Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 27-ին հրապարակեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման կանոնակարգի Սահմանադրությանը համապատասխան լինելոև վերաբերյալ որոշումը։
Որոշման մեջ անդրադարձ է կատարվում նաև Անկախության հռչակագրին։ Թեմայի վերաբերյալ Iravaban.net–ը զրուցել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանի հետ։
«Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգումը ՍԴ-ի բացառիկ սահմանադրական լիազորությունն է։ Այս շրջանակում ՍԴ-ում քննության ենթակա յուրքանչյուր գործով պարզման ենթակա հանգամանքների շրջանակի հստակեցումը բացառապես ՍԴ-ի իրավասության տիրույթում է կամ առնվազն՝ դատավորների մեծամասնության, ովքեր հետո համապատասխան քվեարկության արդյունքներով ընդունում են համապատասխան որոշման նախագիծը։ Արձանագրեմ․ ի՞նչ հարցերի անդրադառնալ, ի՞նչ հարցերի՝ ոչ, որոշողը բացառապես ՍԴ-ն է»,-ասաց մեր զրուցակիցը։
ՍԴ դատավորի խոսքով՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրում բովանդակվում է ձևակերպում առ այն, որ Հայաստանի և Ադբեջանի Հանրապետությունները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։
«Հստակ դրույթ կա առ այն, որ հանձնաժողովները հիմնվում են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, որպես ՀՀ-ի և ԱՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Իհարկե, այստեղ «եթե» էլ կա փակագծերում։ Ըստ էության՝ նշեցիք «գոյություն ունեցող սահման» ձևակերպումը, որն արտացոլված է Ալմաթիի հռչակագրում, հռչակագիր, որին հղում է տրված համատեղ գործունեության կանոնակարգում։ Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, այդ հռչակագրի մասին հիշատակում կա Հայաստանի Սահմանադրության պրիամբոլայում և ՍԴ-ն այս հարցին անդրադարձել է հետևյալ կոնտեքստում՝ Անկախության մասին հռչակագրրում հաստատագրված են համապետական սկզբունքներ և համազգային նպատակներ։ Ինչո՞ւ, որովհետև Անկախության հռչակագրի նախաբանում հիշատակում կա նաև հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամավորման մասին, հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշմանը։ Այս առումով, նկատի առնելով այն հանգամանքը, որ կանոնակարգը ըստ էության վերաբերում է տարածք, սահման, նմանատիպ ձևակերպումներին, ՍԴ-ն անհրաժեշտ համարեց անդրադառնալ հետևյալ հարցադրմանը․ արդյո՞ք կանոնագարգով նախատեսված Հայաստանի տարածքի որոշման հիմքում դրվող սկզբունքները համապաստախանում են Սահմանադրությանը՝ նկատի առնելով Ալմաթիի հռչակագրում գործածված գոյություն ունեցող սահմաններ ձևակերպումը»,-ասաց Էդգար Շաթիրյանը։
Անդրադառնալով՝ «Հռչակագիրը կարող է վերածվել զավակնին խժռող ծնողի» ձևակերպմանը, նա նշեց, որ այս ձևակերպմանն անդրադառնալիս՝ կարևոր է չխեղաթյուրել ՍԴ-ի որոշման բովանդակությունը։
«Այս ձևակերպումը տեղ է գտել այն համատեքստում, որ ՍԴ-ն վերլուծելով հռչակագրում նախատեսված կամ հաստատագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներ և համազգային նպատակներ ձևակերպումը բովանդակային առումով եկել է համապատասխան եզրահանգման, եթե մեկ-երկու նախադասությամբ ձևակերպելու լինեմ, այն հետևյալն է․ Պետության ներսում Սահմանադրության երկիշխանությունը հղի է բազմաթիվ վտանգներով, հետևաբար սահմանադրական անվտանգության և կայունության ապահովման նկատառումով Անկախության հռչակագրում հաստատագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները ամրագրող դրույթնրն այնքանով ունեն Սահմանադրության դրույթների իրավաբանական ուժ, որ չափով արտացոլված են Սահմանադրության տեքստում։ Սա բնավ չի նշանակում, որ Անկախության հռչակագիրը նսեմացվել է։ Առավել ևս չի նշանակում, որ այն չեղարկվել է։ Ոչ ոք, որևէ անձ, որևէ սյուբեկտ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը, իրավասու չէ չեղարկել Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»,-նշեց նա։
Էդգար Շաթիրյանն ասաց, որ բնավ միտում չունի նսեմացնել հռչակագիրը, բայց մի քանի դիտարկումներ կան դրա վերաբերյալ։
«Այն ընդունվել է հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի կողմից։ 1995 թվականի Սահմանադրությունն ընդունվել է հայ ժողովրդի կողմից, ՀՀ-ի տարածքում անցկացված համաժողովրդական հանրաքվեով։ Անկախության հռչակագրով ոչ թե հռչակվեց Հայաստանի անկախությունը, այլ հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Եվ հռչակագիրը բովանդակելով 12 կետ, 12-րդ կոտով հստակ ամրագրում էր, որ սույն հռչակագիրը ի թիվս այլնի, հիմք է նաև նոր Սահմանադրության մշակման համար։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց ՀՀ սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ նույն թվականի հուլիսի 13-ին։ Այո, մինչ այդ հռչակագիրը, այսպես ասած՝ վերսահամադրական ակտի ուժ և ազդեցություն է ունեցել, բայց 1995 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից, ուժի մեջ մտավ նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ նախադասության դրույթն առ այն, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և դրա նորմերը գործում են անմիջականորեն»,-ասաց ՍԴ դատավորը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Սահմանադրական դատարանի հենց այս որոշումն այսքան լայն քննարկումների առիթ դարձավ, Էդգար Շաթիրյանն ասաց, որ անհամաձայնություններ կան և դա նորմալ է։
«Բոլոր այն մարդիկ, որոնք ՍԴ-ի որոշումը քննարկում են ազնիվ մղումներով, այլ շարժառիթներ չեն հետապնդում, ես նրանց ասելիք չունեմ, հարգում եմ նրանց կարծիքը, թեպետ կողմ եմ եղել այն դիրքորոշմանը, որն արտացոլված է ՍԴ-ի որոշման մեջ։ Կան կոնկրետ շրջանակներ, ովքեր որոշման հրապարակումից X ժամանակ անց, գրեթե սինքրոն աղմուկ բարձրացրեցին և փոխանցումներով փորձեցին այդ աղմուկն ավելի մեծ դարձնել։ Նպատակը՝ հանրային ցասում գեներացնելն է»,-ասաց ՍԴ դատավորը։
Էդգար Շաթիրյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի դիմաց «Սրբազան պայքար» շարժման հանրահավաքին` ասաց, որ հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը տեղի ունեցած գործողությունների վրա։
«Ոչ միայն նմանօրինակ գործողությունների, այլ մեդիաներում, լրատվամիջոցներում արվող հայտարարությունների, այսպես ասած՝ հարցազրույցների վրա։ Մի այսպիսի արտահայտություն են իրենց թույլ տվել․ ի՞նչ է նշանակում դեղին քարտ ենք ցույց տալիս ՍԴ-ին, սա սպառնալի՞ք է, հաթհաթա են տալի՞ս ՍԴ-ին։ Եթե այդպես է, ես էլ նույն դարձվածքով հակադարձում եմ՝ հանրության մի ստվար զանգված, նրանցից շատերին բավականին վաղուց կարմիր քարտ է ցույց տվել։ Մի մասին էլ մի գուցե առաջիկայում ցույց կտա»,-ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում։