«30 տարի մարդը աշխատել է, չէր կարո՞ղ 4 հատ գույք ձեռք բերել ՀՀ-ում, որից 2-ը հողակտոր է»․ Վահագն Վերմիշյանի գործով փաստաբանը՝ դատարանում

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանող Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը միջնորդությամբ հանդես եկավ, որը վերաբերում էր արտերկրից ստացած իրենց հարցումների պատասխանները որպես գրավոր ապացույց ճանաչելուն։

Արմեն Մելքումյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը  ներկայացված ապացույցների մասով առարկեց՝ նշելով, որ դրանց ներկայացման համար բացթողնված ժամկետը չի կարող հարգելի համարվել, որովհետև ի սկզբանե պատասխանող կողմը համապատասխան անշարժ գույքի վարձակալության տրվելու և դրան կից ստացված եկամուտների մասով տեղյակ է եղել։ Ըստ Արտաշեսյանի՝ պատասխանող կողմը դա չի ներկայացրել՝ համոզված լինելով, որ հայցվորը վերահաշվարկ  իրականացնելով հայցից հրաժարվելու է։

Փաստաբան Արմեն Մելքումյանն ի պատասխան դատախազի ասաց, որ բազմիցս այս հարցի մասին խոսվել է, այո՛, դատավարությունը մրցակցային է, ինչի պայմաններում պատասխանող կողմը գտնում է, որ այս դատավարության ընթացքում իրենք՝ որպես մասնավոր անձինք, ավելի վատ դրության մեջ են՝ համադրվելով հայցվորի հետ։

«Հայցվորն ունի օրենսդրի կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված այն գործիքակազմը, որ վերջինս մինջգերատեսչական, միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում չի փորձել ստանալ այդ տեղեկատվությունը՝ քաջ գիտակցելով, որ պատասխանողը և պատասխանողների անդամները 30 տարուց ավել ապրել, ստեղծագործել են ՌԴ-ում, 1991 թվականից բացակայել են ՀՀ-ից, և սահմանափակվել ուսումնասիրությունը հենց ՀՀ տարածքով և ներկայացնելով դատարան ընդամենը այն, որ վերջինս 4 հատ գույք ունի, որից 2-ը հողակտոր է՝ առանց որևէ հիմնավորման, որ դրանք ապօրինի ծագում ունեն, մեզ համար գրեթե տարակուսելի է»,-նշեց փաստաբանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է հենց ինքը՝ դատախազը, Վերմիշյանին պատկանող գույքերի վերաբերյալ որևէ հարցում այլ երկիր չի կատարվել։

Մելքումյանի խոսքով՝ իրենք ստիպված են եղել լրացուցիչ ռեսուրսներ ծախսել, միջոցներ ձեռնարկել, այլ երկներում ներգրավվել փաստաբանների, որպեսզի կարողանան այդ տեղեկատվությունը ստանալ․ «Միայն 4 ամսից ավել տևել է, որպեսզի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ընդամենը մի լիազորագիր կարողանանք հաստատել և վերցնել, որպեսզի կարողանանք ՌԴ-ում գտնվող մեր գործընկերոջն ուղարկել և վերցնել այդ փաստաթղթերը»։

Հակադարձելով հայցվորի այն պնդմանը, որ փաստաթղթերը համապատասխան ժամկետներում չեն ներկայացվել՝ Մելքումյանն ասաց․ «Ինչքան էլ դուք առարկեք, ըստ էության, օբյեկտիվ իրականությունը դրանով չի փոխվելու, 30 տարի մարդը աշխատել, ստեղծագործել, մի շարք հանրահայտ նախագծեր է կատարել, դրա դիմաց ստացել վարձատրություն, և չէր կարո՞ղ վերջինս 4 հատ գույք ձեռք բերել ՀՀ-ում, որից 2-ը հողակտոր է։

․․Ստիպված էինք դատախազությանը օրենսդրի կողմից վերապահված գործիքակազմը չկիրառելու պայմաններում մենք ինքներս գնալ և հայթայթել այդ տեղեկատվությունը, և գտնում ենք, որ կատարված ուսումնասիրությունը թերի է, ամբողջական չի արտացոլում իրական պատկերը»։

Նաիրա Արտաշեսյանը փաստաբանի վերջին հայտարարության հետ կապված նշեց, որ դա այլ հարց է, ինչը դատական քննության փուլում քննարկման առարկա կդառնա․ «Այո՛, դատավարությունը մրցակցային է, և այստեղ հայցվորը որևէ առավելություն չունի մասնավոր անձանց նկատմամբ, նույն իրավունքներից ենք օգտվում, ինչ, որ սովորական քաղաքացիական դատավարությանը ներգրավված հայցվորը, ու այս տեսանկյունից որևէ առավելություն չունենք»։

Դատախազը պնդեց՝ եթե անձը ունի համապատասխան գույք, նա որևէ ջանքեր չի գործադրում այդ գույքի մասով ապացույցներ ձեռք բերելու, դրա վերաբերյալ բոլոր փաստաթղթերը հասանելի են։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանն արձանագրեց, որ միջնորդությունը հիմնավոր է, բացթողնված ժամկետները պետք է հարգելի համարվեն և ներկայացված փաստաթղթերը ընդունվեն որպես գրավոր ապացույց։

Կարապետ Բադալյան

Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը նաև ընդգծեց՝ պատասխանող կողմն ի սկզբանե հայտնել է, որ ՀՀ-ից դուրս ապացույցներ ձեռք բերելուն ուղղված գործողություններ են կատարվում, որն ուղեկցվելու է դժվարություններով, ինչը նաև պայմանավորված է Վահագն Վերմիշյանի քրեական գործի հետ։

Նշվեց, որ Վերաքննիչ քրեական դատարանն այս դատարանի հետ թղթակցություն է ունեցել՝ համապատասխան լիազորագիրը տալու հետ կապված։ Ըստ այդմ՝ փաստաբանի նկատառումը ճիշտ է, որ միայն այդ հարցի լուծման համար ամիսներ են պահանջվել։

Այս նիստին հայցվորը կողմը  նաև միջնորդեց պատասխանողից պահանջել  սեփականության իրավունքի վկայականների, ստուգման ակտերի և վարձակալության պայմանագրի բնօրինակ փաստաթղթերը՝ հայտնելով, որ որոշակի կասկածներ կան դրանց իսկության, կազմման ամսաթվերի հետ կապված։

Պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը հայտնեց, որ 2 օրվա ընթացքում այդ փաստաթղթերը կմուտքագրվեն դատարան։ Նա ասաց, որ պատասխանող կողմն ուզում է նաև տեսնել՝ ինչ հաշվարկ է իրականացվել այս պահի դրությամբ, դատախազը պատասխանեց՝ բնօրինակների ուսումնասիրությունից հետո հնարավոր է փոփոխություններ լինեն, ու այս պահին դրա վերաբերյալ չեն կարող վերջնական դիրքորոշում հայտնել։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։

Մարիամ Շահնազարյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել