Հացի խնդիրը, միգրացիան ու վերադարձի ճանապարհը

Հիշում եմ, թե ինչպես մտերիմ ընկերուհուս` Աննայի ընտանիքը որոշեց մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Սկզբում դժվար էր բաժանվել հավատարիմ ընկերուհուց, բայց նրանց այն լավատեսությունը, թե Ռուսաստանում աշխատելով կկարողանան լավ ապրել, սփոփում էր ինձ: Աննայի մանկահասակ քույրը մեկնելու ժամանակ որոշել էր իր հետ վերցնել տանը մնացած ամբողջ հացն այն տրամաբանությամբ, որ Ռուսաստանում սոված չմնա առժամանակ: Հայրն ու մայրը միաբերան հավաստիացրել ու հանգստացրել էին երեխային` այնտեղ հաց շատ կա …Նրանք մեկնեցին:

Մարդիկ ամեն ինչ անում են ապրելու համար այն երկրներում, որտեղ կյանքի համար պայմաններն ավելի լավ են. միգրացիան` մարդկանց մշտական բնակավայրից տեղաշարժը նույն երկրի այլ տարածաշրջան կամ այլ երկիր, բնական ու համամարդկային երևույթ է: Այն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ այլ երկրում աշխատանք գտնելու արդյունքում մարդկանց, ընտանիքների սոցիալական վիճակն է բարելավում, աշխատած գումարներն ուղղվում են Հայաստան: Բացասական է այն առումով, որ իմիգրացիայի արդյունքում ժողովրդագրական խնդիր ենք ունենում, հաճախ ընտանիքներ են քայքայվում, բարձր աշխատավարձով աշխատելու համար ուղեղների արտահոսք է սկսվում, ինչն էլ հանգեցնում է Հայաստանում լավագույն մասնագետների պակասին:

«Եթե մինչև 2007 թվականը Հայաստանից մեկնում էր հիմնականում ցածր որակավորում ունեցող աշխատուժը` սոցիալական կարիքներից դրդված, ապա հիմա, հիմնվելով ոչ ուղղակի միգրացիային վերաբերող մեր վերջին հետազոտությունների վրա, կհանդգնեմ ենթադրել, որ իրավիճակը մի քիչ փոխված կլինի: Այն առումով, որ բարձր որակավորում ունեցող անձանց թիվը միգրանտների մեջ ավելացած կլինի: Նրանք մեկնում են ոչ թե աշխատանք գտնելու, այլ աշխատանքի համար ավելի բարձր վարձատրվելու»,- Իրավաբան.net-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նշենք, որ Հիմնադրամն աշխատում է կառավարության հետ միգրացիոն քաղաքականության մշակման ուղղությամբ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալներով` 2013 թվականի սեպտեմբերի դրությամբ օդային, ավտոմոբիլային, երթուղային տրանսպորտով Հայաստանից մեկնել է 1.602.041 մարդ, ժամանել` 1.449.118: 2013թ-ի առաջին կիսամյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21,1 հազարով կամ 28,6 %-ով և կազմել -95,0 հազար մարդ:

Երկրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 57,9 հազար մարդ, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 45,8 հազարի դիմաց:

Միգրացիան կանգնեցնել, արգելել հնարավոր չէ: Անձի ազատ տեղաշարժի իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը:
«Մեր քաղաքականությունն ավելի շատ պետք է ուղղված լինի միգրացիան կառավարելուն, քան կանգնեցնելուն: Միգրացիոն հոսքերի կառավարումը շատ կարևոր է, քանի որ այն հնարավոր է դարձնել ցիկլիկ կամ շրջանառու: Ապահովել քո երկրից գնացած միգրանտների իրավունքների պաշտպանությունն այլ երկրում` փորձելով նրանց համար ստեղծել աշխատանքային ավելի բարվոք պայմաններ. պետական մակարդակով պայմանագրային աշխատատեղերով ապահովել միգրանտներին»,- վստահ է Գարիկ Հայրապետյանը: Միգրացիոն հոսքերի կառավարման լավագույն ձևը միգրանտների և պետության միջև կապը պահպանելն է, ինչն այսօր առկա չէ:

Միգրանտների ծագման երկրներում վերաինտեգրման աջակցության ցուցաբերումը կայուն վերադարձ ապահովելու կարևոր տարրերից է: 1993 թվականից Միգրացիայի Միջազգային կազմակերպությունը Երևանում հիմնադրել է իր գրասենյակը: Վերադարձողներին տրամադրվող ՄՄԿ-ի օգնությունը բազմազան է. այն ներառում է մինչև վերադարձը տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություն, կամավոր վերադարձի կազմակերպում, ինչպես նաև սխեմաներ, որոնք ներառում են Հայաստան վերադառնալուն պես վերաինտեգրման երկարաժամկետ օգնության տրամադրում և միգրանտների տնտեսական կենսունակության ապահովում:

2011 թ. hունվարից 2013թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում ՄՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել 489 վերադարձողների՝ սպասարկելով ընդհանուր առմամբ 307 դեպք (ընտանիք):

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանն Իրավաբան.net-ին հայտնեց, որ 2010թ-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում «Միգրացիոն ռեսուրս կենտրոն» է հիմնվել Էրեբունի-Նուբարաշեն համայնքի զբաղվածության տարածքային կենտրոնում: Այժմ այդ կենտրոնները 7 են և հիմնական նպատակն է աշխատանքային միգրանտներին անհրաժեշտ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև վերադարձող միգրանտներին աշխատաշուկայում ինտեգրման գործում աջակցելը:

«2011-2013թթ-ի ընթացքում զբաղվածության տարածքային և մարզային կենտրոններում գործող թվով 7 միգրացիոն ռեսուրս կենտրոնների կողմից խորհրդատվություն և տեղեկատվություն է տրամադրվել 2297 շահառուի, որից 1108 միգրանտներ/մեկնողներ են եղել, 354-ը` վերադարձածներ, մնացածը` ընթացիկ խորհրդատվություն ստացողներ»,- հայտնեց Ցողիկ Բեժանյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով` Հայաստանում ավելի շատ խոսում եմ միգրացիայի, քան վերաինտեգրման մասին. «Իմիգրացիան բավականին մտահոգիչ է Հայաստանի համար, քանի որ մենք ունենք բավական լուրջ ժողովրդագրական խնդիր: Որպեսզի այս ամեն ինչը կարողանանք մեղմել, իսկապես, պետք է առաջնահերթություն տանք այս խնդրին, լուրջ առաջնահերթություն և ոչ թե միայն խոսենք այդ մասին»:

Թե հիմնականում ո՞ր երկրներից են վերադառնում Հայաստան, վերադարձածների քանի՞ տոկոսն է մշտական բնակության համար գալիս և ի՞նչ դրդապատճառներով, կիմանանք առաջիկայում. Կառավարության պատվերով հետազոտություն է իրականացվում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ դաշտային աշխատանքներն արդեն ավարտվել են, հիմա մշակման փուլում է: Տեղեկացնենք, որ Հայաստանի արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտություն վերջին անգամ իրականացվել է 2007-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Հայաստանում գործում է Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն, որը մշակում և իրականացնում է միգրացիայի բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։
2009 թվականին հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգում նշվում է.

«Հայաստանի ներկայիս միգրացիոն իրավիճակն ընդհանուր առմամբ մնում է բարդ: Դրա պատճառներն են. գործազրկության բարձր և արժանավայել գոյատևման համար եկամուտների ոչ բավարար մակարդակները, մարդու իրավունքների (քաղաքացիական, տնտեսական, քաղաքական և այլն), իրացման գործում առկա հիմնախնդիրները, ապագայի հանդեպ վստահության ու հավատի զգացման խաթարվածությունը, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների և տեմպերի ընդգծված տարածքային շեղվածությունները և այլն»:

«Երկիրը պետք է դարձնենք հմայիչ: Այդ առումով շատ մեծ գործ կա անելու և՛ հավատի առումով, և՛ սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման առումով, և՛ օրենքի գերակայության առումով: Մինչև սա չլինի, ինչքան էլ մենք միգրացիայի հարցերով զբաղվող գործակալություն կամ մարմին ստեղծենք, որը վերաինտեգրումը կփորձի լավագույնս իրականացնել, միևնույնն է, եթե չկա ցանկությունը` դժվար է լինելու»,- հավաստիացնում է Գարիկ Հայրապետյանը:

Ռուսաստանի Դաշնություն մեկնած մանկության տարիների ընկերուհուս ընտանիքը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան: Ավելի լավ կյանքով ապրելու ցանկությունը չէր իրականացել. այնտեղ ապրում էին այնպես, ինչպես ապրում էին Հայաստանում: Լավագույն տարբերակն այս պարագայում Հայաստան վերադառնալն էր…

Ընկերուհուս եղբայրն այժմ ծառայում է հայոց բանակում, իսկ  ընտանիքի բոլոր չափահաս անդամները Հայաստանում հիմա աշխատանք ունեն: Նրանք վայելում են հարազատների ու հայրենիքի հանդեպ տարիների ընթացքում կուտակած սերը:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել