Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն անդրադարձավ Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքներից երկրորդ դրվագին՝ Ջոն Ֆարխոյանից ենթադրյալ կաշառք ստանալուն։
Ըստ գործի նյութերի՝ Ջ․ Ֆարխոյանը փաստաթղթային ձևակերպումների գործընթացն ապահովելու համար դիմել է Վերմիշյանին։ Ֆարխոյանը տեղեկանալով, որ Վահագն Վերմիշյանն ըստ պայմանավորվածության կատարել է իր խնդրանքը՝ Ռամադա հյուրանոցի մոտ հանդիպել է Վահագն Վերմիշյանին և վերջինին տվել է խոշոր չափի՝ ընդհանուր 952 հազար դրամին համարժեք 2 հազար դոլար գումար կաշառք։
Պաշտպանը նշեց, որ Ջոն Ֆարխոյանը և Վահագն Վերմիշյանը մոտ ընկերներ են եղել, ինչը հաստատվել է երկու կողմերի ցուցմունքներով: Նաև Ջոն Ֆարխոյանը պնդել է, որ գումարը տրամադրել է բացառապես ընկերոջը օգնելու նպատակով՝ Վահագն Վերմիշյանի որդու ուսումնառության ընթացքում բնակարանի վարձը վճարելու նպատակով: Փոխանցված գումարի չափը (2000 դոլար) և դրա նպատակը (բնակարանի վարձ) համապատասխանում են ընկերական օգնության տրամաբանությանը, և չեն կարող դիտարկվել որպես կաշառք:
Կոչուբաևի խոսքով՝ ընկերական հարաբերությունների շրջանակներում տրամադրված գումարը չի կարող որակվել որպես կաշառք:
«Մենք գործում չունենք տվյալ, որ ներքին դիտման տակ է եղել Վահագն Վերմիշյանի բնակարանը, ավտոմեքենան, փողոցում քայլելը, ըստ գործի տվյալների՝ աշխատասենյակն է եղել ներքին դիտման տակ, և էստեղ, բնական է, որ, օրինակ, եթե պարոն Վերմիշյանն իր բնակարանից բջջային հավելվածներով խոսեր Ջոն Ֆարխոյանի հետ, այս խոսակցությունը չէր փաստարկվելու»,-ասաց նա։
Նշվում է, որ գումարը որդուն Վերմիշյանն անձամբ է փոխանցել, մինչդեռ հետագայում պարզվել է՝ փոխանցողը եղել է Վերմիշյանի կինը։ Պաշտպանն ընդգծում է, որ ցուցմուքներով Վերմիշյանն ասել է «փոխանցել ենք», հետագայում ասել է՝ «հնարավոր է ես, հնարավոր է՝ կինս», ու այս ուղղությամբ քննություն չի տարվել։
Գումարի փոխանցման դրվագի վերաբերյալ պաշտպանության կողմի մատնանշած հանգամանքները հաստատել է նաև Ջոն Ֆարխոյանը, երբ դեռևս կալանավորված է եղել։
Նաև ավելացնենք, որ այս դրվագի վերաբերյալ Iravaban.net-ի դատական լուսաբանման նյութում զետեղված է հետևյալը.
«Պաշտպանության կողմը հիմնավոր փաստարկներ ներկայացրեց այս դրվագով մեղադրանքի վերաբերյալ.
Երկարամյա ընկերություն.
Ջոն Ֆարխոյանը և Վահագն Վերմիշյանը ավելի քան տասնամյակ ընկերներ են եղել, ինչը հաստատվել է երկու կողմերի ցուցմունքներով:
Ընկերական օգնություն.
Ջոն Ֆարխոյանը պնդեց, որ գումարը տրամադրել է բացառապես ընկերոջը օգնելու նպատակով՝ Վահագն Վերմիշյանի որդու ուսումնառության ընթացքում բնակարանի վարձը վճարելու նպատակով:
Իրավական գնահատական.
Պաշտպանության կողմը շեշտեց, որ ընկերական հարաբերությունների շրջանակներում տրամադրված գումարը չի կարող որակվել որպես կաշառք: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի, կաշառքը ենթադրում է պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու կամ չկատարելու համար նյութական արժեքների ստացում, ինչը տվյալ դեպքում բացակայում է (Iravaban.net` ՀՀ քրեական օրենսգրքի 435 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար»։)
Վարքագիծ.
Ուշագրավ է, որ Ջոն Ֆարխոյանը զգուշացրել էր Վահագն Վերմիշյանին հնարավոր հետևման մասին: Պաշտպանությունը պնդեց, որ նման զգուշացումը հակասում է կաշառք տալու մտադրությանը և ընդգծում է նրանց միջև առկա վստահելի հարաբերությունները:
Գումարի չափ և հանգամանքներ.
Պաշտպանությունը նշեց, որ փոխանցված գումարի չափը (2000 դոլար) և դրա նպատակը (բնակարանի վարձ) համապատասխանում են ընկերական օգնության տրամաբանությանը և չեն կարող դիտարկվել որպես կաշառք:
Այլ փաստեր.
Այս դրվագով նախաքննական մարմնի հիմնավորումներն ամբողջությամբ հերքելով, Վահագն Վերմիշյանի պաշտպանական կողմը այլ իրականություն է ներկայացնում: Iravaban.net-ի հետ զրույցում Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այն նկարագրել է որպես գործի «ամենազավեշտալի դրվագ»։ Մանրամասները հասանելի են Iravaban.net-ի հրապարակման մեջ։
Եզրահանգում.
Այս փաստարկները ներկայացվեցին որպես հիմնավոր ապացույցներ, որ Ֆարխոյանի կողմից Վերմիշյանին տրված գումարը չի կարող որակվել որպես կաշառք: Պաշտպանական կողմը պնդեց, որ այս դրվագով մեղադրանքը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով ներկայացված փաստերը և իրավական վերլուծությունը»։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։