«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը հուղարկավորության և թաղման ծիսակարգերի մասին զրուցել է Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանի հետ։
-Քրիստոնեական աշխարհընկալման մեջ կա, որ մարդը մահանալով ազատագրվում է։ Ի՞նչ է մահը, ինչի՞ց ենք մենք ազատագրվում։
-Երբ մենք ընթերցում ենք Աստվածաշունչ մատյանը, հենց առաջին գլխում, երբ ներկայացվում է աշխարհի արարման պատմությունը, այնտեղ հստակ նաև ներկայացվում է մարդու արարման պատմությունը։ Մահը, որպես երևույթ ի հայտ եկավ մարդու մեղսագործությունից հետո։ Մարդն ի թիվս այլ պատիժների, ստացավ նաև մահը։ Աստված ասաց՝ հող էիր, հողին պիտի դառնաս, դրանից հետո մենք տեսնում ենք, որ աստվածաշնչյան կերպարներն ապրել են ավելի երկար, բայց Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ մենք տեսնում ենք, որ Աստված սահմանում է մարդու կյանքի համար 120 տարի։
-Հոգեհանգստի և հուղարկավորության ժամանակ քահանան աղոթում է։ Ի՞նչ աղոթք է կատարվում և ինչի՞ համար է դա արվում։
-Մեր եկեղեցական բոլոր արարողությունների հիմքում ընկած է Աստվածաշունչը։ Այսինքն, մեր բոլոր արարողությունները հիմնված են և հիմնավորված են Աստվածաշնչով։
Երբ մարդը մահանում է, հուղարկավորության նախորդ օրը հարազատները հոգևորականին կանչում են տուն, կատարվում է հոգեհանգստյան արարողություն, հաջորդ օրը կատարվում է թաղման արարողություն։ Թաղման արարողությունը բաղկացած է երեք մասից։ Առաջին հատվածը կոչվում է տան կարգ, որը քահանան կատարում է տանը, երկրորդ հատվածը կոչվում է եկեղեցու կարգ և երրորդ կարգը կոչվում է գերեզմանի կարգ։ Աղոթք է արվում ննջեցյալ հոգու հանգստյան համար։
-Հոգևորականի ներկայությունը հոգեհանգստին և հուղարկավորությանը պարտադի՞ր է։
-Նախ, պետք է ասեմ, որ մեր եկեղեցական բոլոր արարողությունները կատարվում են բոլոր նրանց համար, ովքեր մկրտված են Հայ Առաքելական եկեղեցում, եթե մարդը մկրտված չէ, ոչ մի արարողություն չի արվում։ Հոգևորականի ներկայությունը պարտադիր է։
-Աշտիշատի ժողովներից մեկում արգելվել է մահացածների վրա անվայելուչ լացը։ Կա՞ կարգ սահմանված, թե ի՞նչ կերպ է պետք հանգուցյալին հրաժեշտ տալ։
-Քանի որ մենք քրիստոնյա ենք և հավատում ենք հավիտենական կյանքի գոյությանը, մենք նաև հավատում ենք, որ մեր հարազատը, երբ մահանում է, մենք իրենից ժամանակավորապես ենք բաժանվում։ Պետք է զսպվածություն ցուցաբերի սգի տերը և պետք է իր հարազատին հրաժեշտ տա նորից հանդիպելու ակնկալիքով։
-Ինչո՞ւ է կանանց արգելված ներկա լինել հարազատի հուղարկավորությանը և միայն հաջորդ օրն են կարողանում այցելել հարազատի գերեզմանին։
-Կանանց արգելված չի, մինչև հանգստյան քարի մոտ հասնելը։ Սովորաբար ինչպես է տեղի ունենում. տան կարգը կատարվում է, դրանից հետո, եթե տանում են եկեղեցի, եկեղեցում է կարգ կատարվում։ Հին գերեզմանատներն ունեն հանգստյան քարեր։ Հանգուցյալին դրել են այնտեղ և կանայք հանգուցյալին հրաժեշտ են տվել։
-Իսկ երբ հարզատները հայտարարում են, որ 7-ն ու 40-ը մեկ օրում են անելու, դա ընդունելի, ընկալելի՞ է եկեղեցու համար։
-Միանշանակ սխալ է։ Դրանք տարբեր արարողություններ են, դրանց խորհուրդն էլ տարբեր է, բայց երբեմն մարդիկ անում են։ Պատճառներից մեկը հոգեհացի հետ է կապված, մյուսն էլ, եթե մոտ հարազատը չի կարող այդքան մնալ։ Բնակնաբար քահանան նրանց բացատրում է, որ այդպես անել չի կարել։
-Ըստ վերջին տվյալների՝ Երևանի գլխավոր հատակագծով գերեզմանատների համար նախատեսված 556,9 հեկտարը գրեթե ամբողջությամբ սպառվել է։ Հայ առաքելական եկեղեցին դե՞մ է դիակիզմանը, ինչո՞ւ։
-Ես իմ խոսքի սկզբում ասացի, որ աստվածային պատվիրանն այսպիսին է՝ հող էիր, հողին պիտի դառնաս, այսինքն մարդը պետք է հանձնվի հողին, դիակիզումը միանշանակ ընդունելի չէ մեզ համար, որովհետև այդպիսով խախտվում է աստվածային պատվիրանը, իսկ դիակիզման պարագայում մարդը մոխիր է դառնում։
-Ի՞նչ է արդարությունը։
-Աստծո կամքի իրագործումը երկրի վրա։
-Ի՞նչ է բարոյականությունը։
-Սուրբ գրքի հաստատած կանոններին համաձայն ապրելը։
-Ի՞նչ է հավատքը։
-Հավատքը վստահությունն է Աստծո հանդեպ։
-Որքանո՞վ են արդարությունը, բարոյականությունը և հավատքը փոխկապակցված:
-Կարող եմ ասել, որ առանց մեկի մյուսը գոյություն չունի։