ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կազմակերպության վերաբերյալ Հայաստանից հնչող հայտարարությունների մասին

Իմանղալի Թասմաղամբեթովը ТАСС-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ղեկավարության հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարաբերություններին։

-Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում շատ են շահարկումները ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի հետագա մասնակցության թեմայով։ Հայաստանում պաշտոնյաները բավականին կոշտ հայտարարություններ են անում.։ Ինչպե՞ս եք տեսնում կազմակերպության և Հայաստանի Հանրապետության հետագա փոխգործակցությունը:

-Երևանն իսկապես վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին համապատասխան։ Ընդունված որոշումների մասին քարտուղարությունը տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց նշված հայտարարությունների առնչությամբ ասեմ, որ կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել։

-Այնուամենայնիվ, քարտուղարությունը և Դուք՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ակնկալու՞մ եք Հայաստանից նման հայտարարություն։

-Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խստորեն համապատասխան: Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ, և՛ Հայաստանի, և՛ կազմակերպության հարաբերություններում։ Չեմ թաքցնի, որ հայաստանյան էլիտաների որոշ հայտարարություններ անհանգստություն են առաջացնում։ Բայց մենք հույս ունենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել