկ 2024 թվականի սկզբին տեղի ունեցավ հաշտարարների նոր մարմնի, այդ թվում՝ խորհրդի և նախագահի ընտրություններ։

«Այս փուլում էլ շատ կարևոր է, որպեսզի անցումը սահուն լինի, պետությունը նպատակ է դրել թեթևացնել և բեռնաթափել դատարաններին, և այս առումով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը ունի մեծ անելիքներ՝ հատկապես վարքագծի կանոնների մշակման առումով, որպեսզի կողմերը, ովքեր դիմելու են հաշտարարին, երաշխավորված լինեն այնքանով, որ իրենց վեճերը լուծում է անկողմնակալ երրորդ անձ հաշտարարը, և անգամ, եթե այդ պրոցեսում հաշտարարը խախտի որոշակի կանոններ, ապա երաշխավորված լինեն, թե ում պետք  է դիմեն, ինչ ընթացակարգեր կարող են հաշտարարի նկատմամբ կիրառվել»,-ասաց Դեմիրչյանը։

Խոսելով խնդիրների մասին՝ Դեմիրչյանը նշեց, որ այժմ իրազեկվածության խնդիր կա, կազմակերպվում են վերապատրաստման մի շարք դասընթացներ։

Մյուս ամենակարևոր խնդիրը կազմակերպության համար նախատեսված առանձին տարածք չունենալու խնդիրն է․ «Կարծում ենք՝ պետությունն այս ուղղությամբ որոշակի քայլեր կձեռնարկի, քանի որ ինստիտուտի ստեղծումը պետական ծրագրերի շրջանակում իրականացվող է, ու այս տեսանկյունից Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է ունենա որոշակի տարածք, որտեղ կհավաքվեն բոլոր հաշտարարները, կքննարկեն առկա խնդիրները»։

Նա նշում է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է կոչվի հաշտարարների պալատ, անվանման հետ կապված հարցը պետք է արժանանա ընդհանուր խորհրդի հավանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել