Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի վերջին միջնորդությունը վերաբերում էր Նատալյա Չեռնիկովային որպես վկա դատարան հրավիրելուն։
«Նատալյա Չեռնիկովան գործի քննության ընթացքում չի հարցաքննվել, չի առերեսվել Վ․ Վերմիշյանի հետ, դատարանն է անհնար համարել Չեռնիկովայի հարցաքննությունը, քանի որ վերջինս բացակայում է երկրից, իսկ գործող իրավակարգավորումներն այդ պահին հնարավորություն չեն տվել նրան հեռավար հարցաքննել։ Ինձ հայտնի է Նատալյա Չեռնիկովայի գտնվելու վայրը, և նաև հնարավորություն ունենք իրեն հարցաքննելու՝ հաշվի առնելով, որ Առաջին ատյանում եղել է անհնարինություն նրան հարցաքննելու․ ներկայումս այդ հնարավորությունը կա։ Խնդրում եմ Նատալյա Չեռնիկովային դատակոչել և հարցաքննել որպես վկա»։
Այսպիսի միջնորդություններ շատ են եղել, թե ոչ, Կոչուբաևը պատասխանեց՝ իր դատական պրակտիկայում նման դատավաճիռ չի ունեցել, որպեսզի կարիք լինի վերաքննության փուլում կրկնել Առաջին ատյանի դատարանին բնորոշ գործողություններ։
«Մեր հակընդդեմ հարցման իրավքունքն իրացված չէ, և եթե եղել է անհնարինություն Առաջին ատյանում, հիմա ծագել է հնարավորություն, կարծում եմ՝ էստեղ որևէ օրենսդրական արգելք մենք չունենք, չի եղել հնարավորություն, բացակայել է երկրից, հիմա հնարավորությունն առկա է»,-ասաց նա։
Պաշտպանն ասաց՝ իր կողմից Նատալյա Չեռնիկովայի հետ հնարավոր է եղել հեռախոսային խոսակցություն ունենալ։ Դատավոր Արմեն Հովհաննիսյանի հարցին, թե վկայի հարցաքննությունն ինչ հանգամանքի հերքման կամ հաստատման կոնտեքստում է կարևոր համարվում, Կոչուբաևը պատասխանեց՝ ապօրինի ձեռնարկատիրության կատարման, լիազորությունների չարաշահման, չաշխատելու դրվագի մասով։
Մանրամասները՝ տեսանյութում։