Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումները, քննարկումները խաղաղության գործընթացի վերաբերյալ կարևոր նշանակություն ունեն: Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի ունեցած հանդիպումից առաջ յոթ ամսվա ընթացքում նման կազմով բանակցություններ չեն ընթացել:
«Դրանից հետո հիմնականում եղել են տեքստային մեկնաբանություններ, նախագծեր, որոնք կողմերը փոխանցել են միմյանց։ Ամեն դեպքում այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում կարելի է դրական դինամիկա արձանագրել այդ ուղղությամբ»,- ընդգծել է Բայրամովը:
Նա դրական է գնահատել նաև Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը:
Աղբյուրը՝ 1lurer.am: