Հանքարդյունաբերության ոլորտի մեր գործընկերները փորձում են լավագույն ուսանողներին ապահովել բավականին բարձր աշխատավարձով աշխատատեղերով․ Սարգիս Քելյան

Հայաստանն ունի հանքարդյունաբերության ոլորտի գործունության բազմադարյա փորձ: Հայ երկրաբանների աշխատանքի շնորհիվ կուտակվել է մեծ ծավալի տեղեկատվություն, ստեղծվել է հզոր հանքահումքային հենք, զարգացել են արդյունաբերական բազմաթիվ ճյուղեր՝ հանքերի նախագծումից մինչև մետաղաձուլություն:

Նշվում է, որ հանրապետական երկրաբանական ֆոնդում գոյություն ունեն հանրապետության ընդերքի վերաբերյալ առավել քան 100 տարվա (մինչև 200 տարվա հնության) երկրաբանական տեղեկություններ պարունակող տասնյակ հազարավոր նյութեր (հաշվետվություններ, քարտեզագրական նյութեր և այլն):

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ երկրաբանություն մասնագիտությունը շատերը դիտարկում են միայն հանքարդյունաբերության ոլորտում, սակայն դա այդպես չէ։ Երկրաբանությունը շատ ավելի լայն մասնագիտություն է, որն ուսումնասիրում է նաև հանքարյդունաբերությունը։

«Այսօր մենք ծառացած ենք կոնկրետ մասնագիտական կարծիք հայտնելու խնդրի առաջ։ Նախ շեշտեմ, որ հանքարդյունաբերության ոլորտում բոլոր երկրներում կան տեսակետներ, որ հանքարդյունաբերությունը խախտում է էկոհամակարգը, ուստի մեր խնդիրն է բացահայտել է կոնկրետ այդ խնդիրը և լուծում տալ դրան, այլ ոչ թե պարզապես ֆիքսենք այն գաղափարը, որ հանքարդյունաբերությունը վտանգավոր է երկրի տնտեսության համար և այլն»,-նշեց Սարգիս Քելյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի տնտեսության մեջ էլ բավական մեծ կշիռ ունի այս ոլորտը։

Ոլորտի մասնագետները նշում են, որ պետք է լուծել ոլորտի նկատմամբ գրավչության խնդիրը։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշում է․ «Դա շատ մեծ խնդիր է, բայց մենք արդեն սկսել ենք․ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համաձայնագրեր ենք կնքել, որ այդ ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տարվի, որպեսզի մեր ոլորտը երիտասարդների համար նորից դառնա ավելի գրավիչ։ Հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդների մեծ մասը չի տեսնում ոլորտի գրավչությունը, որ մասնագետ դառնա, ավելի շատ ՏՏ ոլորտի մասնագիտություններն են այսօր գրավիչ»։

Սարգիս Քելյանը որպես դեկան կարևորում է այդ ոլորտում կադրերի պատրաստումը և մասնագիտական կողմնորոշումը։

«Շեշտեմ մեր համագործակցությունը կրթական և գիտական համակարգի հետ․ մենք բավականին լայն թափով ու նոր ձևաչափով սկսել ենք համագործակցություն Պոլիտեխնիկական համալսարանի հետ, Երկրաբանության ինստիտուտի հետ։ Այդ համագործակցությունը, կարծում եմ, կրթական և գիտական համակարգում բերելու է բավականին մեծ փոփոխության։ Թե՛ բիզնես ոլորտում, թե՛ կառավարության կողմից՝ պետական գերատեսչություններում, միտված են օժանդակելու ոլորտին։

Ցավոք, այսօր երկրաբանության ոլորտը գրավչություն չի ներկայացնում հասարակության կողմից։ Դպրոցական կրթական ծրագրերում ինչ-որ չափով միգուցե թերանում են, միգուցե նաև չկա նաև նման մասնագիտության մասին իրազեկում, մենք մեր ուժերով փորձում ենք իրազեկման լայն պրոցեսներ տանել, որն արդեն իսկ սկսել ենք։ Այդ աջակցությունը մենք ստանում ենք հենց կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտի մեր գործընկերների կողմից․ տրամադրում են բավականին բարձր կրթաթոշակներ, ինչպես նաև մեր գործընկերները փորձում են լավագույն ուսանողներին ապահովել բավականին բարձր աշխատավարձով աշխատատեղերով»,-մանրամասնեց Սարգիս Քելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել