Վլադիմիր Գասպարյանի գործով դատարանը վկաների հարցաքննությունը տեսակապով իրականացնելու հնարավորությունն է դիտարկում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 19-ին, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով նիստը։

Դատական նիստի սկզբում հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանը փորձեց պարզել, թե Լևոն Երանոսյանը ինչ դիրքորոշում ունի ցուցմունք տալու վերաբերյալ, վերջինս պատասխանեց, որ չի պատրաստվում որևէ ցուցմունք տալ։

Դատախազ Տիգրան Ենոքյանը ներկայացրեց իր միջնորդությունը, այն է՝ հրապարակել Լևոն Երանոսյանի կողմից տրված նախաքննական ցուցմունքները։ Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։

Լևոն Երանոսյանը հարցաքննվել է 3 անգամ։ Առաջինը՝ 2019 թվականի փետրվարի 22-ին, այնուհետև՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ին՝ մեղադրյալի կարգավիճակով։

Առաջադրված մեղադրանքի և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների շուրջ 2019-ին Երանոսյանը նշել էր, որ հրաժարվում է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, ցուցմունքներ հայտնելուց։

2020 թվականի մայիսի 26-ին Երանոսյանի լրացուցիչ հարցաքննության է կանչվել։

Այս գործով կային այլ վկաներ, որոնք, ըստ դատարանի հաղորդած տվյալների, մահացած են, սակայն անհրաժեշտություն կար հրապարակելու նաև նրանց ցուցմունքները։

Ցուցմունք տվողներից մեկը եղել է Արթուր Բաղդասարյանը, ով մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, եղել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ։

Բաղդասարյանը տեղեկացրել է, որ իրեն կանչել են հարցաքննության «ՊՆ նախարարության առանձին աշխատակիցների կողմից իշխանությունը չարաշահելու, առանձնապես խոշոր չափի հանցագործություններ կատարելու դեպքի առթիվ»։

N զորամասի զինծառայողներ Խաչիկ Բադեյանը (2001թ․-ից), Նելսոն Սարոյանը (2004թ․-ից), Արման Մովսիսյանը (2009թ․-ից) հրամանագրված լինելով ՊՆ ռազմական ոստիկանության ռազմական ոստիկանի պաշտոնին, ունենալով ենթասպայի կոչում, նշանակման օրվանից չեն ներկայացել զինվորական ծառայության, փոխարենը կատարել են զինծառայողի կարգավիճակից չբխող աշխատանք։ Նելսոն Սարոյանն աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ Խաչիկ Բադեյանը և Արման Մովսիսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։

«Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ այդ զինծառայողները չեն ներկայացել զինծառայության, ծառայողական քննություն չի իրականացվել, քանի որ այդ զինծառայողները զեկուցագիր են ներկայացրել ծառայությունից ազատվելու համար։ Զեկուցագրի հիման վրա ազատվել են ծառայությունից»,-նշել էր նա իր ցուցմունքներում։

Վկաներից մեկն էլ Արմեն Վարդանյանն է եղել։ Նա հայտնել էր, որ ցանկանում է իր հարցաքննությունը տեղի ունենա փաստաբանի մասնակցությամբ։ Հարցաքննվել է 2019 թվականի սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայության կողմից։

Այս գործով ցուցմունք էր տվել Ռոլանդ Սարգսյանը։ Վերջինս զոհվել է 2020 թվականին Արցախի հանրապետությունում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրականացված հարձակումների, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի զրահատեխնիկայի արձակած կրակոցներից։

Այսօրվա նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն էր դատարան ուղարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև, սակայն այն մերժվել է՝ Վլադիմիր Գասպարյանի մյուս պաշտպանի ներկայությամբ պայմանավորված։

Դատական նիստի ավարտին դատավորը տեղեկացրեց, որ Արմեն Ասրյանի և Արսեն Գալստյանի մասով դատարանը համապատասխան գրություն է հասցեագրել ոստիկանության բաժին տեսակապով հարցաքննություն իրականացնելու հնարավորությունները պարզելու համար։

Հաջորդ դատական նիստը՝ մարտի 26-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել