«Ես չեմ փախչելու, ես ծնվել եմ այստեղ, մեռնելու եմ այստեղ»․ Վահագն Վերմիշյանը՝ դատարանում

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում հունիսի 3-ին, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին դատարանը որոշել էր ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Համակցված կիրառվեց նաև գրավ՝ 25 մլն ՀՀ դրամի չափով, ինչպես նաև երկրից բացակայելու արգելքով:

Դատավոր Կարեն Ամիրյանը ասաց, որ քննարկվում է երեք տարբերակ՝ ներկայիս խափանման միջոցը գրավով հանդերձ պահպանելու, ավելի մեղմ փոխելու ու ավելի խստ դարձնելու վերաբերյալ։

Գործով դատախազը նշեց, որ Վերմիշյանի հանդեպ ընտրված խափանման միջոցն արդեն իսկ իրողություն է և դրա հետ պետք է հաշվի նստել։

«Պարոն Վերմիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետներում չեն դիտվել այնպիսի հանգամանքներ, որը խոսեր մեղադրյալ ոչ օրինական վարքագծի մասին և ինչը հիմք կտար, որ հանդես գայի խափանման միջոցը խստացնելու միջնորդությամբ։ Սա նշանակում է, որ դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը ապահովում է մեղադրյալի օրինակն վարքագիծը և դրանով պայմանավորված ներկայում ընտրված խափանման միջոցը երկարաձգել երեք ամիս ժամանակով՝ հույս ունենալով, որ սա այն ժամանակահատված է, որ մենք կարող ենք ներկայացնել բողոքները, բողոքների վերաբերյալ պատասխանները։ Երեք ամիսը այն ժամանակն է, որը մեզ կբավականացնի այս գործընթացի համար»,-նշեց դատախազը։

Վահագն Վերմիշյանի պաշտպաններից մեկն անցած երեք ամիսների ընթացքում որևէ փաստական տվյալ առկա չէ, որ ընտրված խափանման միջոցի պայմանները Վահագն Վերմիշյանը խախտել է․ «Գտնում եմ, որ եղած պայմաններում Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը կարող է վերացվել։ Մեր համոզմամբ՝ կիրառված գրավը և բացակայելու վերաբերյալ արգելքը ամբողջովին ի զորու են չեզոքացնել այն մտավախությունները, որ Վահագն Վերմիշյանը կարող է դատաքննության ընթացքում դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ»։

Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ Վահագն Վերմիշյանը դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ․ «Գտնում եմ, որ տնային կալանք խափանման միջոցի ժամկետի երկարաձգելն անհրաժեշտ չէ»։

Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ նաև Վահագն Վերմիշյանը․ «Ամեն ինչ արել եմ, որպեսզի ապացուցեմ իմ անմեղությունը և կապացուցեմ, դրանում համոզված եմ։ Ես չեմ պատրաստվում որևիցե տեղ փախչել, ես եկել եմ հայրենիք, որպեսզի իմ հայրենիքում, իմ ոլորտի հետ կապված հարցերը կարգի բերեմ։ Փախչելու տեղ չունեմ, լիքը փախչող մարդիկ կան, հիմա հեսա հերթով փախչելու են։ Ես չեմ փախչելու, ես ծնվել եմ այստեղ, մեռնելու եմ այստեղ»։

Գործով դատախազը նշեց՝ իր կարծիքով՝ պետք է բավարարվի իր միջնորդությունը և տնային կալանք խափանման միջոցը երկարաձգվի։

Վահագն Վերմիշյանն ասաց, որ իհարկե տնային կալանքը շատ ավել մեղմ է, քան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվել է։

«Բայց, այնուամենայնիվ, 2017 թվականի նոյեմբերին, երբ եկա Հայաստան, աշնանը այգի եմ տնկել, այդ այգին ինձ երազ ա գալիս ամեն օր։ Առանց ինձ ոչ ոք էտ չի անում»,-ասաց նա, ինչին ի պատասխան նախագահող դատավորն ասաց, որ էտի սեզոնն արդեն անցել է։

Վերմիշյանը նշեց, որ Լոռիում մինչև հունիսի կես էտի սեզոն է։

«Եթե տնային կալանքը վերացնենք, պարոն Վերմիշյան, հաստատ ծառերի համար չենք վերացնի, բայց Ձեր համար կվերացնենք»,-ասաց դատավոր Արմեն Հովհաննիսյանը։

Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը և Վահագն Վերմիշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել