Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 13-ին, շարունակվեց Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գևորգ Քոչարյանը, պատասխանող Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանը։ Սուրիկ Խաչատրյանի և Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը և դատավարության մյուս մասնակիցները ծանուցվել, բայց չէին ներկայացել։
Պատասխանող կողմը նախքան իր առարկությունները ներկայացնելը՝ նշել է, որ Սուրիկ Խաչատրյանը չի ընդունում հայցադիմումով ներկայացված պահանջները, ամբողջությամբ առարկում է դրանց դեմ։ Նա առարկում է նաև հայցի իրավական և փաստական հիմքերի վրա մի քանի ասպեկտներով․
Առաջինը՝ իսնտիտուցիոնալ տեսանկյունից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի իրավաչափությանը վերաբերող, մասնավորապես՝ առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտը դատական կարգով գույքի, ոչ թե անձի դեմ ուղղված հետապնդում է, այդ մասին խոսվում է նաև օրենքի նախագծի հիմնավորումների մեջ, ավելին՝ իրավասու մարմնի որոշ ներկայացուցիչներ ունեն այդպիսի դիրքորոշում․ «Օրենքը, դե ֆակտո, իրավասու մարմնի կողմից մեկնաբանվում է այնպես, որ այն վեր է ածվում անձի դեմ ուղղված վարույթի։ Իրավասու մարմինը չի փորձում ապացուցել բռնագանձման ենթակա գույքի կապը պատասխանողի կողմից կատարված ոչ իրավաչափ, հանցավոր արարքի հետ, և այդ հանցավոր արարքի հետևանքով ստացած եկամտի հետ, մինչդեռ պատասխանող կողմի գնահատմամբ այդ կապի բացահայտումը կարևոր նշանակություն ունի»։
Փաստաբանի խոսքով՝ ի տարբերություն իրավասու մարմնի, սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունեցող անձի համար փորձագետների և մասնագետների ներգրավումը բավականին թանկ հաճույք է, գուցե այս գործով տնտեսագետի ներգրավման անհրաժեշտություն չի եղել, քանի որ Գևորգ Քոչարյանն ունի համապատասխան որակավորում, բայց մնացած գործերով իրավասու մարմինը ներգրավում է տնտեսագետի։
«Այս դեպքում Սուրիկ Խաչատրյանը տնտեսագետ ներգրավելու առնվազն ֆինանսական հնարավորություններ այս պահին չունի»,- ընդգծել է նա։
Դատախազ Գևորգ Քոչարյանի հարցին՝ դատարանին միջնորդություններ ներկայացվե՞լ են դրամական միջոցներից կամ գույքերից արգելանք հանելու վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտ գործողություններն իրականացվեն (օրինակ՝ փաստաբանական ծառայությունների դիմաց վարձատրություն) փաստաբանը պատասխանեց, որ Սուրիկ Խաչատրյանը չունի ազատ դրամական միջոցներ, այսինքն՝ ավանդի գումար, որի վրա արգելանք կիրառված լինի։
Պատասխանող կողմ դիրքորոշում հայտնեց նաև վարույթի սահմանադրականության մասին։ Ըստ նրա՝ հայցի հարուցումը չի բխում դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից, իրավասու մարմինը նման հայց հարուցելով դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից․ «Նմանաբնույթ հայցի հարուցումը և բավարարումը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքի պաշտպանության գաղափարին»։
Մարգարիտա Ղազարյանն իր խոսքում նշել է, որ վարույթը վերաբերում է 2004-ից 2022 թվականներն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերին, իսկ 2022 թվականի դրությամբ առնվազն Սուրիկ Խաչատրյանի համար բավականին բարդ է հիմնավորել 2004-2005 թվականներին ձեռք բերված գույքի օրինականությունը․ «Նախ՝ անձը կարող է չհիշել, երկրորդ՝ հնարավոր է, որ համապատասխան գործարքները կանխիկով արված լինեն, և երրորդ՝ հնարավոր է՝ համապատասխան ապացույցները պահված չլինեն»։
Դատական նիստի ժամանակ փաստաբանը նշեց, թե իրավասու մարմինը դուրս է եկել ուսումնասիրության ժամանակահատվածի սահմաններից, ուսումնասիրության առարկա է դարձրել նաև մինչև ուսումնասիրվող ժամանակահատվածը ձեռք բերված գույքը և ենթադրաբար կատարված ծախսերը։
«Սուրիկ Խաչատրյանը 1994-1996 թվականներին զբաղեցրել է Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, 1996 թվականին նախագահի պաշտոնը, 1996-1999 թվականներին Գորիսի քաղաքապետի պաշտոնը, 1995-2004 թվականներին ԱԺ պատգամավորի պաշտոնը, 2004-2013 թվականներին Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Այսքան բարձր պաշտոններ զբաղեցրած անձի պարագայում 2004 թվականին համարել, որ նա չուներ բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի ձեռք բերեր «Նիվա» մակնիշի մեքենա, չի բխում իրականությունից»,-պնդել է փաստաբանը։
Փաստաբանը նաև նշել է, որ իրենք պատրաստվում են միջնորդել այս գործով Հայկազ Պարմանյանին որպես 3-րդ անձ ներգրավելու վերաբերյալ։ Փաստաբանի խոսքով՝ միշտ չէ, որ մտերիմ մարդուն գումար փոխանցելուց կնքվում է պայմանագիր, կազմվում են համապատասխան հիմքեր, առավել ևս՝ 2000-ական թվականների դեպքում․ «Այս ամենը իրավասու մարմինը հաշվի չի առնում։ Հաշվի չի առնում նաև այն, որ բավականին փոքր գումարներ, երբ խոսքը 20, 50, 100 հազար դրամների մասին է, դրանց օրինական լինելու հանգամանքը չպետք է կասկածի տակ առնվի, մանավանդ այն դեպքում երբ թվարկվեց՝ ինչ պաշտոններ է զբաղեցրել Սուրիկ Խաչատրյանը»։
Փաստաբանը պնդել է, թե այստեղ գործ ունեն ոչ թե չբացատրվող հարստացման արդյունքում ձեռք բերված գույքի, այլ գույքի հետ, որը չենք կարողանում հիմնավորել օրինական եկամուտներով և դրա պատճառը ժամանակն է։
Դատախազի խոսքով՝ այս հարցն առհասարակ այս դատարանում քննարկման ենթակա հարց չէ, քանի որ օրենքում կան հստակ կարգավորումներ, օրենքում հաստատելու կամ հիմնավորելու հետ կապված որևէ նշումներ չկան, բնականաբար, դատախազությունն էլ, դատարանն էլ օրենքով են գործում, և այն հանգամանքները, որոնք որ ներկայացվում են, այս դատարանում քննարկման ենթակա չեն։
Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին շարունակել լսել փաստաբանի առարկությունները։ Հաջորդ նիստը՝ մարտի 28-ին։
Մարիամ Շահնազարյան