Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Մերձավոր Արևելքում միջազգային իրավունքի խախտումները դադարեցնելու անհրաժեշտության մասին, այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Ես ուրախ եմ, որ Թուրքիայի և Վատիկանի միջև պատմականորեն սերտ հարաբերությունները շարունակում են ամրապնդվել։ Հասկանալով, որ սպանությունն արգելված է աբրահամական բոլոր կրոնների կողմից, մարդկությունն այլևս չպետք է թույլ տա Գազայի հատվածում միջազգային իրավունքի խախտում»,-ասել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ միջազգային հանրությունից ավելի շատ համակարգում և համագործակցություն է պահանջվում։
«Գազայում մարդիկ սովից են մահանում հումանիտար օգնություն հասցնելու անկարողության պատճառով։ Անհնար է մշտական խաղաղություն և կայունություն հաստատել Մերձավոր Արևելքում՝ առանց պաղեստինա-իսրայելական հարցի արդարացի լուծման»,-նշված է նամակում։
Թուրք առաջնորդը նամակում հիշատակել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։ Նա նշել է․ «Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինայում հակամարտությունը թեւակոխել է իր երրորդ տարին և ազդեցություն ունի համաշխարհային գործընթացների վրա, ինչը նույնպես պահանջում է ընդհանուր ջանքեր՝ լուծելու համար»։