Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցն Ադրբեջան ավարտվել է։
Կոբախիձեն նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև գործընկերությունը գտնվում է կատարյալ մակարդակի վրա, և Վրաստանը կփորձի անել հնարավորը բարեկամությունը, համագործակցությունը և գործընկերությունը խորացնելու համար։
«Ներկայումս մենք հիանալի երկխոսություն ունենք քաղաքական, տնտեսական և այլ մակարդակներում, կա դրական դինամիկա։ Մեր նպատակն է խորացնել այս համագործակցությունն ու գործընկերությունը»,-ասել է նա։
Իլհամ Ալիևն էլ իր հերթին նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը՝ որպես երկու անկախ պետություններ, միշտ մոտ են միմյանց։
«Մեր բարեկամությունն ու եղբայրությունը հիմնված են խորը պատմական արմատների վրա։ Դարեր շարունակ մեր ժողովուրդներն ապրել են բարեկամության և բարիդրացիության պայմաններում։ Այդ ամուր հիմքի վրա են կառուցված միջպետական հարաբերությունները»,- նշել է նա։
Անդրադարձ է կատարվել նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն։
«Ես կարծում եմ, որ ընդամենը մի քանի ամսում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդլայնված ձևով շահագործման մեկնարկը մեծ ձեռքբերումներից է»,-ասել է Ալիևը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել Վրաստան։
Նշենք նաև, որ նախատեսվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Հայաստան։