Եթե ունես «ոչ» ասելու ներքին կամք, ապա արագ հասկանում են, քեզ հետ շփումներում ինչ է թույլատրելի, ինչը՝ ոչ․ Հրաչյա Առաքելյան

Եթե ունես «ոչ» ասելու ներքին կամք, կողքիդ գտնվողները շատ արագ հասկանում են՝ քեզ հետ շփումներում ինչ է թույլատրելի, ինչը՝ ոչ․ այս մասին Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ Հրաչյա Առաքելյանը՝ նշելով, որ ամբասիր ծառայողական կենսագրություն ունենալն իր համար սկզբունքային հարց է, ինչի մասին տեղյակ է իր շրջապատը։

«Ներկայացնում է քննիչը» շարքը 2024թ․ ընթացքում իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի շրջանակներում։

-Պարոն Առաքելյան, ինչպե՞ս Ձեր գլխավորած ստորաբաժանումը ամփոփեց 2023 թվականը։ Քննչական գործունեության հատկապես ո՞ր ասպեկտով եք արդյունքներն առավել կարևոր և տպավորիչ համարում և ինչու՞։

-2023 թվականի մայիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել եմ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետի պաշտոնին և շուրջ ութ ամիսների ընթացքում կարողացել եմ ծանոթանալ և՛ անձնակազմի, և՛ ստորաբաժանումում առկա լուծման ենթակա խնդիրների հետ։

Ստորաբաժանման կողմից 2023թ․ կատարվել է մեծածավալ աշխատանք։ Ինչպես գիտեք, մայրաքաքաղաքային շարժը հիմնականում տեղի է ունենում Կենտրոն, որոշ չափով նաև Նոր Նորք վարչական շրջաններում, ինչով պայմանավորված, հանցագործության դեպքերն էլ այստեղ համեմատաբար ավելի շատ են։ Արդյունքում վարույթների համեմատական առատությունը նաև ծանրաբեռնվածության է բերում։ Չնայած դրան, իմ գնահատմամբ ստորաբաժանումը իր առջև դրված խնդիրները 2023թ․ կատարել է «լավ» արդյունքներով:

-Վերջին շրջանում կարծես ավելացել են դանակահարությունները, հրազենի գործադրմամբ մարմնական ծանր վնավածքներ հասցնելու դեպքերը։ Ինչպիսի՞ն է պատկերը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների առումով Երևանի ամենաբանուկ՝ Կենտրոն վարչական շրջանում։ Ձեզ մոտ առկա վարույթները հաշվի առնելով՝ որո՞նք են նման միտումների պատճառները։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ևս առկա են ինչպես հրազենի, այնպես էլ սուր կտրող-ծակող գործիքի /դանակի/ գործադրմամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու, այդպիսի դեպքերը խուլիգանությամբ կատարվելու առիթով նախաձեռնված քրեական վարույթներ։ Դրանցով կատարվում են մեծածավալ վարութային և ապացուցողական գործողություններ: Քանի որ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն էական ազդեցություն են ունենում ընդհանուր հանցավորության վիճակի վրա, դրանց լիարժեք բացահայտման և քննության վրա առանձնահատուկ ջանք ենք թափում։

Ըստ իս՝ նմանատիպ հանցագործությունները Երևան քաղաքի ամենաբանուկ՝ Կենտրոն վարչական շրջանում կատարվելը պայմանավորված է քաղաքի այս հատվածում սպասարկման, ժամանցի և այլ բնույթի օբյեկտների խտությամբ, ուսումնական և այլ հաստատությունների առատությամբ և դրանցով պայմանավորված՝ քաղաքացիների ինտենսիվ հոսքով։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ ծանր հանցագործությունների կատարման հիմքում հիմնականում ընկած են անձնամիջյան վեճերը, այսինքն կազմակերպված հանցավորության տարրեր դրանք որպես կանոն չեն պարունակում:

-Պարոն Առաքելյան, որպես ստորաբաժանման ղեկավար, երբ պարզում եք, որ ձեր ստորաբաժանման քննիչների քննած վարույթներով դատարանն արդարացման դատավճիռ է կայացնում, կամ այլ որակում է տալիս մեղադրյալի արարքներին, հանգում սկզբունքորեն այլ հետևությունների, նման դեպքերը որոշակի հետևանքներ ունենո՞ւմ են։ 

-Նման դեպքեր դեռևս չեն արձանագրվել, իսկ լինելու դեպքում բնականաբար` այո, դրանք պետք է դառնան քննարկման առարկա։ Նախնական ուսումնասիրման արդյունքում թերացումներ, խախտումներ հայտնաբերվելու դեպքում պետք է քննարկվի դրանք թույլ տվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Բայց պետք է նկատի ունենալ նաև, որ որոշակի դեպքերում արդարացման դատավճիռները կայացվում են ոչ թե քննության թերությունների պատճառով, այլ արարքի որակման առումով ձեռք բերված ապացույցների համակցության պայմաններում դատարանի տարբերվող իրավական գնահատականներով։ Ամեն դեպք յուրովի է։   

-Ինչպիսի՞ն է այսօր ձեր ղեկավարած բաժնի կադրային հագեցվածությունը և հատկապես ծանրաբեռնվածության գործոնը հաշվի առնելով՝ քննիչների կողմից իրականացվող քննության ընդհանուր որակն ինչպե՞ս եք գնահատում։

-Ստորաբաժանումում ներկա պահին կան թափուր հաստիքներ, սակայն ծանրաբեռնվածության գործոնը հաշվի առնելով՝ փորձում ենք բացը լրացնել։ Վիճակագրական ցուցանիշները փաստում են, որ չնայած ահռելի ծանրաբեռնվածությանը, ապահովվել ենք պատշաճ արդյունքներ՝ գրեթե բոլոր պարամետրերով։ Քննչական կոմիտեի կողմից կադրային համալրման ոլորտում իրականացվող քաղաքականությունը, քննիչներիս ոցիալական երաշխիքների էական բարելաումը, վստահ եմ, կադրային հագեցվածության առումով էական դրական տեղաշարժի կհանգեցնի։ Սակայն մեր խնդիրը միայն թվակազմի համալրումը չէ, այլ հատկապես որակյալ մասնագետների ներգրավումը, ինչը շատ ավելի կարևոր է իմ կարծիքով:

-Նոր քրեադատավարական օրենքով նախաքննության ընթացքը, պայմանավորված քրեական հետապնդման ժամկետների սահմանափակումներով, զգալիորեն արագացել է՝ հանգեցնելով աշխատանքի տեմպի ավելացման։ Այս նոր կարգավորումները որքանո՞վ են նպաստում որակյալ նախաքննությանը և կարողացե՞լ եք ադապտացվել այդ նոր ռեժիմին։

-Փոփոխված քրեադատավարական օրենքներն արդեն տևական ժամանակ է, ինչ կիրառվում են և հասցրել ենք դրանց ադապտացվել։ Նոր կարգավորումներով աշխատանքային տեմպն ավելացել է, հատկապես հանրային քրեական հետապնդում հարուցված վարույթներով՝ պայմանավորված ժամկետների սահմանափակմամբ: Իմ կարծիքով որևէ ժամկետի սահմանափակում չպետք է խոչընդոտի որակյալ նախաքննություն իրականացնելուն և նման մոտեցմամբ էլ պահանջ է ներկայացվել ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

-Ձեր աշխատանքային պրակտիկայի ընթացքում կարո՞ղ եք հիշել հանցագործության դեպք, որի բացահայտումն ու խութերը հասկանալը  առանձնակի դժվարություն է ներկայացրել, պահանջել քննչական հատուկ հմտություններ, և որն, այդուհանդերձ, հաղթահարել եք։

Կարող եմ հիշել նման ոչ թե մեկ, այլ մի քանի դեպքեր։ Թող անհամեստ չհնչի, բայց դրանցում առաջացած դժվարությունները կարողացել եմ հաղթահարել իմ սկզբունքային, կամային որակներով և, նախաքննության շահով պայմանավորված, լուծել քրեական գործերի վերջնական ընթացքը: Իմ պրակտիկայի ընթացքում ձեռք բերված փորձը փոխանցել և ներկայումս էլ փոխանցում եմ այն ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, որտեղ զբաղեցրել և զբաղեցնում եմ ղեկավար պաշտոններ: Ի դեպ՝ ինքս էլ շատ հմտություններ քաղել եմ ավագ գործընկերներիցս և այս առումով համակարգային գենետիկ, հարստացող հիշողությունը ամենաթանկ կապիտալներից է։

-Ծնունդով Ախուրյան գյուղից եք։ Ծառայողական գործունեության գերակշիռ մասը՝ շուրջ 20 տարի, անցկացրել եք Ձեր մարզում։ Հատկապես մարզային համայնքերում բոլորն իրար ճանաչում են։ Ձեզ շա՞տ են դիմել կամ հիմա էլ դիմու՞մ են անձնական հարցերով։ Հե՞շտ է արդյոք հաղթահարել այդ բարոյական ճնշումը ու ինչպե՞ս եք արձագանքում նման «խնդրանքներին»։

Թե՛ Շիրակի մարզում, թե՛ Երևան քաղաքում ես կաշկանդված չեմ եղել օրենքով գործելու հարցում։ Ներկա պահին էլ չունեմ նման խնդիր։ Որևէ բարոյական ճնշում իմ նկատմամբ չի եղել, թույլ չեմ տվել, որ լինի, որովհետև ամբասիր ծառայողական կենսագրություն ունենալն ինձ համար սկզբունքային հարց է ու իմ շրջապատը գիտի այդ մասին։ Եթե ունես «ոչ» ասելու ներքին կամք, կողքիդ գտնվողները շատ արագ հասկանում են՝ քեզ հետ շփումներում ինչ է թույլատրելի, ինչը՝ ոչ։

-Դժվա՞ր չէր մարզում ունեցած այդքան տարվա փորձառությունից հետո մայրաքաղաքում ծառայության անցնելը։ Ձեզ համար խիստ ակնհայտ տարբերություններ եղա՞ն Շիրակում և Երևանում իրականացվող աշխատանքի հետ կապված։

-Երկու դեպքում էլ եղել են և կան դժվարություններ։ Գիտեք, չնայած մենթալիտետային որոշակի տարբերություններին, այդուհանդերձ, փոքր երկիր լինելու հանգամանքը թույլ չի տալիս էական տարբերություններ ունենալ այդ թվում նաև հանցավորության վիճակի, տեսակների առումով։ Քրեադատավարական ընթացակարգերի, իրավական գործիքակազմի միատեսակ կիրառությունը, կուտակած փորձը ապահովում են, որպեսզի աշխատավայրերի փոփոխությունը էականա զդեցություն չթողնի գործունեությանդ վրա։ Եթե աշխատանքի հանդեպ նաև բարձր պատասխանատվությամբ մոտենալու կարողություն ունես և աշխատասիրություն, ապա առհասարակ չեմ պատկերացնում, որ այդ առումով կարելի է ինչ-որ խնդիրների բախվել։

-Ի՞նչ անել, որպեսզի քննիչը տարատեսակ խնդրանք-առաջարկներով չկաշկանդվի՝ ապահովելու համար քննության անկողմնակալությունը։

-Քննիչն առաջին հերթին ինքը պետք է գիտակցի իր զբաղեցրած պաշտոնը, պատասխանատվության զգացումը զբաղեցրած պաշտոնի, իր կարգավիճակի, ուսադիրի, ծառայության և ամենակարևորը՝ պետության ու հայրենիքի առջև իր պարտականության հանդեպ։ Քննվող վարույթներով անկողմնակալության ապահովումը տարատեսակ խնդրանք-առաջարկներով չկաշկանդվելու կարևոր նախապայման է: Եվ երբևէ չպետք է թույլ տաս ինքդ քեզ՝ նման խնդրանքներով այլոց դիմել, որպեսզի նաև բարոյական ներքին իրավունք ունենաս նման խնդրանքները մերժելու։     

-Այս տարի Քննչական կոմիտեն նշում է իր 10-ամյակը և Դուք մաս եք կազմել կառույցի զարգացման ընթացքին։ Որքանո՞վ եք համակարգային առումով այն կայացած համարում՝ ելնելով այսօրվա իրողություններից։

Կարծում եմ՝ բոլորին է տեսանելի, թե զարգացման ինչպիսի անշեղ ընթացքի մեջ է Քննչական կոմիտեն։ Այն այսօր ոչ միայն կայացած, այլ զարգացող և ընդլայնվող համակարգ է։ Հակառակ դեպքում անհնար կլիներ պատկերացնել վարույթների 98 տոկոսը քննող համակարգ։ Ես իսկապես ներքին հպարտության զգացում եմ ապրում՝ այդ ընթացքի մասնիկը լինելու համար և ուզում եմ հավատալ, որ իմ համեստ լուման եմ ներդնում համակարգի կայացման, դրանով իսկ՝ մեր պետականության ամրապնդման գործում։

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել