Հակակոռուպցիոն դատարանում փետրվարի 12-ին տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը բռնագանձման ենթակա անշարժ գույքերի գնահատման հետ կապված գրավոր ապացույցներ, որոնք դատավոր Կարապետ Բադալյանը համարեց թույլատրելի։
Այնուհետև Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչներ Ինգա Սարաֆյանը և Արմեն Մելքումյանը 4 միջնորդություններ ներկայացրին դատարանին, որոնցից մեկը վերաբերում էր անշարժ գույքի գնահատման եզրակացության մեջ ենթադրյալ անճշտությանը։ Պատասխանողների ներկայացուցիչները միջնորդեցին եզրակացությունը ներկայացրած փորձագետին հարցաքննել դատարանում։ Դատախազը նշեց, որ դեմ չէ ներկայացված միջնորդությանը։ Դատարանը բավարարեց այն։
Պատասխանող կողմի հաջորդ միջնորդությունը ապացույց պահանջելուն էր վերաբերում։ Ինգա Սարաֆյանը նշեց, որ Վահագն Վերմիշյանի եկամուտների, բանկային հաշիվների, շահաբաժինների և այլ ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՌԴ-ում գտնվող իրենց գործընկերոջ միջոցով հարցումներ են կատարել ՌԴ պետական մարմիններին, ՏԻՄ-երին, բանկերին և այլ կազմակերպություններին։
Հարցումները սակայն արդյունք չեն տրամադրվել՝ հարկային գաղտնիք հանդիսանալու ուժով․ «Հարկային մարմինները կարող են հարկ վճարողի մասին պահանջվող տեղեկատվությունը վարույթում գտնվող գործով դատական մարմիններին փոխանցել՝ պատճառաբանված հարցման հիման վրա»։
Փաստաբանը խնդրեց դատարանին Վահագն Վերմիշյանի կողմից ՌԴ-ում ստացված դրամական միջոցների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությունից համապատասխան տվյալներ պահանջել։
Կարապետ Բադալյանը փորձեց պարզել, թե ինչու հարցումները Վահագն Վերմիշյանի անունից չեն արվել։
Արմեն Մելքումյանը պարզաբանեց․ ՌԴ-ում գտնվող փաստաբանին լիազորագիր տրամադրելու հարցն այժմ Վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարանում է, որտեղ քննվում է Վերմիշյանի գործը, իսկ նշված քրեական գործով մոտակա նիստը փետրվարի 29-ին է նշանակված։ Նշված միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի առանձին դատական ակտով։
Հիշեցնենք՝ նախորդ նիստերից մեկի ընթացքում դատախազը նշել է, որ այս գործով որևէ միջազգային հարցում չի կատարվել, չնայած նրան, որ Վերմիշյանն իր գործունեությունը ծավալել է ՀՀ սահմաններից դուրս, տարբեր երկրներում։
3-րդ միջնորդությունը վերաբերում էր պատասխանող կողմի ներկայացրած փաստաթղթերն ու էլեկտրոնային նյութերն ընդունելուն և հետազոտելուն, պատասխանողի վրա դրված ապացուցման պարտականությունն ապացուցելու նպատակով դրանք վերաբերելի և թույլատրելի ճանաչելուն։
«Նշված գործով ներկայացված փաստաթղթերը ՀՀ-ում հասանելի դառնալու և անհրաժեշտության դեպքում դրանց պատշաճ թարգմանությունն ապահովելու դեպքում դրանք անհապաղ կներկայացվեն դատարանին, ուստի այս մասով խնդրում ենք լրացուցիչ ժամանակ տրամադրել պատասխանողների եկամուտների վերաբերյալ պատշաճ ապացույցները ձեռք բերելու համար, իսկ դրանց ձեռքբերումից հետո դրանք ընդունել որպես վերաբերելի և թույլատրելի ապացույցներ»,-նշեց Ինգա Սարաֆյանը։
Կողմը ներկայացվել է հետևյալ փաստերը․
- rusprofile.ru կայքում պատասխանողներից Վահագն Վերմիշյանի անվամբ կատարված որոնման արդյունքում ստացված տեղեկատվության հայերեն թարգմանությունը․
- rusprofile.ru կայքում պատասխանողներից Վահագն Վերմիշյանի 50 տոկոս բաժնեմասի մասնակցությամբ հիմնադրված և 17․10․2005-16․09․2021 թթ․ ժամանակահատվածում գործունեություն ծավալած «Վեկ Պրոեկտ» ՍՊԸ-ի վերաբերյալ առկա տեղեկատվության քաղվածքի թարգմանությունը․
- rusprofile.ru կայքում պատասխանողներից Վահագն Վերմիշյանի 50 տոկոս բաժնեմասի մասնակցությամբ հիմնադրված և 28․12․2005-28․05․2020 թթ․ ժամանակահատվածում գործունեություն ծավալած «Վեկ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի վերաբերյալ առկա տեղեկատվության քաղվածքի թարգմանությունը․
- 27․07․2016թ․ պատասխանողներից Մարգարիտ Զոհրաբի Վերմիշյանի և Բաշտաեւ Բեկ Սաիդ-Բեկովիչի միջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հայրեն թարգմանությունը,
- Մարգարիտ Զոհրաբի Վերմիշյանի Ագբորենկո Էգբեի հետ 23․01․2007 թվականին կնքված բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը․
- 31․05․2019 թվականին Մարգարիտ Զոհրաբի Վերմիշյանի և Լյուդմիլա Վդովինայի միջև կնքված բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի հայերեն թարգմանությունը,
- 15․11․2010 թվականին Վահագն Վերմիշյանի, Զոհրաբ Մարդոյանի, որպես վաճառողներ, և Գալինա Կուզնեցովայի, որպես գնորդ, միջև կնքված Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի թարգմանությունը,
- 13․06․2006 թվականին «Վեկ Պրոեկտ» ՍՊԸ-ի և «Սլովացկի Դոմ» ՍՊԸ-ի միջև կնքված կապալի պայմանագրի և դրա կատարողական ակտերի թարգմանության պատճենները
- «Վեկ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից 18․06․2010 թվականին տրված տեղեկանքի թարգմանությունը,
- Սլովենիայի Հանրապետությունում գրանցված «Վեկեվրո» ՍՊԸ, միջազգային ճարտարապետական գրասենյակ» ընկերության վերաբերյալ իրավաբանական անձանց գրանցամատյանից արված քաղվածքը․
- Պատասխանողներից Վահագն Վերմիշյանին նվիրված՝ Շանթ ԹիՎի հեռուստաալիքի յութուբյան էջից ձայնագրված՝ «Աշխարհի հայերը» հաղորդաշարի 09․10․2016 թվականի թողարկումը և ինչպես նաև Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի կողմից հեռարձակվող «Մերոնք» հաղորդաշարի 08․01․2018 թվականի թողարկումը պարունակող լազերային սկավառակը,
- 11․01․2024 թվականին ստացվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի դաշնային հարկային ծառայության թիվ 05-33/007555@ պատասխանի թարգմանությունը․
- Պատասխանող կողմի ներկայացուցիչների կողմից էլեկտրոնային ստորագրությամբ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարան թիվ ԵԴ/0083/01/21 քրեական գործով 28․12․2023 թվականին ուղարկված միջնորդությունը՝ կից լիազորագրի նախագծով և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարան ուղարկված լինելը հավաստող էլեկտրոնային նամակի արտատպումով․
- 21․12․2023 թվականին ՌԴ «Կոլլեգի» Փաստաբանների Կոլեգիա Ոչ Առեվտրային Կազմակերպության փաստաբան Նարինե Ալեքսանդրի Կոստանյանցին՝ հասցեագրված փոխօգնություն հայցվելու վերաբերյալ դիմումը․
- ՌԴ «Կոլլեգի» Փաստաբանների Կոլեգիա Ոչ Առեվտրային Կազմակերպության փաստաբան Նարինե Ալեքսանդրի Կոստանյանցի կողմից ՌԴ Սանկտ Պետերբուրգի դաշնային հարկային ծառայության, Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայություն և Դաշնային հարկային ծառայության Օրյոլի մարզի Օրյոլ քաղաքի թիվ 1 առանձնացված ստորաբաժանում ուղարկված հարցումների հայերեն թարգմանությունները։
Նախագահող դատավորը թույլատերց ներկայացված փաստաթղթերը որպես գրավոր ապացույցներ։
4-րդ և վերջին միջնորդությունը վերաբերում էր գործով փորձաքննություն նշանակելուն, որի շրջանակներում փորձագետին պատասխանող կողմն առաջարկում է առաջադրել հետևյալ հարցերը․
- Գործով հայցի ներկայացման պահի՝ 2023-ի մայիսի դրությամբ, որքա՞ն է կազմում Լոռու մարզի, համայնք Ստեփանավան, Ստեփանավան ք․ Թելմանի փողոց հողամասի միջին շուկայական արժեքը․
- Գործով հայցի ներկայացման պահի՝ 2023-ի մայիսի դրությամբ, որքա՞ն է կազմում Լոռու մարզ, ք․Ստեփանավան Թելմանի 2ա հողատարածքի միջին շուկայական արժեքը․
- Գործով հայցի ներկայացման պահի՝ 2023-ի մայիսի դրությամբ, որքա՞ն է կազմում Լոռու մարզի, համայնք Լոռի Բերդ, գյուղ Ագարակ հողամասի շուկայական արժեքը։
Նշված միջնորդության վերաբերյալ որոշումը կընդունվի առանձին դատական ակտի ձևով։ Այսպիսով, նշված միջնորդությունների քննությունից հետո նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործն այժմ քննվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարանում։
Չնայած առաջադրված մեղադրանքների, փաստաբանները պնդում են, որ Վահագն Վերմիշյանն անմեղ է և Վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական դատարանից ակնկալում են արդարացման որոշում բոլոր դրվագներով։