«Կրոկուս»-ում ահաբեկչության հեղինակները «տեսել են, որ անհնար է մուտք գործել Բելառուս», ուստի գնացել են դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։
Ըստ նրա՝ «առաջին րոպեներին» Բելառուսում տեղակայվել են ՆԳՆ-ի, ՊԱԿ-ի և Պետական սահմանային կոմիտեի ուժերը, Ռուսաստանի հետ կապեր է հաստատվել։
«Այդ պատճառով նրանք (ահաբեկիչները՝ խմբ․) չկարողացան մտնել Բելառուս։ Նրանք տեսան դա, ուստի թեքվեցին ու գնացին ուկրաինառուսական սահմանային հատված»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA-ն։
Լուկաշենոն ասել է, որ ահաբեկիչների «հրահանգիչները» «հասկացել են, որ Բելառուս մուտք գործելն անհնար է»։ Նա նաև հավելել է, որ զանգահարել է Պուտինին և քննարկել Բելառուսի սահմանը փակելու հարցը, ինչը, իբր, խնդրել է ՌԴ նախագահը։ Լուկաշենկոյի խոսքով՝ նրանց միջեւ փոխգործակցությունը մշտական է եղել։
«Ինչու՞ ես սա ասացի։ Սկսեցին կշտամբել Պուտինին, իբրև թե՝ «Նա լռում է, չի խոսում և այլն»: Այո, մենք Պուտինի հետ մեկ օր չենք քնել։ Ի՞նչ գիտեն նրանք այդ մասին։ Երբ պետք էր խոսել, նա դուրս եկավ ու խոսեց»,- ասել է Լուկաշենկոն։