«Պետք է իմանաս՝ մարդը ինչի՞ համար է տարված որևէ մոլուցքով»․ Տեր Փառենը՝ խաղամոլության մասին

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների՝ ազարտային խաղերում ներգրավվածների 2-3%-ը տառապում է խաղամոլությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը դրա դեմ փորձում է պայքարել տարբեր օրենսդրական նախաձեռնություններով։ Ի՞նչ մեղք են գործում խաղամոլները․ թեմայի վերաբերյալ Iravaban.net«Եկեղեցին և իրավունքը» շարքի շրջանակներում զրուցել ենք Սաղմոսավանք վանական համալիրի հոգևոր սպասավոր Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ։ Հարցազրույցն անցկացրել ենք Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

-Կարո՞ղ ենք ասել, որ խաղամոլը միանգամից 2 մահացու մեղք է գործում՝ ագահություն և ծուլություն։

-Կարող ենք ասել, որ խաղամոլությունը մեղք է և նաև կարող ենք ասել, որ խաղամոլությունը հետևանք է ծուլության և ագահության, բայց դա չի լինի լիարժեք պատասխան։ Եթե խաղամոլության, խաղամոլների մասին մի քիչ ուսումնասիրություն իրականացնես, կտեսնես, որ դա այդքան էլ ծուլության և ագահության հետևանք չէ։ Հիմա, կա՞ արդյոք վիճակագրություն, թե ինչ մասնագիտության տեր մարդիկ են խաղամոլությամբ զբաղվում։ Ինձ թվում է՝ դա այն փակ տարածքն է, որ չենք կարող վիճակագրության մասին խոսել։ Կամ, եթե անդրադառնանք պատմությանը, խաղամոլությունը նոր երևույթ չէ։ Խաղամոլությունը կար Հին Հնդկաստանում։ Գրվածքներում նշվում է, որ մարդիկ իրենց արքայազնին պատժում են՝ ամեն ինչ պարտվելու համար։ Ինքը ծու՞յլ էր, ագա՞հ էր, չեմ կարող ասել։ Կամ, եթե մենք հետևենք հոգեբանների տեսակետներին, ասում են՝ նախ խաղամոլը խնդիր ունի հասարակության մեջ ինտեգրվելու, խաղամոլն ինքն իր հետ խնդիր ունի, հոգեբանական խնդիր է։ Իսկ հոգևոր տեսանկյունից, այո, մեղք է խաղամոլությունը, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիսոսն ասում էր՝ միշտ աղոթքի մեջ եղեք։ Երբ որ մենք խաղի մեջ ենք մտնում, գործում ենք ամենամեծ սպանություններից մեկը՝ մեր ժամանակն ենք սպանում։ Դա անում ենք մեր ընտանիքի, մեր հոգևոր կյանքի հաշվին։

-Քրիստոնյայի կյանքով ապրող մարդը կարո՞ղ է լինել խաղամոլ։

-Երբ ասում ենք՝ մարդ, արդեն մենք պատկերացնում ենք, որ նա պետք է ապրի քրիստոնյայի կյանքով, եթե մարդն ապրում է քրիստոնյայի կյանքով, իր կյանքից ինքը կբացառի խաղամոլությունը կամ որևէ մոլուցք, որովհետև ինքը, եթե քրիստոնյա է, ապա լսել է Տեր Հիսուս Քրիսոսի խոսքը՝ միշտ աղոթք արեք։ Մեր հայրերը կասեին՝ ձեր ամբողջ կյանքը աղոթքի թող վերածվի։ Իսկ, եթե մարդը քրիստոնյա է և իր ամբողջ կյանքը աղոթք է, այդտեղ որևէ մոլություններ մուտք գործել չեն կարող։

-Եթե մարդը ժամանակ առ ժամանակ ազարտային խաղերով է հետաքրքրվում, խաղատուն այցելում, դա ևս մե՞ղք է։

-Մեղքը չի լինում մեկ անգամ կամ տասը անգամ, մեղքը չի լինում փոքր կամ մեծ, մեղքը՝ մեղք է։ Դուք գործածեցիք նաև «ազարտ» բառը, որ հուզմունք է նշանակում, իսկ մարդը, եթե տրվում է հուզմունքին, նշանակում է մարդը ինքնակառավարում չունի։ Իսկ, եթե մարդը չի կարողանում ինքն իրեն կառավարել, նշանակում է, որ նա գոնե այդ պահին կորցրել է Աստծո նմանությունն ու կերպարը։ Ես կարծում եմ, որ այո, մեղք է, թեկուզ մեկ անգամ արվածը։

-Հայաստանում, որպես այդպիսին, չկա խաղամոլների վերաբերյալ վիճակագրություն, սակայն հաշվի առնելով պետության կողմից իրականացվող օրենսդրական տարբեր նախաձեռնությունները, պարզ է դառնում, որ իրավիճակը մտահոգիչ է։ Իսկ ի՞նչ դեր ունի եկեղեցին, որպեսզի կրճատվի խաղամոլոների թիվը։

-Եկեղեցին արդեն անում է այն, ինչ պետք է անի։ Վիճակը, որ մտահոգիչ է, դա բոլորս գիտենք։ Խաղամոլը միայն այն մարդը չէ, որ այցելում է խաղատուն։ Խաղամոլներն իրենց տանը նստած, առանց վերահսկողության կարող են տարվել այդ մեղքով։ Իսկ ի՞նչ է անում եկեղեցին և ի՞նչ պիտի անի․ եկեղեցին ստեղծել է մի դաշտ, որտեղ չկա, որևէ մեղք։ Եկեղեցին, գոնե ամեն կիրակի, հավատացյալներին համախմբում է մի վայրում։ Գոնե այդ երկու ժամը չկա որևէ մեղք։ Եկեղեցին մտածում է ոչ թե հետևանքները վերացնելու մասին, այլ պատճառները վերացնելու մասին։ Եկեղեցին նաև անհատական է գործում։ Պետք է իմանաս՝ մարդը ինչի՞ համար է տարված որևէ մոլուցքով, ի՞նչն է իրեն ցավեցնում, ինչի՞ց է ինքը փախչում, փորձես լուծել իր խնդիրը, փորձես հասկանալ իր ցավը և արմատախիլ անել մեղքը։ Դա շատ բարդ է։ Եկեղեցին ունի տարատեսակ խմբակներ, երեխաների համար կազմակերպված կիրակնօրյա դպրոցներ, պատանիների համար կազմակերպված խմբակներ, երիտսարդաց միություններ և մենք հոգևորականներս դաշտ ենք ստեղծում, որտեղ չկա որևէ մեղքի նշույլ, որտեղ մարդիկ, ովքեր հակված են որևէ մոլուցքի, փոխարինող կամ ավելի արժեքավոր բան գտնեն։ Երբ մարդն ավելի արժեքավոր բան է գտնում, ինքը չի կարող խաղամոլ լինել։ Եկեղեցին ստեղծում է մի դաշտ, որտեղ մտնողը մաքրվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել