Վահագն Վերմիշյանի խափանման միջոց կալանքը գրավով և համակցված այլ խափանման միջոցներով փոխարինելու միջնորդություն ներկայացվեց

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 29-ին շարունակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։

Դատական նիստին ներկայացել էին դատախազ Ծովակ Մնացականյանը, մեղադրյալ Վահագն Վերմիշյանը, նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, մեղադրյալ Վազգեն Պողոսյանը, նրա պաշտպան Գագիկ Խաչիկյանը, մեղադրյալ Գագիկ Գալստյանը, նրա պաշտպաններ Արմեն Ֆերոյանը և Լիանա Գասպարյանը, ներկայացել էին նաև մեղադրյալ Ջոն Ֆարխոյանը, մեղադրյալներ Մուշեղ Ավետիսյանը, Վրեժ Ասրյանը և նրանց պաշտպան Լևոն Սահակյանը: Չէր ներկայացել մեղադրյալ Էլեն Գրիգորյանը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Կարեն Ամիրյանը նիստի սկզբում հայտարարեց, որ Վերմիշյանի ներկայացուցիչը հայտնել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցող դատավարության շրջանակներում որոշակի ապացույց ներկայացնելու անհրաժեշտության մասին։

Նշված քաղաքացիական գործով Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը դատավարությանը ներկա էր։ Նա Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին միջնորդություն էր ներկայացրել այս գործով մեղադրյալի կողմից ստորագրված լիազորագիրը քրեակատարողական հիմնարկի կողմից հաստատման թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը նշեց, որ նշված միջնորդությունը նա չի ստացել: Դրա բավարարման դեպքում ՌԴ-ում գտնվող փաստաբանը լիազորություններ կունենար Վահագն Վերմիշյանի եկամուտների վերաբերյալ հարցումներ անելու և տեղեկություններ ստանալու։

«Մինչև իմ Հայաստան գալը ձեռք բերված գույքի մասին է խոսքը»,- դատարանում նշեց Վերմիշյանը: Դատարանը որոշեց Արմեն Մելքումյանի ներկայացրած միջնորդության քննարկումը հետաձգել։

Այնուհետև Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հիշեցրեց, որ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, որը դեռևս քննարկման առարկա չի դարձել։

Դատախազը ընդգծեց, որ իր կարծիքով դատարանն արդեն իսկ հարցին անդրադարձել է, այլ հարց է, թե ինչ-որ նոր հանգամանք կա, որը որ փոխում է խափանման միջոցի քննության անհրաժեշտությունը, եթե այդպիսի նոր հանգամանք կա, ապա կարող են նոր հանգամանքը լսել և հայտնել դիրքորոշում։

Ամբաստանյալներից Գագիկ Գալստյանի պաշտպան Արմեն Ֆերոյանն առարկեց՝ ասելով, որ Կոչուբաևի միջնորդությունը ենթակա է քննարկման․ «Իհա՛րկե, էական հանգամանքներ են փոփոխվել, պարոն Վերմիշյանին կալանավորել են, որ վկաների վրա չազդի, չխոչընդոտի։ Սակայն գործով վկաներն արդեն հարցաքննվել են դատարանում»:

Փաստաբան Լիանա Գասպարյանը դատարանում հայտարարեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը պետք է բեկանի Գագիկ Գալստյանի մասով դատական ակտը և հռչակի վերջինիս անմեղությունը։ Գագիկ Գալստյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը մի քանի ապացույցների անդրադարձավ:

«Կա տեսանկարահանում, որտեղ երևում է, որ պարոն Գալստյանը մոտենում է Վահագն Վերմիշյանի աշխատասենյակին, նրան է փոխանցում ծրար, ասում է, որ սա էլ իմ կողմից, Վերմիշյանը չի վերցնում, Գալստյանը դժվարությամբ այդ ծրարը թողնում է նրա աշխատասենյակում, ասում է, որ սա ոչ մի բան իրենից չի ներկայացնում։ Պարոն Վերմիշյանը ասում է, որ թանգարանի համար էլի բաներ կան անելու»,-նշեց պաշտպանը:

Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որոնցից մեկը վերաբերում է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեդալներին։ Նշված դրվագով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Գալստյանին և Վազգեն Պողոսյանին։

Վերմիշյանը իմացել, այնուհետև 2019 թվականի օգոստոս ամսին, շինարարների օրվա առթիվ կազմակերպված հավաքի ժամանակ Գագիկ Գալստյանին տեղեկացրել է, որ անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հուշամեդալները վաճառվում են, ինքը պատրաստվում է գնել ու հանձնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին:

Գագիկ Գալստյանը պատասխանել է, որ նա և մյուս շինարարները նույնպես մասնակցություն կունենան դրանց ձեռքբերման հարցում: Հուշամեդալները ձեռք են բերվել, որի համար Վերմիշյանն անձամբ վճարել է 8000 ԱՄՆ դոլար, սակայն մեդալները վերցրել է այլ անձ, չի հիշում՝ թե ով: Մեդալները հանձնել է թանգարանին՝ տնօրենին խնդրելով ներկայացնել, որ անանուն նվիրատուի կողմից է տրված:

2019 թվականի հոկտեմբեր ամսին իր աշխատասենյակ է եկել Գագիկ Գալստյանը և տեղեկացված լինելով հուշամեդալների ձեռք բերման մասին՝ տվել է 5000 ԱՄՆ դոլար՝ հայտնելով, որ միայն Վերմիշյանը չպետք է միայնակ այդ ծախսը կատարի: Կոմիտեի ղեկավարը չի ցանկացել վերցնել գումարը, քանի որ ֆինանսապես ապահովված է եղել, սակայն Գագիկ Գալստյանին չվիրավորելու համար վերցրել է և խոստացել գումարը նվիրաբերել թանգարանի ֆոնդին: Մեղադրական կողմից նշված մեդալների գնմանը «մասնակցություն ունենալու ցանկությունը»  կաշառք է որակվել` Վագեն Պողոսյանի և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար:

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ Ջին Թորոսյանի անվան ճարտարապետների թանգարան կա, և այդ թանգարանի համար պետք է ձեռք բերվեին Վերնիսաժում վաճառվող հուշամեդալները:  Պարոն Գալստյանը ասում է Վերմիշյանին, որ որևէ խնդիր չկա, մենք ամեն գնով դրանք պետք է հավաքագրենք և նվիրաբերենք թանգարանին: Գալստյանը նշել է, որ Վերմիշյանը դրանք ձեռք է բերում, քանի որ ինքն է տեսած լինում առաջինը, մեդալները նվիրում է թանգարանին, ինչի վերաբերյալ կա YouTube-ի տեսանյութ, որտեղ Վերմիշյանը ելույթ է ունենում, որ այդ հուշամեդալները իրենց միջոցներով է ձեռք բերվել: Պաշտպանական կողմը գալիս է այն եզրահանգման, որ ներկայացված ապացույցները գնահատվել են բացառապես մեղադրական թեքումով, և արդարացման թեքումով դրանք ընդհանրապես չեն դիտարկվել: Անձին գումար տալը դա դեռևս կաշառք տալ չի»,-նշում է Արմեն Ֆերոյանը:

«Իմ պարտքն է եղել, հոգուս պարտքն է եղել, ոչ մեկին ոչ մի բան չեմ ասել, տարել, նվիրաբերել եմ թանգարանին 8 հազար դոլարով»,-դատարանում նշեց Վահագն Վերմիշյանը:

Դատախազ Ծովակ Մնացականյանը կարծիքով՝ պաշտպանական կողմը առաջ է քաշում այն վարկածը, որ մեղադրյալները գործել են ընկերական սկզբունքներից ելնելով, գործել են թանգարանի համար, դա առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու տակտիկա է, վարկած է, որը փաստարկված չէ:

AM փաստաբանական գրասենյակի փաստաբան Լևոն Սահակյանը ևս հանդես եկավ իր դիրքորոշմամբ, որը վերաբերում էր իր պաշտպանյալներին մեղսագրվող արարքը նրանց կողմից կատարված չլինելուն․ «Պետք է դատարանը գար եզրահանգման, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով է հաստատվել Մուշեղ Ավետիսյանի, Էլեն Գրիգորյանի և Վրեժ Ասրյանի կողմից կատարված այն հանցանքի համար, թե իբր նրանք պատրաստել և օգտագործել են կեղծ փաստաթուղթ»:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Մուշեղ Ավետիսյանը և Նատալյա Չերնիկովան, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, Էլեն Գրիգորյանի և Վրեժ Ասրյանի օժանդակությամբ փորձել են պատասխանատվությունից ազատել կամ որևէ ձևով օգտակար լինել իրավապահ մարմինների կողմից բռնված Վազգեն Պողոսյանին և Վահագն Վերմիշյանին․ «Պետք է նշեմ,  տվյալ վարկածը չի հաստատվում նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարող ապացույցների բավարար ամբողջականությամբ, այն որ այդ ստացականները եղել են հետին ամսաթվով կամ հաշիվ-ապրանքագիրը եղել է կեղծ, այս հանգամանքներին վերաբերելի միակ ապացույցը եղել է բացառապես Մուշեղ Ավետիսյանի, Վրեժ Ասրյանի և Էլեն Գրիգորյանի ցուցմունքները»:

Փաստաբանի պնդմամբ՝ չի եղել դեպք, որ որևէ մեկը հայտնած լինի Վազգեն Պողոսյանին կամ Վահագն Վերմիշյանին օգտակար լինելու մասին․ «Էլեն Գրիգորյանը և Վրեժ Ասրյանը երևի պարոն Վերմիշյանին ընդհանրապես չեն ճանաչել, ուր մնաց՝ այդ դիտավորության մասին տեղյակ լինեն և որպես հանցակից հանդես գան: Եթե մինչև անգամ  դատարանը եկել է եզրահանգման, որ նրանք համատեղ պատրաստել են  հետին ամսաթվով ստացական կամ այլ փաստաթուղթ, ապա միևնույն է վերջիններս չեն կարող մեղավոր ճանաչվել իրենց մեղսագրվող հանցանքի մեջ»:

Նա նշեց նաև, որ Առաջին ատյանի դատարանը աննախադեպ եզրահանգման է եկել՝ այդ ապացույցները համարելով «կիսաթույլատրելի»․ «Դատարանը եկել է եզրահանգման, որ Մուշեղ Ավետիսյանի, Էլեն Գրիգորյանի և Վրեժ Ասրյանի կողմից տրված ցուցմունքները հակասում են Գերմանիայի նախադեպային որոշմանը»:

Դատապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը առաջարկեց քննարկել իր միջնորդությունը։ Նա նույնպես պնդեց․ վկաները հարցաքննվել են, Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը պետք է փոխվի․ «Մեր միջնորդությունը վերաբերում է կալանքը գրավով փոխարինելուն»։

Փաստաբանն առաջարկում էր կալանքը փոխարինել 20 միլիոն դրամ գրավով՝ հաշվի առնելով անձի սոցիալական վիճակը․ «Վահագն Վերմիշյանի և իր մերձավոր ազգականների ամբողջ հաշիվները, գույքային այլ ակտիվները գտնվում են կալանքի տակ, և այս 20 միլիոն դրամ վճարելը Վահագն Վերմիշյանի համար չափազանց ծանր բեռ է, բայց մենք այլընտրանք չունենք․ «Օրը գալու է, ես փաստաբան չեմ լինելու, հարգելի մեղադրողը չի լինելու մեղադրող, դուք չեք լինելու դատարան, բայց մնալու է ժառանգությունը, մնալու է որոշումը, ի վերջո Վահագն Վերմիշյանը ինչի՞ մնաց կալանքի տակ 4 տարի»:

Դատախազ Ծովակ Մնացականյանը ի պատասխան նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից խափանման միջոցի հարցին անդրադառնալուց հետո նոր էական փաստական հանգամանքներ ի հայտ չեն եկել։

«Հատկապես պետք է ուշադրության արժանանա այն հանգամանքը, որ մենք խնդիր կարող ենք ունենալ մեղադրյալ վրա դրված պարտականությունների պատշաճ կատարման հետ», – նշեց դատախազը:

Այսպիսով, Ալեքսանդր Կոչուբաևն առաջարկեց Վահագն Վերմիշյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, իսկ անհրաժեշտության դեպքում, դրա հետ միասին կիրառել նաև «տնային կալանք» խափանման միջոցը։

Կոչուբաևն առաջարկեց նաև, անհրաժեշտության դեպքում, Վերմիշյանին արգելել տեսակցություններ ունենալ՝ բացառությամբ իր պաշտպանի և մերձավոր ազգականների, նաև սահմանափակել հեռախոսային խոսակցությունների իրավունքը:

«2 նոր թոռնիկ եմ ունեցել, ուզում եմ ամեն օր նրանց գլխից հոտ քաշել»,-ավելացրեց Վերմիշյանը։

Դատարանը հաշվի առնելով պաշտպանի կողմից բարձրացված հարցերը, փաստական հանգամանքները ուսումնասիրելու անհրաժեշտությունը, նիստը հետաձգեց: Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մարտի 4-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել