Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը, հայտնում է РИА Новости-ն։
ՀԱՊԿ-ում ներկայումս ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջությամբ։ Բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվ դաշտին լիովին համապատասխան, Քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված որոշումների մասին»,- ասել է Թասմաղամբեթովը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ՀԱՊԿ քարտուղարությունն աշխատում է կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգին ու ընթացակարգերին խստորեն համապատասխան։
«Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերություններում: Չեմ թաքցնի, որ հայաստանյան էլիտաների մոտ որոշ իրադարձություններ և տրամադրություններ մեզ մոտ մտահոգություն են առաջացնում, բայց մենք հույս ունենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա:
Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասաց. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար.